Հայաստան

Մեծ Հայի Հիշատակին

Անգամ այնպիսի մեծություններ, ինչպիսիք Անդրանիկը, Նժդեհը, Քաջազնունին, Դրոն և մյուսները, որոնք անվիճելի հեղինակություններ էին, բայց ունեին իրենց քաղաքական կամ խմբային հակառակորդները, անվերապահ հարգում էին մեծ բանստեղծին։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ նա իսկական ժողովրդական իմաստուն էր, մեկը նրանցից որ ճանաչում է հասարակ մարդուն, բայց ճանաչելուց հետո չի զզվում, չի արհամարհում նրան, այլ փորձում է վեր բարձրացնել, կրթել։

Արայիկ Մկրտումյան

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Բանաստեղծ և հասարակական գործիչ, ժողովրդական պարզ ու միաժամանակ խորը իմաստության կրող հայ մարդ, ով իր գործունեությամբ ոչ միայն ընդունվեց բոլորի կողմից որպես «ամենայն հայոց բանաստեղծ», այլև մի ողջ դարաշրջան ամբողջացրեց, դարձավ դրա խորհրդանիշը, կրողը, առաջ տանողը։ Մարդ, ով դարձավ հայի խորհրդանշական կերպարներից մեկը։
Հովհաննես Թումանյանն այն բացառիկ հայերից է ում մասին կարելի է անվերջ խոսել, ում գործերը երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը, ում գործունեությունը զարմացնում ու հիացնում է միաժամանակ։ Թումանյանը ոչ թե պարզապես բանաստեղծ էր, ոչ թե ուղղակի գրող էր, այլ «մտավորական» բառի լիակատար խորհրդանիշ։ Թումանյանն ապրում էր ժողովրդով, կիսում նրա ուրախությունն ու վիշտը, զգում ու փոխանցում այդ ամենը։ Թումանյանը ոչ թե բառերով էր սիրում իր ժողովրդին, այլ իր ողջ էությամբ։ Իր կյանքն ու իր գործունեությունը ամբողջովին դրա վառ ապացույցն են։ Թումանյանին կարելի էր տեսել ամենուր՝ գրական քննարկմանը, հասարակական դաշտում գործելիս, հա-թաթարական զինված բախումները դադարեցնելու փորձերի ժամանակ, կարելի էր տեսնել Էջմիածնում հայ որբերին խնամելիս, փողոցում ինչ որ անծանոթ մարդուն օգնության շտապելիս ու անգամ Նիկոլայ 2-ի հայահալած քաղաքականության կեղծ դատարավարության՝ «Դաշնակցության Գործի» շրջանակներում որպես մեղադրյալ։
Թումանյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև հայ բանաստեղծ էր։ Թումանյանը ոչ թե տառապում էր ինչ որ տեսիլքների համար, ոչ թե իր անձնական զգացմունքները հանգավորում ու փաթաթում այլոց վզին, այլ զգում ու վերարտադրում էր այն, ինչը զգում ու վերարտադրում էր ժողովուրդը; Ժողովրդի ծոցից ելած բանաստեղծը երբեք արհամարհանքով կամ ատելությամբ չխոսեց իրեն ծնած ժողովրդի մասին։ Թումանյանը իր համար հավաքական թիրախ չառանձնացրեց ու սկսեց հայհոյել ու անիծել, Թումանյանը, ասես այդ ժողովրդի ծնող, խնամեց, փայփայեց ու պաշտպանեց, կրթեց նրան։ Արեց այն ամենը, ինչ կարող է անել մեկ մարդը։ Թումանյանը իր գործերում ցույց տվեց ժողովրդի իմաստությունը, բարությունը, մեծությունը, ինչպես նաև չմեղանչեց արդարության առաջ ու ցույց տվեց նրա թերությունները, մեղքերը, վրիպումները։ Ու Թումանյանն ընդունվեց բոլորի կողմից։ Առաջին հերթին, որոպես նա անկեղծ էր ու իրական։ Ու ժողովուրդը, ինչքան էլ որ անգետ լիներ վեհ բառերին, ու գուցե նաև այդ պատճառով, բնազդով զգաց Բանաստեղծից եկող հայրական ջերմությունն ու անկեղծ հոգատարությունը։
Նուրբ կազմվածքով հմայիչ բանաստեղծը վայելել է գրեթե բոլորի հարգանքը, անկեղծ սերը։ Նրան հարգել են քաղաքական ու ռազմական գործիչները, ընդունել են իրար ատող կուսակցականները, մեծարել են իր ժամանակի գրողներն ու մտավորականները։ Թումանյանի բացառիկ տաղանդը նրան թույլ է տվել բանաստեղծից դառնալու հայ բանաստեղծ, հասարակական գործչից՝ ազգային գործիչ։ Ազգային, ոչ թե պարզապես կուսակցական կամ նեղ-խմբային։
Ողջ Արևելյան Հայաստանում հավանաբար չկար մեկ ուրիշը, ում ժողովուրդն այդպես անվերապահ ընդուներ ու սիրեր։ Անգամ այնպիսի մեծություններ, ինչպիսիք Անդրանիկը, Նժդեհը, Քաջազնունին, Դրոն և մյուսները, որոնք անվիճելի հեղինակություններ էին, բայց ունեին իրենց քաղաքական կամ խմբային հակառակորդները, անվերապահ հարգում էին մեծ բանստեղծին։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ նա իսկական ժողովրդական իմաստուն էր, մեկը նրանցից որ ճանաչում է հասարակ մարդուն, բայց ճանաչելուց հետո չի զզվում, չի արհամարհում նրան, այլ փորձում է վեր բարձրացնել, կրթել։ Որովհետև Թումանյանն ինքը շատ լավ էր հասկանում կրթության կարևորությունը, հասկանում էր, որ տգիտությունը սարսափելի արատ է, որ կարող է կործանել անգամ ամենից անմեղ ու լավ մարդուն։ Տգիտությունն այն հրեշն է, որը ծամում է մարդու հոգին, այնտեղ միայն չհասկացող տառապանք լցնում ու դրդում հանցանքի։ Թումանյանը մերկ գույներով դա նկարագրում է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։
Թումանյանը, ինչպես և ցանկացած մեծություն, սիրվեց հասարակ ժողովրդի կողմից, բայց շատ հարցերով մնաց անհասկանալի։ «Ամենագետ Օհանեսին» հավատում էին, սիրում էին, պատվում էին, բայց երբեմն էլ ամենակարևորը չէին հասկանում։ Թումանյանը պարզապես սրտաճմլիկ տողեր չէր գրում։ Նա իր գործերում, ասես կոդավորած ցույց էր տալիս պատճառ-հետևանք կապը։ Ցույց էր տալիս, թե ինչպես են հանրաճանաչ ախտերը իրենց անդառնալի հետևանքը թողնում։
Թումանյանի ցնցող գործերից «Գիքորը» թերևս բանաստեղծի ամենից քիչ հասկացվածներից է։ Թումանյանն այդ գործով պարզապես դառը իրականությունը չէ, որ ցույց է տալիս։ Նա բազազ Արտեմի, խեղճ Համբոյի ու միամիտ Գիքորի կերպարներով է ցույց տալիս այն, ինչի մեջ գտնվում ենք ու այն, ինչից պետք է խուսափել։ Թումանյան ցույց է տալիս, թե Համբոն ու Գիքորը ինչ ճակատագիր են ունենում, նա զգուշացնում է, բայց մենք հաճախ դա ընկալում ենք որպես դրամատիկ գործ ու ընդունում ենք այն միայն զգացական առումներով։
Ամենևին հնարավոր չէ առանձնացնել Թումանյանի որևէ գործ ու ասել, որ սա ամենալավն է։ Իր բոլոր գործերը «թումանյանական են», ժողովրդից վերցված իմաստություններ ու ժողովրդին վերադարձված։
Ժողովրդին ճանաչելով ու նրան սիրելով, Թումանյանը հեգնում էր իր ժամանակի «ըմբոստ» գրողներին ու բանաստեղծներին, ասելով, որ «մեր բանաստեղծները իրենց ոտքի տակ մեռնող գյուղացուն չեն տեսնում, բայց գերադասում են տանջվել Արարատի լանջերի ձյան համար»։ Թումանյանը մերժում էր այդ կեղծիքը։ Բայց նա նաև կարող էր արդարորեն զայրանալ ու նույնիսկ նախատել իր իսկ պաշտելի ժողովրդին, երբ դառնացած ասում էր, որ «այդպես էլ ազգ չդարձանք, մնացինք խալխ»։
Բայց ի՞նչ կարող էր անել Թումանյանը։ Ի՞նչ աներ շատ բարի ու տաղանդավոր բանաստեղծը, երբ համաշխարհային պատերազմ էր, երբ թվացյալ կարգ ու կանոնը մի կողմ էր դրվել ու ազգերը միմյանց սրի էին քաշում։ Ու թեև հիվանդ, թեև հյուծված, բայց Թումանյանը բանաստեղծորեն տառապելու ժամանակ չուներ։ Նա առավոտից իրիկուն բծավոր տիֆով հիվանդ որբ գաղթական երեխաների հետ էր։ Դա այն ժամանակներն էին, երբ մարդիկ մահանում էին հազարներով, երբ դիակառքերը ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ դիեր էին տեղափոխում ու թաղում, երբ շատերը վախենում էին անգամ մոտ գնալ այդ մարդկանց ու երեխաներին, Թումանյանը ողջ օրը նրանց հետ էր, միայն թե հնարավոր լիներ թեկուզ դույզ ինչ թեթևացնել նրանց ցավը։
Թումանյանի, բոլորին օգնելու, այդ առաքելական շնորհը նրան ուղեկցեց ողջ կյանքում։ Անկախ նրանից, թե ով էր, ինչ հարց էրԼ Մարդ է, ուրեմն պետք է օգնել։ Նման քանի՞ հոգու գիտեք։
Հայ արձակի տաղանդավոր ներակայացուցիչ Ստեփան Զորյանն իր հուշերում գրում էր, որ Թումանյանին հաճախ կարելի էր տեսնել շտապ ինչ որ տեղ գնալիս ու հաճախ պարզվում էր, որ ինչ որ անծանոթ մարդու համար է գնում, ում նույնիսկ չի էլ ճանաչել։ Հերթական անգամ, երբ Զորյանը հանդիպում էր Թումանյանին փողոցոով գրեթե վազքով գնալիս, ողջունում է ու հարցնում, թե էսպես ո՞ւր է գնում։ Թումանյանն էլ թե․
-Բա այ ախպեր, մի կին եկավ, թե բա էսպես ու էսպես, մարդուս բռնել են, տես թե մի ճար կարողանում ես, արա։
Այսպիսինն էր Թումանյանը։
Անդրանիկ Օզանյանը, երբ նրա հետ քեֆի ժամանակ նրա կենացն էր խմում, միանգամայն մարգարեորեն ասել էր, որ կգա ժամանակ, երբ ոչ Անդրանիկին կհիշեն, ոչ նրա քաջագործությունները, ոչ մի բան, բայց Թումանյանի «Շունն ու կատուն» միշտ կհիշեն։
Մեծ բանաստեղծը պայքարել է նաև ցարական քաղաքականության համար, ՀՅԴ գործիչների հետ մեկտեղ դատապարտվել, իր անձնական հեղինակությամբ կարողացել դադարեցնել միմյանց մորթող հայ ու թաթար մի քանի գյուղերի բնակիչների։ Երբ Օհանեսն էր խոսում, մյուսները լռում էին։ Թումանյանը չլռեց անգամ բոլշևիկյան սարսափի տարիներին։ Նա էլի շարունակեց մնալ այն Թումայանը, որին ճանաչում էին հասարակ մարդիկ։
Մեծ մարդու վիշտը ևս մեծ է։ Բանաստեղծի որդիները հերթով զոհվեցին ու սպանվեցին։ Նրա զավակների մի մասը զոհ գնաց թուրքերին, մի մասը՝ բոլշևիկներին։ Կորցրած անկախությունը, պետությունը, զավակներին, առողջությունը Թումանյանը մահացավ 1923թ մարտի 23-ին՝ հավերժանալով իր սիրած ժողովրդի սրտում՝ որպես նրա մեծ ու խնամող հայր, որպես ամենայն հայոց բանաստեղծ։
Չարենցը ամենադիպուկն է բնորոշել Թումանյանին՝

Կա Մեծարենց, կա Տերյան, – եւ բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Այսօր մեր մեծության ու հպարտության խորհրդանիշներից մեկի՝ Թումանյանի ծննդյան օրն է։ Ինչպես նա՞ էր ասում․ «մի՞թե չենք կարող․․․․»

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *