14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 54

Բաքվի արձա­գանքը չուշա­ցավ. ադրբե­ջա­նա­կան մամուլն Իլհամ Ալիեւի աշխա­տա­կազմի անունից հայտա­րա­րություն տարա­ծեց, որ «Ղարա­բա­ղի հայ բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րը հրա­վիրվում են Բաքու՝ քննարկե­լու ինտեգրա­ցիա­յի եւ սոցիալ-տնտե­սա­կան կյանքի կազմա­կերպման հետ կապված հարցեր»:

Վահրամ Աթա­նեսյան

Գուրգեն Ներսիսյա­նը պետա­կան նախա­րար նշա­նակվեց՝ ստա­նա­լով գրե­թե նույն լիա­զո­րություննե­րը, որ տրվել էին Ռուբեն Վարդանյա­նին, բայց նախա­գա­հի հրա­մա­նագրով արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հանվեց պետնա­խա­րա­րի համա­կարգմա­նը ենթա­կա գերա­տեսչություննե­րի ցանկից: Կառա­վա­րությա­նը ներկա­յացնե­լով Գուրգեն Ներսիսյա­նին, Արա­յիկ Հարությունյա­նը նրան տվեց Գյուղի, գյուղատնե­սության եւ Ներդրումա­յին հիմնադրամնե­րի գործունեությունը ստուգե­լու ցուցում:

Տպա­վո­րություն էր, որ նա նախկին գլխա­վոր դատա­խա­զին հանձնա­րա­րում է շարունա­կել ավե­լի վաղ սկսած ստուգումնե­րը, որպեսզի հանրության շրջա­նում կարծիք ձեւա­վորվի, որ իշխա­նություննե­րը հակա­կո­ռուպցիոն պայքար են սկսում: Բացառված չէ, որ դա շրջա­փակման ծանր ընկա­լումնե­րից մարդկանց ուշադրությունը շեղե­լու նպա­տակ ուներ: Ստեղծված ծանրա­գույն իրա­վի­ճա­կում ոչ Գուրգեն Ներսիսյա­նը, ոչ իրա­վա­պահ համա­կարգը չէր կարող խորքա­յին բացա­հայտումնե­րի գնալ: Դա կարող էր բերել ներքին լարվա­ծության, նույնիսկ՝ բախումնե­րի:

Արա­յիկ Հարությունյա­նը, հավա­նա­բար Ռուբեն Վարդանյա­նին «Իլհամ Ալիեւի պահանջով պաշտո­նանկե­լու» մասին տարածված նարա­տի­վը մեղմե­լու անհրա­ժեշտությունից դրդված, հանդես եկավ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի լուծման «սկզբունքնե­րի» մասին հայտա­րա­րությամբ, որ իրա­կա­նության հետ ոչ մի աղերս չուներ եւ չէր կարող ունե­նալ: Նա վերա­հաստա­տեց, որ Արցա­խի անկա­խությունը միակ ընդունե­լի կարգա­վի­ճակն է, իսկ Ադրբե­ջա­նի հետ բանակցություննե­րը պետք է կազմա­կերպվեն միջազգա­յին մեխա­նիզմնե­րի ձեւա­չա­փով՝ «իրա­վա­հա­սա­րության սկզբունքի հիման վրա»:

Բաքվի արձա­գանքը չուշա­ցավ. ադրբե­ջա­նա­կան մամուլն Իլհամ Ալիեւի աշխա­տա­կազմի անունից հայտա­րա­րություն տարա­ծեց, որ «Ղարա­բա­ղի հայ բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րը հրա­վիրվում են Բաքու՝ քննարկե­լու ինտեգրա­ցիա­յի եւ սոցիալ-տնտե­սա­կան կյանքի կազմա­կերպման հետ կապված հարցեր»:
Ստեա­նա­կերտն այդ հաղորդագրությա­նը պատասխա­նեց արտա­քին գործե­րի նախա­րար Դավիթ Բաբա­յա­նի՝ տեղա­կան հեռուստա­տե­սությա­նը տված մեկնա­բա­նության մակարդա­կով: Բաբա­յա­նը հայտա­րա­րեց, որ Արցա­խը պատրաստ է քննարկումնե­րի, բայց Բաքվի պահանջը՝ «ներկա­յա­նալ որպես մեղք գործած աբո­րի­գեններ, որ ներո­ղություն են խնդրում»,-անընդունելի է: Ալիեւի աշխա­տա­կազմը երկու շաբաթ անց կրկնեց «հրա­վե­րը», իսկ արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով նրա օգնա­կան Հաջիեւը հայտա­րա­րեց, որ «Ղարա­բա­ղի հայ բնակչության իրա­վունքնե­րի եւ անվտանգության հարցե­րը ենթա­կա են Ադրբե­ջա­նի սահմա­նադրությամբ կարգա­վորման, նրանք որեւէ հավելյալ արտո­նություն չեն կարող ունե­նալ»:

Ոչ ոք առայսօր չգի­տի՝ Ալիեւի աշխա­տա­կազմից ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջո­ցով կամ այլ խողո­վա­կով Բաքվում քննարկումներ կազմա­կերպե­լու գրա­վոր առա­ջարկություն Ստե­փա­նա­կերտում ստացվե՞լ է, թե՞ գաղա­փա­րը հնչեցվել է միայն մամուլի միջո­ցով:
Հատնի չէ նաեւ, թե Բաքու մեկնե­լու, քննարկումներ անցկացնե­լու գաղա­փարն Արցա­խի նախա­գա­հի կողմից ներկայացվե՞լ է Անվտանգության խորհրդին, Ազգա­յին ժողո­վի խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րին, խորհրդա­րա­նում ներկա­յացված քաղա­քա­կան ուժե­րի առաջնորդնե­րին, նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նին եւ Բակո Սահակյա­նին, Ռուբեն Վարդանյա­նին, ով պաշտո­նա­թո­ղությունից հետո հայտա­րա­րեց, որ Արցա­խից չի հեռա­նա, կշա­րունա­կի պայքա­րել այն նպա­տա­կին հասնե­լու համար, որ ունի:

Այդ փուլում Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան վերնա­խա­վի տարա­ձայնություննե­րը դրսեւորվե­ցին արդեն գրե­թե բացա­հայտ: Արա­յիկ Հարությունյա­նի նկատմամբ անվստա­հությունը գնա­լով խորա­նում էր, ի հակակշիռ ընդլայնվում էր Ռուբեն Վարդանյա­նի համա­կիրնե­րի շրջա­նա­կը, այդ թվում՝ շրջաննե­րում եւ առանձին խոշոր համայնքնե­րում: Ռուբեն Վարդանյա­նը եւ Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ, «Արդա­րություն» ու «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցության պատգա­մա­վորնե­րը նախա­ձեռնե­ցին հանդի­պումնե­րի շարք ինչպես Ստե­փա­նա­կերտում, այնպես էլ գյուղա­կան համայնքնե­րում, Մարտա­կերտ, Ասկե­րան եւ Մարտունի քաղաքնե­րում:

Հատկա­պես եռանդուն էր Ասկե­րա­նում ձեւա­վորված թիմը՝ շնորհիվ նրա, որ ՀՅԴ‑ն այնտեղ ավանդա­կան ազդե­ցություն ուներ: Այդ հանդի­պումներն անցնում էին դեռեւս 1988 թվա­կա­նին հնչած «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» կարգա­խո­սով: Կենտրո­նա­կան իշխա­նությունը շատ արա­գո­րեն կորցնում էր կառա­վարման համա­կարգի վրա ազդե­ցությունը: Ասպա­րե­զում հայտնվե­ցին քաղա­քա­կան եւ հանրա­յին նոր դեմքեր, որո­նից յուրա­քանչյուրն ուներ «Արցա­խի փրկության ծրա­գիր»: Համակարգվա՞ծ‑ուղղորդվա՞ծ էր այդ դեգրա­դա­ցիան, թե՞ Արա­յիկ Հարությունյա­նի ու նրա թիմի ոչ ադեկվա­տության հետեւանք՝ մնում է չպարզա­բանված:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ