Որտեղի՞ց են նրանք «գտել» այդ բիզնես հնարավորությունները, նախնական կապիտալը, բիզնես միջավայրը, կապերը և մնացած ամեն ինչը։ Չէ՞ որ Հայաստանն ու Արցախը ԽՍՀՄ-ից էին անկախացել, համայնավար երկրից, որտեղ անհատ մարդը, ենթադրվում է, որ սեփականություն գրեթե պիտի չունենար, իսկ մեր նորընծա հարուստները կարծես դարավոր հոլանդական բանկիրների ընտանիք, խոշոր առևտրականների սերունդ, կամ առնվազն տոհմիկ խոշոր հողատեր ազնվականի ընտանիք լինեն, որ ժառանգել են շատ ու իրենց խելքով այդ շատը դարձրել ավելի շատ։
Մեր Ուղին
Դեռ 2023-ից ու 2018-ից առաջ էլ որևէ մեկը կասկածներ չի ունեցել այն հարցում, որ ՀՀ ու Արցախի ղեկավարության կամ/և նրանց մոտ կանգնած մարդկանցից շատերը բավական արագ հարստացել են։ Բամբասանքի տոնով նույն մարդկանց մասին շատ զրույցներ են պտտվել, թե ով ինչ ու ինչքան ունի։ Ժողովրդական առածն ասում է, որ «սուտը քառասունք չունի», այսինքն կխոսեն, կխոսեն ու կվերջանա կգնա։ Մինչդեռ ոչինչ էլ չի վերջացել։ Ավելին, նույնիսկ չի էլ սկսվել։ 2018-ից հետո փաշինյանական անուժ դատական համակարգը ՀՀ-ում տարատեսակ մարդկանց մատնանշեց որպես ապօրինի հարստացածների, քրեական գործեր հարուցեց ու հերթով էլ չեղարկեց դրանք, թեև այնպիսի խելագար գումարների մասին էր խոսքը գնում, որ շարքային հայաստանցու ամսական խեղճ աշխատավարձը ամոթատեղ էր դառնում՝ հաշվի առնելով, թե ինչիպիսի հսկայական միջոցների հափշտակության մասին էր գնում խոսքը։
Աստծուն փառք, Արցախում ևս որոշները աղքատ չեն մնացել։ Առ այսօր չեն դադարում տարատեսակ պատմություններն այն մասին, թե Արցախում ով ինչ ուներ և ՀՀ-ում ինչ ունի։
Արցախի նախկին պատգամավոր, լրագրող, խմբագիր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ եթե Forbes-ը ամեն տարի հայտնի ու հարուստ, ազդեցիկ մարդկանց ունեցվածքը հրապարակում է ու դա վատ չի ընկալվում, ապա վատ չէր լինի, որ Արցախցի դոլարային միլիոնատերերի անուն-ազգանունները, որպեսզի մարդիկ ճանաչեն նրանց, ովքեր հայտարարում են, որ արցախցիները սոցիալ-տնտեսական խնդիրներ չունեն ու նրանց պահանջները քաղաքական են(https://www.facebook.com/story.php?story_fbid=3887553444891897&id=100009118389831&rdid=tLPLU4zz3XSrtY2U#)
Դեռ մի կողմ այն, թե արցախցիները ինչ կարգի քաղաքական հարցեր կարող են ունենալ և ումից(դա ևս խոշոր հարց է), կարևոր է այն, որ արցախցիներին «քաղաքական արկածախնդրության» մղողները հաստատ սոցիալական խնդիր չունեն, այլապես այդքան վստահ չէին լինի իրենց խոսքում։ Իրենք, այո խնդիր չունեն, իսկ մյուսնե՞րը։ Արցախցի հարյուրավոր մարդիկ կան, որ բարդ տնտեսական վիճակում են հայտնվել, դրան գումարած նաև այն հոգեբանական խորը վերքերը, որ ունեցան 2020-ից այս կողմ, ավելի է սրում նրանց վիճակը։ Իսկ այդ ո՞ր արցախցին սոցիալական կարիք չունի։ Քոչարյանների ընտանի՞քը, Սարգսյաննե՞րը, Լոքյա՞նը, Արայիկ Հարությունյա՞նը, Բակո Սահակյա՞նը, Աղաբեկյա՞նը, Շահրամանյա՞նը։ Իհարկե ցավալի և ամոթալի է, որ վերը նշված մարդկանցից ոմանք գտնվում են Բաքվի մարդասպանների ձեռքում, սարսափելի է, որ նրանք իրենց հերթին քաղաքական ճնշման գործիք են դարձել Ալիևի ձեռքում, բայց արդյո՞ք հենց իրենք չեն անձամբ նպաստել այն իրավիճակին, որում ցավալիորեն նաև իրենք են հայտնվել։ Ե՞րբ և ինչպե՞ս են նրանք և նրանց պես շատերը, որ Հայաստանում կամ արտասահմանում ազատորեն վայելում են իրենց բարեկեցիկ կյանքը, դեռ մի բան էլ մյուսներին քաղաքական դասեր տալիս։ Որտեղի՞ց են նրանք «գտել» այդ բիզնես հնարավորությունները, նախնական կապիտալը, բիզնես միջավայրը, կապերը և մնացած ամեն ինչը։ Չէ՞ որ Հայաստանն ու Արցախը ԽՍՀՄ-ից էին անկախացել, համայնավար երկրից, որտեղ անհատ մարդը, ենթադրվում է, որ սեփականություն գրեթե պիտի չունենար, իսկ մեր նորընծա հարուստները կարծես դարավոր հոլանդական բանկիրների ընտանիք, խոշոր առևտրականների սերունդ, կամ առնվազն տոհմիկ խոշոր հողատեր ազնվականի ընտանիք լինեն, որ ժառանգել են շատ ու իրենց խելքով այդ շատը դարձրել ավելի շատ։
Իհարկե ԽՍՀՄ-ում էլ գողությունը քիչ չէր ու գողանում էին ով ինչքան կարողանում էր, բայց մի՞թե այդ չափի։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Արցախի ծանր պատերազմի ու Հայաստանի տնտեսական բլոկադայի տարիներին ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում հանկարծ ինչ որ հնարքով հայտվեցին մարդիկ ովքեր ունեին և՛ գումար, և՛ պաշտոն, և՛ կապեր։ Թեև իհարկե մեկը մյուսին մագնիսի պես քաշում է։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ հենց նրանք ու նրանց շրջապատը հարստացավ, այլ ոչ թե շարքային քաղաքացին։ Եվ այդ ինչպե՞ս է, որ նույնիսկ 2020-ի ու 2023-ի սարսափից հետո վերոհիշյալ մարդկանցից ոմանց(գոնե ազատության մեջ գտնվողները) կյանքը մի գրամ անգամ չի դառնացել ո՛չ պատերազմի կրակից, ո՛չ էլ դրա բերած տնտեսական չարիքից։
Ու ինչպե՞ս է պատահում նաև, որ հենց այդ ապահովներն են անապահովներին մղում քաղաքական պահանջի ու դեռ մի բան էլ հայտարարում, որ վերջիններս սոցիալական խնդիր չունեն։ Ու ցավոք, վիրավոր արցախցին հաճախ նրանց ձեռքում դառնում է այն ցավալի գործիքը, որով մեր նորահայտ «մանթաշովները» որոշում են դաղել մեզ բոլորիս ու հայրենասիրություն դասավանդել։
Որտեղի՞ց հայտնվեց «ղարաբաղյան կլանը»։ Իհարկե Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը քիչ ջանքեր չթափեցին հայ-ղարաբաղցի հակասություն խորացնելու հարցում, բայց հենց այդ «կլանի» ներկայացուցիչները մի՞թե իրենք իրենց ձեռքով չհաստատեցին այդ ամենը, երբ ամոթ ու խիղճ կորցրած կլանեցին ՀՀ ու ԼՂՀ հնարավոր ամեն հարստություն և իրենց թույլ տվին միջազգային ու Սփյուռքահայ բարեգործությունների մի մասից էլ շարքային արցախցուն նպաստներ ու թոշակներ բաժանել, որպես սեփական սրիկայությանը մասնակցության վարձ։ Ու այսօր այն մարդիկ, որոնց ոչնինչը չտուժեց, տունն ու հայրենիքը կորցրած արցախցուն են դարձրել Հայաստանում քաղաքական տենչանքի գործիք, արցախցու միջոցով են փորձում նորից հետ բերել իրենց գահն ու գայիսոնը, արցախցու վերքին աղ լցնելով են փորձում ատելություն ու կրակ վառել «հայաստանցի-ղարաբաղցի» թեմայով։ Իսկ երբ իշխանությունները, որոնք աչքի են ընկնում առաջին հերթին բոլորին իրենց դեմ հանելու զարմանալի շնորհով, ավել-պակաս են խոսում արցախցիների կամ նրանց կարիքների հասցեին, ապա «մանթաշովների» լրատվական ողջ ռեսուրսը ձգտում է ապացուցել, որ տեսեք ահա ձեզ չեն սիրում, ձեզ թուրք են համարում, ուզում են, որ դուք կոտորվեք ու հիմա էլ ամեն ինչ անում են, որ հեռանաք Հայաստանից։ Իսկ սիրտը վիրավոր արցախցուն հիմա հեշտ է կատաղեցնելը։ Շատ հեշտ։
Միայն թե այդ քաղաքական ու սոցիալական ապահովները, որոնց մեքենաները հասարակ մարդու համար երազանք են, իսկ տները՝ հանդուգն երազ, փոխանակ տարիներով Արցախում 100 հազարանոց բնակչությունը կես միլիոնի հասցնելու, իրենց ունեցվածքն էին բազմապատկում ու անընդհատ նոր զրոներ ավելացնում իրենց թվերի վերջում։ Եթե Արցախում ապրեր 500 հազար, իսկ Հայաստանում 5 մլն, որ լրիվ իրատեսական է, եթե այդ հարուստները մի քիչ դանդաղ հարստանային, ապա այսօր Արցախը այսպես չէր լինի։ Միջազգային իրավունքը նաև մեզ կհիշեր, որովհետև Բաքվում երբեք դա չէին մոռանում։
Ու այսօր մենք տեսնում ենք անհնարինը՝ հարուստը ասում է, որ արցախցին սոցիալական պահանջ չունի, նրա պահանջը քաղաքական է։ Իսկ Արցախը մնացել է հեռու-հեռվում՝ միայնակ ու վիրավոր։