Հայաստան

Սթափվել Է Պետք

Մեր հանրության գերակշիռ մասն անգամ չգիտե, որ 1915թ․ Արևմտյան Հայաստանն անկախ պետություն չէր։ Շատ շատերը կարծում են, թե եղել է Արևմտյան Հայաստան անկախ պետություն, թուրքերը 1915թ․ գրավել են այն ու Ցեղասպանություն իրագործել։ Մենք մեզ հարց չենք տալիս, թե ինչպե՞ս է հասունացել այն իրավիճակը, որ տարել է դեպի ցեղասպանություն ու արդյո՞ք հնարավոր էր դրանից խուսափել։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Օսմանյան Կայսրությունում, ուր ապրում էր երկուս ու կես մլն հայ և  ինը միլիոն թուրք, թուրքերը կոտորեցին մեկուկես միլիոնին։

Գեղամ Նազարյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է որպես ժողովուրդ և որպես պետություն ավելի սթափ ու ազնիվ լինելու, սեփական խնդիրներն ավելի լավ պատկերացնելու անհրաժեշտությունը։

Պատգամավորն իր խոսքի սկզբում նշել է, որ մեզ նախ և առաջ սթափվել է պետք, իսկ այդ սթափեցումը նշանակում է ազնիվ և համարձակ հայացքով նայել մեր իրականությանը։ Մեր իրականությունը, անկախ մեր ցանկություններից ու կամքից, ունի որոշակի պարտադրանք, ու եթե մենք հաշվի չենք առնում այդ ամենը, ապա այդ իրականությունը մի օր փլվելու է մեր գլխին։ Մեր զոհված տղաների արյունը սթափեցնող դեր պիտի կատարի, մենք պիտի մի կողմ դնենք պարծենկոտությունը, մեծ-մեծ խոսելը, պիտի հրաժարվենք այն ստից, որով ապրում ենք։ Գեղամ Նազարյանի խոսքով՝ մենք այսօր ինքներս մեզ հավատացնում ենք, որ կարող ենք հետ բերել այս կամ այն տարածքը, կարող ենք կանգնեցնել միաժամանակ մի շարք բանակների հարձակումը զուտ այն պատճառով, որ մենք քաջ ենք։ Դա հենց այն ինքնասպան մտածողությունն է, որը մեզ բերում փաստի առաջ է կանգնեցնում։ Մենք ոչ միայն Արցախի, այլև առհասարակ բոլոր հարցերին պիտի կարողանանք ազնիվ նայել, ինչպես օրինակ Ցեղասպանության հարցին։

Գեղամ Նազարյանը պատմեց, որ ապրիլի 23-ին փողոցում լսել է, թե ինչպես է դպրոցահասակ մի երեխա իր տատիկի հետ խոսելիս ասել, որ վաղը(պրիլի 24-ին) թուրքերը մեր գրողների գլուխը քարերով ջարդելու են։ Սա սարսափելի մոտեցում է, երբ մենք երեխային տուն ենք ուղարկում նման ուղերձով, որ վաղը նման օր է լինելու, այլ ոչ թե ցանկանում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Իհարկե մարդիկ կլինեն, որ կհարցնեն, թե բա երեխաները չիմանա՞ն այդ մասին։ Իհարկե կիմանան։ Դա թաքցնելու բան չէ, ոչ ոք չի պատրաստվում թաքցնել այն, երեխաները քիչ քիչ կմեծանան ու աստիճանաբար կիմանան, բայց մենք պետք է հասկանանք, թե Ցեղասպանությունն ինչու է տեղի ունեցել, ինչպե՞ս է տեղի ունեցել։ Այդ հարցադրումը չի նշանակում, որ մենք ուրանում ենք, մոռանում ենք ցեղասպանությունը։

Պատգամավորը մի օրինակ բերեց, որ ինքը վիճակագրություն էր դրել Խարբերդի շրջանի հետ կապված, որտեղ ցույց էր տվել, թե հայերն ինչպես էին թվաքանակով նվազել ու արդեն դարձել շատ փոքր ներգորություն ունեցող։ Բայց ցավն այն է, որ մեր հանրության գերակշիռ մասն անգամ չգիտե, որ 1915թ․ Արևմտյան Հայաստանն անկախ պետություն չէր։ Շատ շատերը կարծում են, թե եղել է Արևմտյան Հայաստան անկախ պետություն, թուրքերը 1915թ․ գրավել են այն ու Ցեղասպանություն իրագործել։ Մենք մեզ հարց չենք տալիս, թե ինչպե՞ս է հասունացել այն իրավիճակը, որ տարել է դեպի ցեղասպանություն ու արդյո՞ք հնարավոր էր դրանից խուսափել։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Օսմանյան Կայսրությունում, ուր ապրում էր երկուս ու կես մլն հայ և  ինը միլիոն թուրք, թուրքերը կոտորեցին մեկուկես միլիոնին։

Գեղամ Նազարյանը անդրադարձ կատարեց 2020թ․ պատերազմին, դրան հաջորդած տարիներին, ինչպես նաև 2023թ․ Արցախից բռնի տեղահանված հայերի վիճակին։ Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր գլխավոր մեղադրանքն այն է, որ Փաշինյանը բավականաչափ լրջություն չունեցավ դեռևս 2019թ․ լրջորեն քննարկելու Արցախի իրավիճակը, չկարողացավ իր մեջ համարձակություն գտնել ընդունելու այն ցավոտ որոշումները, որոնք գուցե կարողանային իրավիճակ փոխել։ Իսկ մենք այն ժամանակ վստահ էինք, որ չկա Արցախ, չկա՝ Հայաստան։ Ընդ որում նաև լցված էին ինքնախաբեությամբ։ Բայց եթե մենք այն ժամանակ չենք հասկացել, չենք ըմբռնել, արդյո՞ք հիմա էլ չպիտի հասկանանք, որ այսպես շարունակելն անհնար է, որ հարկավոր է ուշքի գալ։ Մենք Արցախի հարցը ինքնորոշումից վերածեցինք տարածքային վեճի, պարտվեցինք այդտեղ ու դեռ չենք ուզում աչքներս բացել։

Պատգամավորը նաև խոսեց Արցախից բռնագաղթեցված հայերի մասին, նշելով, որ արցախցիների մեծ մասը քաղաքացիություն չի ընդունում, որովհետև ոմանք զբաղված են նրանց ցավերի ու էմոցիաների հետ խաղալով, երբ վստահեցնում են, որ մի ընդունեք ՀՀ քաղաքացիություն, այլապես Ստեփանակերտում մնացած տան փոխհատուցում չեք ստանա, մի ընդունեք քաղաքացիություն ու մի բան կլինի, մի բան կանենք, մայիսին, հետո սեպտեմբերին հետո ավելի ուշ, հետ կգնանք Արցախ։ Խաղում են մարդկանց նվիրական զգացմունքների հետ, օգտագործում են նրանց։

Պատգամավորը անհեթեթություն համարեց այն միտքը, որ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, ապա հնարավորություն կառաջանա Արցախ վերադառնալ։

Տեսանյութն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/wZPqzqnfylg
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *