Հայաստան

Ի՞նչ Են Ստիպում Խոսել Գերիներին

Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որն ստեղծվել է Ադրբեջանի կողմից հայերի հերթական ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով, կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական 7 շրջաններ։ Դա եղել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու միակ միջոցը։

Ռոբերտ Անանյան

Ադրբեջանը «23 հայերի դատավարությամբ» Հայաստանի դեմ ցուցմունքներ է կորզում Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից, որոնք գերեվարվել են 2023-ի սեպտեմբերին։ Բաքվի խոշտանգման, մահվան սպառնալիքի տակ գտնվող այս անձինք «դատարանում» հնչեցնում են Ալիևի ռեժիմի հրամցրած թեզերը, ինչի նպատակը Հայաստանին օկուպանտ հռչակելն է։ Ադրբեջանը խոշտանգման, հոգեներգործուն միջոցների կիրառման միջոցով այս «դատավարության» ժամանակ հարկադրում է Ղարաբաղի նախկին ղեկավարներին տալ ցուցմունքներ, որի նպատակն է Հայաստանի անվտանգության երաշխավորի դերակատարությունը ներկայացնեք իբրև օկուպացիայի դրսևորում։ Այս մասին եզրակացնում ենք օրինակ՝ մարտի 14-ի «դատավարության» մասին ադրբեջանական պետական մեդիաների հրապարակած տեղեկություններից։

Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ պատասխանելով դատախազ Վուսալ Աբդուլաևի հարցերին՝ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանն ասել է՝ Արցախի բյուջեն ձևավորվել է Հայաստանից ստացված միջոցների հաշվին։ Ըստ Սահակյանի՝ միջոցները տրամադրվել են տարեկան կտրվածքով։ Բակո Սահակյանը հայտնել է, որ թեև Հայաստանի կողմից հատկացված միջոցները անվանվել են անտոկոս վարկեր, սակայն դրանք երբեք չեն մարվել։ «Մենք 1991-2023 թվականներին Հայաստանից ուղարկված ոչ մի գումար չենք վերադարձրել, քանի որ դա անտրամաբանական կլիներ։ Մեր անձնական ռեսուրսները բավարար չէին մեր կարիքները բավարարելու համար»,- ասել է նա։

Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը նշել են, որ Արցախում արտադրված ապրանքները օտար երկրներին վաճառվում էին «Արտադրված է Հայաստանում» պիտակով։ Պատասխանելով հարցերին՝ նա ասել է, որ Արցախի պաշտպանության բանակը ենթարկվել է հայկական զինված ուժերին։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցերին ի պատասխան՝ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և այլ բարձր պաշտոնների նշանակումը կատարվել է Արցախի նախագահի կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարության թեկնածության հիման վրա։

Բակո Սահակյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք է բերվել Արցախ։ Հարցին, թե Արցախում ինչպես են վճարել զինծառայողների աշխատավարձերը, նա ասել է, որ բանակի հետ կապված ծախսեր չեն ունեցել, և զինվորական բոլոր ծախսերը, աշխատավարձերը ուղղակիորեն հատկացվել են Հայաստանի պետական ​​բյուջեից, և դա կապ չի ունեցել Արցախին հատկացված վարկերի հետ։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի բանկային համակարգը վերահսկվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և Արցախը չի ունեցել սեփական արժույթ և բանկային համակարգ։ Հարությունյանը նշել է՝ Հայաստանի քաղաքացիները կարող էին նշանակվել Արցախի Հանրապետության նախարարներ։ Խոսելով Արցախի պաշտպանության բանակի ֆինանսավորման մասին՝ նա ասել է. «Բանակի ֆինանսավորումը միանշանակ տրամադրվել է Հայաստանի կողմից։ Բանակը ֆինանսավորվել է Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեից։ Բացի այդ, բոլոր նշանակումները կատարվել են Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Պաշտպանության բանակի հրամանատարին անվանում էին նաև պաշտպանության նախարար»,- ասել է նա։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի բանակը համարվել է հայկական զինված ուժերի ստորաբաժանում։ «Բարձրագույն ռազմական գործիչը եղել է Հայաստանի գլխավոր շտաբի պետը թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարը մի շարք գործառույթներ է ունեցել նաև Հայաստանում։ Ես վստահ չեմ, թե ով ինչ լիազորություններ ուներ, բայց գլխավոր պատասխանատուն գլխավոր շտաբի պետն էր։ Ոչ միայն զենք-զինամթերքը, այլև բոլոր մատակարարումները կատարվել են Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից, այսինքն՝ ամեն ինչ»,- ասել է Հարությունյանը։ Նա խոսել է Գյանջա քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա հրթիռակոծության մասին. հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Արայիկ Հարությունյանն ասել է, որ այդ մասին տեղեկություն է ստացել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից։

«Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Գլխավոր շտաբից ասացին, որ զրուցեմ իրենց պետի հետ։ Առաջին փուլում ինձ տեղեկացրին Գյանջայի օդանավակայանի հրետակոծության մասին։ Դրանից հետո ես նրա հետ չեմ շփվել»։ Այսինքն, փորձ է արվում Գյանջայի հրթիռակոծության պատվիրատու դարձնել Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությանը, որպեսզի Հայաստանին առաջադրված մեղադրանքը «ևս մեկ փաստով համալրվի»։

Փետրվարի 27-ի նիստում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ցուցմունք է տվել Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, որ Հայաստանը հանդես է եկել որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավոր, նաև պատմել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում։ Արկադի Ղուկասյանն ասել է նաև, որ Արցախում վարձկաններ չեն եղել։ «Կար Պաշտպանության նախարարություն և հայկական բանակ, որը ֆինանսավորվում էր Հայաստանի Հանրապետության կողմից»։

Ղարաբաղի բանակի՝ Հայաստանի կողմից ֆինանսավորված լինելու պնդումը Ադրբեջանը կորզում է հայ գերիներից, որպեսզի հետագայում փորձի միջազգային դատական և քաղաքական ատյաններում դա ներկայացնի որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ապացույց։ Սակայն, Բաքվի «դատավարությունը» չի կարող համարվել լեգիտիմ դատական պրոցեդուրա, քանի որ այն կազմակերպվել է հայաֆոբ կառավարական ռեժիմի կողմից, որը հայատյացությունը դարձրել է պետական գաղափարախոսություն։

Ադրբեջանի՝ հայատյաց պետական քաղաքականության մասին փաստված է օրինակ՝ ԱՄՆ Պետքարտուղարության՝ նախորդ տարիների մարդու իրավունքների մասին զեկույցի Ադրբեջանի բաժնում։

Ղարաբաղյան կոնֆլիկտի 35-ամյա պատմության ողջ ընթացքում Ադրբեջանը փորձել է ապացուցել, որ Ղարաբաղն ու 7 շրջանները օկուպացվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ադրբեջանը պնդել է, որ Ղարաբաղի բանակն իրականում Հայաստանի բանակն է, այսինքն՝ իր տարածքները օկուպացրել է և օկուպացված է պահում Հայաստանը։ Մինչդեռ իրականությունն այն է, որ 90-ականներին ԽՍՀՄ-ի փլուզման շրջանում Ղարաբաղի հայերը Մոսկվայի առաջ բարձրացրել են իրենց ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ Ադրբեջանը փորձել է ռազմական ուժով լռեցնել Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանը պատերազմ է սկսել 150 000 հայ բնակչություն ունեցող հայկական անկլավի դեմ։ 1991-1994 թվականներին Ղարաբաղյան Առաջին պատերազմում Ադրբեջանը պարտվել է Ղարաբաղի հայերին։

Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որն ստեղծվել է Ադրբեջանի կողմից հայերի հերթական ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով, կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական 7 շրջաններ։ Դա եղել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու միակ միջոցը։ Հակառակ դեպքում՝ 1994-ի հրադադարը չէր կնքվի և պատերազմը չէր դադարեցվի։ Հրադադարը պահպանվել է 26 տարի։ Հետագա տարիներին, միջազգային հանրությունն ընդունել է, որ Ղարաբաղի 150 000 հայերը ունեն ինքնորոշման իրավունք։

Կոնֆլիկտի լուծման նպատակով միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ-ի միջոցով ստեղծել է Մինսկի խումբը, որը համանախագահել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը։ Համանախագահները պարբերաբար այցելել են Երևան, Բաքու, Ստեփանակերտ՝ ներկայացնելով կողմերին կոնֆլիկտի լուծման տարատեսակ պլաններ։ Բանակցային սեղանին տարածքային ամբողջականության սկզբունքի հետ մեկտեղ քննարկվել է նաև ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ Քննարկվել է հանրաքվեի, պլեբիսցիտի և այլ տարբերակներով Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Այսինքն, ինքնորոշման իրավունքը ճանաչվել է որպես լեգիտիմ իրավունք, որն ունեցել են Ղարաբաղի հայերը։

Չի անտեսվել նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, որով Ադրբեջանը փորձել է ՂՂարաբաղը պահել իր իրավազորության ներսում։ Հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչել է հենց Ադրբեջանը՝ համաձայնություն տալով բանակցել օրինակ՝ Մադրիդյան սկզբունքներով, որոնցից մեկն էլ ինքնորոշման իրավունքն է եղել։ Հիմա, Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի իրացման պրոցեսը ներկայացնել որպես Ադրբեջան պետության դեմ ահաբեկչություն, Ադրբեջանի դեմ պատերազմ, սեպառատիզմ։ Ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ բանակցությունը ներկայացվում է իբրև հանցագործություն։

Բաքվի «դատավարությունը» հենց այդ «հանցագործությունը» պատժելու մասին է։ Ղարաբաղի հայ ղեկավարները դատվում են Բաքվում՝ միջազգայնորեն իրենց հասանելի իրավունքն իրացնելու փորձերի համար։ Ի վերջո, Ադրբեջանն է 1994 թվականին ստորագրել հրադադարի փաստաթղթի տակ, ուր կար նաև Ղարաբաղի ղեկավարության ստորագրությունը։ Ադրբեջանը ճանաչել է Ղարաբաղի սուբյեկտայնությունը և տարիներ շարունակ բանակցել է նրա ներկայացուցիչների հետ։

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի մտել պատերազմի մեջ Ադրբեջանի դեմ, ինչպես Բաքվի «դատավարության» միջոցով փորձում է ապացուցել Ալիևը։ Նույնիսկ 1990-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում՝ Ղարաբաղի հայկական ուժերին է կոչ արվում դուրս գալ ադրբեջանական շրջաններից, և ոչ՝ Հայաստանի Հանրապետությանը։ Մինչդեռ, Ադրբեջանը նենգափոխում է ՄԱԿ ԱԽ-ի 4 որոշումները, ներկայացնելով, թե այն կոչ է եղել Հայաստանին զորքերը հեռացնել Ադրբեջանի տարածքներից։ Կոնֆլիկտը եղել է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև։

Իսկ Հայաստանը հանդես է եկել Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերում՝ նպատակ ունենալով թույլ չտալ Ղարաբաղի 150 000 հայերի ցեղասպանությունը։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի այս մտահոգությունը եղել է արդարացված։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Ղարաբաղին՝ վերահսկողության տակ վերցնելով հայկական անկլավը և էթնիկ զտման ենթարկելով բռնի տեղահանեց 150 000 հայերին։ Այսինքն, եթե 1994-ից ի վեր Հայաստանը չկատարեր Ղարաբաղի 150 000 հայերի անվտանգության երաշխավորի դերը, այս ցեղասպանական արարքը Ադրբեջանը կիրագործեր ավելի վաղ։

Ըստ էության, հնարավոր է եղել ցեղասպանությունը հետաձգել 35 տարի։ Եվ երբ Հայաստանը 2020 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հարկադրած 44-օրյա պատերազմի արդյունքում չի կարողացել այլևս անվտանգություն երաշխավորել, 3 տարի անց Ղարաբաղը օկուպացվել է, և հայերը բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից, ուր ապրել են հազարամյակներ շարունակ։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը վերջերս ասում էր, թե անհրաժեշտ է անցումային արդարադատության անցկացումը։ Եթե Ադրբեջանը կողմ է անաչառ անցումային արդարադատության անցկացմանը, ինչո՞ւ է Հայաստանից պահանջում հրաժարվել ՄԱԿ-ի արդարադատության դատարան ներկայացված ընդդեմ Ադրբեջանի հայցերից։ Այս հայցերով՝ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին հայերի դեմ էթնիկ հիմքով հայատյաց քաղաքականություն վարելու մեջ։ Արդբեջանը պետք է շահագրգիռ լիներ Արդարադատության միջազգային դատարանում պրոցեսի շարունակմամբ, քանի որ փաստերը կհետազոտվեին միջազգային դատավորների կողմից, և եթե հայատյացություն չկա, կապացուցվեր այդ հանգամանքը։

Արդբեջանը վստահ է, որ Հայաստանի առաջադրած մեղադրանքը կապացուցվի Արդարադատության միջազգային դատարանում, որի արդյունքում՝ կհաստատվի Ադրբեջանի հայատյաց և խտրական քաղաքականությունը։ Հակազդելու համար Արդարադատության միջազգային դատարանում ընթացող այս դատական պրոցեսին՝ Ալիևը կազմակերպել է Բաքվի «դատավարությունը», ուր խոշտանգումների և հոգեգործուն միջոցների կիրառմամբ, մահվան սպառնալիքներով Ղարաբաղի նախկին ղեկավարներին հարկադրում է ցուցմունքներ տալ Հայաստանի դեմ։

Ես վստահ եմ՝ Ադրբեջանը այս անձանց ցուցմունքները փորձելու է դարձնել ապացույցներ և միջազգային դատական, քաղաքական ատյաններում փորձելու է ներկայացնել որպես Հայաստանի՝ օկուպանտ լինելու ապացույց։ Բաքվի «դատավարության» միակ նպատակը Հայաստանի՝ օկուպանտ լինելու կեղծ թեզն ապացուցելն է՝ Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներից կորզված ցուցմունքների միջոցով։

Սա դատավարություն չէ, սա քաղաքական ագրեսիայի ակտ է Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ։ Հետևաբար, խոշտանգումների, մահվան սպառնալիքների ներքո Ղարաբաղի նախկին ղեկավարների հայտարարությունները, ցուցմունքները չեն կարող համարվել փաստեր։ Դրանք չեն կարող համարվել լեգիտիմ ապացույցներ՝ Հայաստանի կողմից օկուպացիայի մասին։ Դրանք ապացույց են այն բանի, որ Բաքվի բռնապետական ռեժիմը հայատյացությունը դարձրել է Ադրբեջանի պետական կրոն, պետական գաղափարախոսություն։

Ադրբեջանի կազմակերպած Բաքվի «դատավարությունը» ապացույց է, որ Ադրբեջանում հայերի գտնվելը վտանգում է այդ մարդկանց կյանքը։ Գերիների գլխին ատրճանակ է դրված և նրանք բանտում գտնվելիս չեն կարող բարձրաձայնել իրենց դեմ կիրառված խոշտանգման դրսևորումների մասին, չեն կարող այնտեղից ներկայացնել փաստեր։

Ադրբեջանի կազմակերպած «դատավարությունը» ապացույց է, որ Ալիևի ռեժիմը հայատյացությունը դարձրել է պետական քաղաքականություն։ Բաքվի «դատավարությունը» հայաֆոբիայի ամենացցուն ապացույցն է։ Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Բաքվի «դատավարությունը» որպես հայատյացության ապացույց՝ ներկայացնի Արդարադատության միջազգային դատարան։ Այս «դատավարության» կազմակերպումը անհրաժեշտ է օգտագործել հենց Ադրբեջանի դեմ։

Անհրաժեշտ է ևս մեկ փաստ ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջան պետության հայատյաց բնույթի, հայատյաց պետական քաղաքականության մասին։ Կարծում եմ՝ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի համատեքստում միջազգային հայցերից հրաժարումը փոխկապակցի Բաքվի «դատավարության» դադարեցման հետ։ Հայաստանը պետք է պնդի, որ միջազգային հայցերը փոխադարձաբար հետ վերցնելու դեպքում՝ պետք է կասեցվի նաև Բաքվի «դատավարությունը» և 23 հայերը պետք է վերադարձվեն Հայաստան։ Հակառակ պարագայում՝ Ադրբեջանը կարող է հասնել նրան, որ Հայաստանը միջազգային հայցերը հետ վերցնի, դադարեցվի Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի կարևորագույն հայցի քննությունը, որից հետո՝ Բաքվի «դատավարության» ժամանակ ի հայտ եկած «ապացույցներով» Բաքուն նոր իրավական պրոցես ձեռնարկի Հայաստանի դեմ՝ նրան մեղադրելով օկուպացիայի մեջ։ Ինչպես նշեցի, այս «դատավարությունը» անհրաժեշտ է օգտագործել հենց Ադրբեջանի դեմ։

Պետությունը պարտավոր է չափել, թե Ադրբեջանը ինչպես է պատրաստվում Հայաստանի դեմ տրված այս ցուցմունքներն օգտագործել միջազգային ատյաններում։ Անհրաժեշտ է հենց այսօրվանից հակաքայլեր ձեռնարկել՝ Բաքվի կեղծ «դատավարության» ժամանակ հնչեցված ցուցմունքների ազդեցությունը ՀՀ-ի դեմ չեզոքացնելու նպատակով։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *