Մաս 53
Պետական նախարարի պաշտոնն առաջարկելով Գուրգեն Ներսիսյանին եւ մի քանի օր անց կառավարության անդամներին ներկայացնելով նրան, Արայիկ Հարությունյանը կարեւորել է մասնագիտական որակները, պետական պաշտոնյայի պարկեշտությունը եւ մարդկային սկզբունքայնությունը:
Վահրամ Աթանեսյան
2023 թվականի փետրվարի 23-ին Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կայացրել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու որոշում: «Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ»,- հայտարարեց նա եւ շնորհակալություն հայտնեց Վարդանյանին, որ ինչպես «ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա»: «Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,-ընդգծեց Արցախի նախագահը:
Ըստ էության, դա նշանակում էր, որ Վարդանյանը պաշտոնից ազատվում է նախագահի հետ «պատասխանատվություն կիսելու» կամ «ամբողջ պատասխանատվությունը նրան թողնելու» հարցում տարաձայնությունների պատճառով: Նույն նիստում Հարությունյանը հայտարարեց, որ պետական նախարարի պաշտոնն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Գուրգեն Ներսիսյանը գլխավոր դատախազի պաշտոնում Արայիկ Հարությունյանի առաջադրմամբ Ազգային ժողովի կողմից ընտրվել է 2021 թվականի փետրվարի 11-ին:
Ավելի վաղ նա տարաձայնությունների պատճառով հեռացել էր համակարգից եւ զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ: Պետական նախարարի պաշտոնն առաջարկելով Գուրգեն Ներսիսյանին եւ մի քանի օր անց կառավարության անդամներին ներկայացնելով նրան, Արայիկ Հարությունյանը կարեւորել է մասնագիտական որակները, պետական պաշտոնյայի պարկեշտությունը եւ մարդկային սկզբունքայնությունը: Այդուհանդերձ, Գուրգեն Ներսիսյանը չստացավ այն բոլոր լիազորությունները, որ նախագահի հրամանագրով վերապահվել էին Ռուբեն Վարդանյանին:
Ներսիսյանը չէր կարող զբաղվել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերով: Արայիկ Հարությունյանը կառավարության այդ նիստում առաջին անգամ խոսեց պետությանը հասցված նյութական եւ ֆինանսական վնասների վերականգնման անհրաժեշտությունից: Ըստ երեւույթին, մինչ այդ գլխավոր դատախազությունն զբաղվել էր այդ հարցով, եւ նա Գուրգեն Ներսիսյանին պարզորոշ հանձնարարում էր գործը հասցնել ավարտի: Այդ իրավիճակում ամենաէականը, սակայն, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումն էր, որով նա Գուրգեն Ներսիսյանին շնորհավորում էր պետական նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ իր գլխավորած քաղաքական ուժը «հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը եւ այդ համատեքստում իբրեւ խորհրդարանական երկրորդ ուժ պատրաստակամ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը»:
Այդ փուլում քաղաքական շրջանակներից տեղեկություն էր տարածվել, որ Սամվել Բաբայանը Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել, որպեսզի զբաղեցնի պետական նախարարի պաշտոնը: Բաբայանն, ըստ էության, պետական նախարարին քաղաքական պատասխանատվություն կիսելու առաջարկություն էր անում: Թե ինչու՞ նա մերժվեց՝ չբացահայտված է մնում:
(Շարունակելի)
(Շարունակելի
