21.4 C
Yerevan

Թրամփը «Կփրկի՞» Նաթանյա­հուին

Իսրա­յե­լի կառա­վա­րության իրա­զեկ աղբյուրը հայտնել է, որ վարչա­պետ Նաթանյա­հուն փորձե­լու է ԱՄՆ նախա­գա­հին համո­զել, որ ճնշում գործադրի Կատա­րի եւ Եգիպտո­սի նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն ՀԱՄԱՍ‑ի առաջնորդնե­րի վրա։

Վահրամ Աթա­նեսյան

Բայց Թրամփը «կփրկի՞» Նաթանյա­հուին
Բայց Թրամփը «կփրկի՞» Նաթանյա­հուին
Ապրի­լի 6‑ին Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նաթանյա­հուն ավարտել է Հունգա­րիա այցը եւ Բուդա­պեշտից ուղեւորվել Վաշինգտոն, որտեղ հաջորդ օրն իսրա­յե­լա­կան ժամա­նա­կով 20:00-ին պետք է սկսվի նրա հանդի­պումը Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Դոնալդ Թրամփի հետ: Նաթանյա­հուի գրա­սենյա­կի տարա­ծած հաղորդագրության համա­ձայն՝ բանակցություննե­րի օրա­կարգում պատանդնե­րի փոխա­նակման եւ Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատման, իրա­նա­կան սպառնա­լի­քի, Սիրիա­յում թուրքա­կան ազդե­ցության տարա­ծումից Իսրա­յե­լի անհանգստության, ինչպես նաեւ ԱՄՆ‑ի կողմից իսրա­յե­լա­կան ապրանքնե­րի ներմուծման նկատմամբ սահմանված մաքսա­տուրքի հետ կապված հարցերն են:

Ըստ տեղե­կություննե­րի, ամե­րիկյան կողմից հանդի­պա­մա­նը ներկա է գտնվե­լու նաեւ Մերձա­վոր Արեւելքի հարցե­րով ԱՄՆ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Ուիթկոֆը, ինչից իսրա­յելցի փորձա­գետնե­րը եզրա­կացնում են, որ բանակցություննե­րի առանցքա­յին թեման ՀԱՄԱՍ‑ի հետ «գործարքն է»: Ամե­րիկյան աղբյուրնե­րը հայտնել են, որ նախա­գահ Թրամփը ծրագրում է մայի­սի կեսե­րին այցե­լել Սաուդյան Արա­բիա: Բանակցություննե­րի հաջո­ղությունը պայմա­նա­վորված է Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատմամբ, ուստի, ինչպես իսրա­յե­լա­կան մամուլն է կանխա­տե­սում, Դոնալդ Թրամփը ձգտե­լու է Նաթանյա­հուից «առա­վե­լա­գույնը քամել»:

Իսրա­յե­լի կառա­վա­րության իրա­զեկ աղբյուրը հայտնել է, որ վարչա­պետ Նաթանյա­հուն փորձե­լու է ԱՄՆ նախա­գա­հին համո­զել, որ ճնշում գործադրի Կատա­րի եւ Եգիպտո­սի նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն ՀԱՄԱՍ‑ի առաջնորդնե­րի վրա: Իսրա­յե­լը Գազա­յի հատվա­ծում ռազմա­կան գործո­ղություննե­րը վերսկել է, երբ ՀԱՄԱՍ‑ը մերժել է հինգ պատանդի ազատ արձա­կել: Պաղեստինյան խմբա­վո­րումն իր հերթին պահանջում է, որ իսրա­յե­լա­կան զորքե­րը Գազա­յից դուրս բերվեն եւ հաստատվի ոչ թե ժամա­նա­կա­վոր, այլ տեւա­կան հրա­դա­դար:

Քանի որ Նաթանյա­հուի Վաշինգտոն այցի նախնա­կան ծրագրում նախա­տեսված չէ նրա հանդի­պումը Միացյալ Նահանգնե­րի ազգա­յին անվտանգության հարցե­րով գլխա­վոր խորհրդա­կա­նի եւ պաշտպա­նության նախա­րա­րի հետ, կարե­լի է ենթադրել, որ Իրա­նի դեմ ռազմա­կան գործո­ղություննե­րի հարցն առայժմ հիմնա­կան առաջնա­հերթություն չէ:

Իսրա­յե­լի վարչա­պե­տը Վաշինգտոն է մեկնել իր համար բավա­կան բարդ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում: Ընդդի­մությունը համա­ռո­րեն պահա­նա­ջում է ստեղծել ՀԱՄԱՍ‑ի հարձակման պատճառնե­րը հետաքննող պետա­կան հանձնա­ժո­ղով, Նաթանյա­հուն դատա­րա­նին ցուցմունքներ է տալիս իր դեմ հարուցված չորս քրեա­կան գործով, ոստի­կա­նությունը ձերբա­կա­լել է նրա խորհրդա­կա­նին եւ մամուլի նախկին քարտուղա­րին, ՇԱԲԱԿ‑ի տնօ­րեն Ռոնեն Բարը վիճարկում է իրեն պաշտո­նազրկե­լու մասին որո­շումը, տասնյակ հազա­րա­վոր քաղա­քա­ցի­ներ պահանջում են պատանդնե­րի վերա­դարձ եւ անվտանգության երաշխիքներ:

Հատկանշա­կան է, որ Նաթանյա­հուի Վաշինգտոն ուղեւորվե­լու օրը Գազա­յից Իսրա­յե­լի հարա­վա­յին շրջաննե­րի ուղղությամբ ավե­լի քան տասը հրթիռ է արձակվել: Բանա­կի տարա­ծած հաղորդագրության համա­ձայն՝ հինգ հրթիռ ոչնչացվել է, տասնյակ մարդիկ վիրա­վորվել են: Ավե­լի կարեւո­րը ՀԱՄԱՍ‑ի կողմից հրթի­ռա­կո­ծության պատասխա­նատվությունն ստանձնե­լու մասին հայտա­րա­րությունն է: Ակնհայտ է, որ պաղեստինյան խմբա­վո­րումը հետապնդում է ներիսրա­յե­լա­կան լարվա­ծությունը սրե­լու նպա­տակ:

Ընդ որում, ենթա­տեքստը, կարծես, այն է, որ նույնիսկ Միացյալ Նահանգնե­րի ներգրա­վա­ծությունը ոչինչ չի փոխում, պաղեստինյան պայքա­րը շարունակվում է: Դա չափա­զանց հեռուն տանող ենթադրություննե­րի տեղիք է տալիս, եթե նկա­տի ունե­նանք, որ մեկ ամիս առաջ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Գազա­յի բնակչությունը պետք է տարհանվի այլ երկրներ, իսկ տարածքի կառա­վա­րումը՝ վերա­պահվի Միացյալ Նահանգնե­րին: Այսօր Սաուդյան Արա­բիա այցի նախա­պատրաստվե­լով՝ նա մտադրված է Գազա­յում հասնել հրա­դա­դա­րի հաստատման: Հակա­ռակ դեպքում Մերձա­վոր Արեւելքում ԱՄՆ‑ի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րը կտուժեն, քանի որ արա­բա­կան աշխարհը Պաղեստի­նի հարցում գոնե առե­րեւույթ միասնա­կան է:

Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Իսրա­յե­լի վարչա­պե­տը կհա­մա­ձայնի պատանդնե­րի ազատ արձակման դիմաց Գազա­յում հրա­դա­դա­րի երկա­րաձգման առա­ջարկությա­նը: Դա կլի­նի Դոնալդ Թրամփին նրա մատուցած «նվե­րը»: Իսկ Թրամփը Նաթանյա­հուին «կփրկի՞» ներքա­ղա­քա­կան փորձությունից: Նաթանյա­հուի հանդեպ դեմոկրա­տա­կան վարչա­կազմի վերա­բերմունքն այնքան էլ բարյա­ցա­կամ չէր: Դոնալդ Թրամփը նրան գործո­ղություննե­րի որո­շա­կի ազա­տություն է տվել, բայց ՀԱՄԱՍ‑ի դեմ պատե­րազմի վերջը չի կանխա­տեսվում, եւ ընդդի­մությունը պատրաստվում է «Բիբիին գահընկեց անել»: Երեւում է, Նաթանյա­հուի անձնա­կան ճակա­տա­գի­րը Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հին քիչ է հուզում: Կարեւորն արա­բա­կան աշխարհի հետ հարա­բե­րություններն են:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ