Ծայրահեղ վտանգավոր իրավիճակում Ազգային ժողովը հայտարարեց, որ սկսում է նախագահի թեկնածուների գրանցում: «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ նախագահի թեկնածու է առաջադրում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ԱԺ չորս խմբակցությունները հանդես եկան այդ պաշտոնում Սամվել Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանելու նախաձեռնությամբ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 61
Արցախի Ազգային ժողովի ԱԺԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, որ Եվլախում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ «բանակցությունների» մասնակից է, մոտ երկու շաբաթ առաջ խախտել է «լռության ուխտը» եւ լրատվամիջոցներին ասել, որ ոչ ոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը չի պահանջել, նա ինքն է այն «նախապատրաստել»: Իրականությունը բոլորովին այլ է. Արայիկ Հարությունյանի հրաժարականի հրապարակային պահանջ առնվազ երկու անգամ՝ 2020 թվականի նոյեմբերին եւ 2021‑ի մայիսին ներկայացրել են Ազգային ժողովի երեք՝ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները, իսկ ոչ հրապարակային քննարկումներում այդ հարցը մշտապես օրակարգում է եղել:
Ինչպես ասվել է, Արայիկ Հարությունյանին հրաժարականի պահանջ ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերի լույս 1‑ի գիշերը: Ի՞նչ ձեւաչափի եւ բնույթի քննարկումներ է նա ունեցել Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, խորհրդարանի քաղաքական ուժերի, ուժային կառույցների ղեկավարների, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի, իր խորհրդականների եւ օգնականների հետ՝ որեւէ տեղեկություն չկա: Հայտնի չէ, թե իր հրաժարականը նա համաձայնեցրե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, այդ մասին ռուսական զորախմբի հրամանատարությունն իրազե՞կ էր:
Առկա են սեպտեմբերի 2‑ին ԼՂՀ հռչակման տարեդարձի առթիվ Երեւանում ինստիտուցիոնալ ընդդիմության կազմակերպած երթի տեսագրությունները եւ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին երկրորդ եւ երրորդ նախագներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետները: Նրանք կատարվածի առթիվ գոհունակություն են հայտնում եւ ձեւակերպում, որ նոր իշխանության ձեւավորմամբ հնարավոր կլինի լուծել Արցախի բնակչության անվտանգության եւ կենսապահովման հարցերը:
Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այդ գնահատականները վկայում են, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը նրանց համար ոչ միայն ականկնալ չէր, այլեւ, գուցե, պահանջված էր: Նրանց խոսքից հասկացվում էր, որ դժգոհ էին Արայիկ Հարությունյանից, համարում էին, որ նա բավարար վճռականություն եւ կամք չի դրսեւորում, որպեսզի Ստեփանակերտը Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում պաշտպանի իր սեփական դիրքորոշումը:
Սեպտեմբերի 2‑ին Բաքուն չափազանց կոշտ արձագանքեց ԼՂՀ հռչակման տարեդարձի առթիվ Հայաստանի վարչապետի ուղերձին եւ այն որակեց որպես «անջատողական ապօրինի ռեժիմին աջակցություն, ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»: Միաժամանակ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց «նախկին շփման գծի ողջ երկայնքով հայկական զինված խմբավորումների եւ Հայաստանի ԶՈՒ մնացորդների կուտակումների» եւ նրանց կողմից «ինժեներական կառույցների ստեղծման ուղղությամբ գործողությունների» մասին:
Ակնհայտ էր, որ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում՝ միջազգային հանրության աչքում իր հետագա ահաբեկչական գործողություններն արդարացնելու համար: Ծայրահեղ վտանգավոր իրավիճակում Ազգային ժողովը հայտարարեց, որ սկսում է նախագահի թեկնածուների գրանցում: «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ նախագահի թեկնածու է առաջադրում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ԱԺ չորս խմբակցությունները հանդես եկան այդ պաշտոնում Սամվել Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանելու նախաձեռնությամբ:
Ազգային ժողովի «ընտրական հանձնաժողովը» Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու չգրանցեց: Նրա գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորական խմբակցությունը հայտարարեց, որ նախագահի ընտրությանը չի մասնակցի: Այդ որոշմանը, սակայն, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, որ տվյալ պահին կատարում էր խորհրդարանի խոսնակի պարտականությունները, չենթարկվեց:
Նախագահի ընտրությանը նախորդած օրերին Ստեփանակերտում. Ամենայն հավանականությամբ՝ ոչ առանց հատուկ ծառայությունների, լուրեր տարածվեցին, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «պատրաստվում է զինված գրոհով գրավել Ազգային ժողովի եւ նախագահի նստավայրը, խափանել Սամվել Շահրամանյանի ընտրությունը եւ իրեն նախագահ հռչակել»: Այդ լուրերը կարելի էր «թափառիկ սյուժե» համարել, եթե ԱԺ-ում Սամվել Շահրամանյանի ընտրության նախորդ օրը նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը պաշտոնապես չհաստատեր «վտանգի առկայությունը» եւ չսպառնար, որ պատկան մարմինները «վճռականորեն կկանխեն սահմանադրական իշխանության դեմ ցանկացած ոտնձգություն»:
Ո՞վ էր այդ սցենարի իրական հեղինակը, ու՞մ էր ձեռնտու, որ Ստեփանակերտում արյուն հեղվեր, սլաքներն ինչու՞ էին ուղղվում Սամվել Բաբայանի դեմ, եթե նա հանդես էր գալիս Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ իրավիճակը հնարավորինս կարգավորելու նախաձեռնությամբ: Այս գաղտնիքը նույնպես բացահայտման կարիք ունի:
(Շարունակելի)
