Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Ծայրահեղ վտանգավոր իրավիճակում Ազգային ժողովը հայտարարեց, որ սկսում է նախագահի թեկնածուների գրանցում: «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ նախագահի թեկնածու է առաջադրում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ԱԺ չորս խմբակցությունները հանդես եկան այդ պաշտոնում Սամվել Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանելու նախաձեռնությամբ:

Վահրամ Աթանեսյան

Մաս 61

Արցախի Ազգային ժողովի ԱԺԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, որ Եվլախում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ «բանակցությունների» մասնակից է, մոտ երկու շաբաթ առաջ խախտել է «լռության ուխտը» եւ լրատվամիջոցներին ասել, որ ոչ ոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը չի պահանջել, նա ինքն է այն «նախապատրաստել»: Իրականությունը բոլորովին այլ է. Արայիկ Հարությունյանի հրաժարականի հրապարակային պահանջ առնվազ երկու անգամ՝ 2020 թվականի նոյեմբերին եւ 2021-ի մայիսին ներկայացրել են Ազգային ժողովի երեք՝ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները, իսկ ոչ հրապարակային քննարկումներում այդ հարցը մշտապես օրակարգում է եղել:

Ինչպես ասվել է, Արայիկ Հարությունյանին հրաժարականի պահանջ ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերի լույս 1-ի գիշերը: Ի՞նչ ձեւաչափի եւ բնույթի քննարկումներ է նա ունեցել Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, խորհրդարանի քաղաքական ուժերի, ուժային կառույցների ղեկավարների, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի, իր խորհրդականների եւ օգնականների հետ՝ որեւէ տեղեկություն չկա: Հայտնի չէ, թե իր հրաժարականը նա համաձայնեցրե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, այդ մասին ռուսական զորախմբի հրամանատարությունն իրազե՞կ էր:

Առկա են սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման տարեդարձի առթիվ Երեւանում ինստիտուցիոնալ ընդդիմության կազմակերպած երթի տեսագրությունները եւ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին երկրորդ եւ երրորդ նախագներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետները: Նրանք կատարվածի առթիվ գոհունակություն են հայտնում եւ ձեւակերպում, որ նոր իշխանության ձեւավորմամբ հնարավոր կլինի լուծել Արցախի բնակչության անվտանգության եւ կենսապահովման հարցերը:

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այդ գնահատականները վկայում են, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը նրանց համար ոչ միայն ականկնալ չէր, այլեւ, գուցե, պահանջված էր: Նրանց խոսքից հասկացվում էր, որ դժգոհ էին Արայիկ Հարությունյանից, համարում էին, որ նա բավարար վճռականություն եւ կամք չի դրսեւորում, որպեսզի Ստեփանակերտը Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում պաշտպանի իր սեփական դիրքորոշումը:

Սեպտեմբերի 2-ին Բաքուն չափազանց կոշտ արձագանքեց ԼՂՀ հռչակման տարեդարձի առթիվ Հայաստանի վարչապետի ուղերձին եւ այն որակեց որպես «անջատողական ապօրինի ռեժիմին աջակցություն, ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»: Միաժամանակ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց «նախկին շփման գծի ողջ երկայնքով հայկական զինված խմբավորումների եւ Հայաստանի ԶՈՒ մնացորդների կուտակումների» եւ նրանց կողմից «ինժեներական կառույցների ստեղծման ուղղությամբ գործողությունների» մասին:

Ակնհայտ էր, որ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում՝ միջազգային հանրության աչքում իր հետագա ահաբեկչական գործողություններն արդարացնելու համար: Ծայրահեղ վտանգավոր իրավիճակում Ազգային ժողովը հայտարարեց, որ սկսում է նախագահի թեկնածուների գրանցում: «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ նախագահի թեկնածու է առաջադրում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ԱԺ չորս խմբակցությունները հանդես եկան այդ պաշտոնում Սամվել Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանելու նախաձեռնությամբ:

Ազգային ժողովի «ընտրական հանձնաժողովը» Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու չգրանցեց: Նրա գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորական խմբակցությունը հայտարարեց, որ նախագահի ընտրությանը չի մասնակցի: Այդ որոշմանը, սակայն, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, որ տվյալ պահին կատարում էր խորհրդարանի խոսնակի պարտականությունները, չենթարկվեց:

Նախագահի ընտրությանը նախորդած օրերին Ստեփանակերտում. Ամենայն հավանականությամբ՝ ոչ առանց հատուկ ծառայությունների, լուրեր տարածվեցին, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «պատրաստվում է զինված գրոհով գրավել Ազգային ժողովի եւ նախագահի նստավայրը, խափանել Սամվել Շահրամանյանի ընտրությունը եւ իրեն նախագահ հռչակել»: Այդ լուրերը կարելի էր «թափառիկ սյուժե» համարել, եթե ԱԺ-ում Սամվել Շահրամանյանի ընտրության նախորդ օրը նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը պաշտոնապես չհաստատեր «վտանգի առկայությունը» եւ չսպառնար, որ պատկան մարմինները «վճռականորեն կկանխեն սահմանադրական իշխանության դեմ ցանկացած ոտնձգություն»:

Ո՞վ էր այդ սցենարի իրական հեղինակը, ու՞մ էր ձեռնտու, որ Ստեփանակերտում արյուն հեղվեր, սլաքներն ինչու՞ էին ուղղվում Սամվել Բաբայանի դեմ, եթե նա հանդես էր գալիս Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ իրավիճակը հնարավորինս կարգավորելու նախաձեռնությամբ: Այս գաղտնիքը նույնպես բացահայտման կարիք ունի:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *