Հայաստան

Իրական Փոփոխություններ Են Պետք

Ժամանակակից իրողություններն ապացուցում են, որ բանակում անհրաժեշտ է ապահովել ոչ թե մարդաքանակ, այլ՝ ժամանակակից պայմաններին համապատասխան պրոֆեսիոնալ բանակ, ինչն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում այն փիլիսոփայությանը, որի մասին իրենք խոսում են կամ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս:

Նորայր Նորիկյան

Բանակում ծառայելուց խուսափելու մոտիվացիան չի վերանա, եթե խնդիրները չեն լուծվում. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37, իսկ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանիքաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ: Առաջարկվող փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Վերջից սկսեմ. ենթադրենք՝ տվյալ քաղաքացին դադարեցնում է Հայաստանի քաղաքացիությունը, ու հետագայում այլևս ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու խնդիր չի առաջանում, իսկ եթե պահպանում է Հայաստանի քաղաքացիությունը ու ձեռք է բերում մեկ այլ երկրի քաղաքացիություն, որտեղ էլ գործելու են մնացած կարգավորումներ:

Չեմ կարող ասել, թե այս փոփոխությունը ինչ կտա բանակի մարտունակության բարձրացմանը կամ հասարակության մեջ սոցիալական արդարության բարձրացմանը, ժամանակը ցույց կտա, բայց ակնհայտ է մի բան՝ քանի դեռ Հայաստանը չի անցել պրոֆեսիոնալ բանակի մոդելին, ցանկացած փոփոխություն չի նպաստելու բանակում որակական փոփոխությունների:

Ժամանակակից իրողություններն ապացուցում են, որ բանակում անհրաժեշտ է ապահովել ոչ թե մարդաքանակ, այլ՝ ժամանակակից պայմաններին համապատասխան պրոֆեսիոնալ բանակ, ինչն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում այն փիլիսոփայությանը, որի մասին իրենք խոսում են կամ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս:

Բարձրացնելով տարիքային շեմը՝ նրանք չեն նպաստում պրոֆեսիոնալ բանակի կայացմանը, ընդհակառակը: Եթե Հայաստանի քաղաքացին հակված չէ ծառայելու բանակում, ապա կգտնի դա չանելու միջոցը, որքան էլ ուզում եք խստացրեք օրենքները:

Մասնագիտական մի նուրբ պահ կա, որի վրա կուզեմ ուշադրությունը հրավիրել. երբ պետությունը սահմանել է մինչև 27 տարեկանը, հաշվի է առել նրանց ֆիզիոլոգիական կարողությունները, առողջական վիճակը, նրանց մարտունակության աստիճանը, որը մինչև այդ տարիքը ավելի բարձր է, քան, ասենք, 37 տարեկան անձինը, այսինքն՝ սա չի կարող իր բացասական հետևանքը չունենալ այդ առումով: Այստեղ նեղ մասնագիտական եզրակացություն է անհրաժեշտ:

Այստեղ նաև լուրջ խնդիրներ են առաջանալու ընտանեկան կյանքի հետ կապված, այդ տարիքում մարդիկ արդեն ամուսնացած են լինելու, այդ ընտանիքի պահպանման խնդիրն է առաջ գալու: Հոնքը սարքելու փոխարեն պետք չէ հիմա էլ տանք աչքը հանենք:

Նախ և առաջ բանակում առկա խնդիրներն է պետք վերացնել, վերացնել այնտեղ առկա արատավոր բարքերը՝ խաղամոլությունը, թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, վերանայել պայմանագրային զինծառայողների սոցիալական վիճակը, այսինքն՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բանակում ծառայելը կդարձնեն ցանկալի, գրավիչ ու ապահով: Եթե այս ու այլ փոփոխություններն արվեն՝ ես վստահեցնում եմ ձեզ, որ բանակում ծառայելուց խուսափելու մոտիվացիան շատերի մոտ կկորչի: Նման տապորային միջոցներով չեն կարող խնդիրները լուծել:

– Գլխավոր խնդիրը թողած՝ փաստորեն փորձում են ա՞յլ լուծում գտնել:

– Այո՛, լուծում, որն էլ իր հերթին նոր խնդիրներ է առաջացնելու իմ նշած համատեքստում:

– Պարո՛ն Նորիկյան, ըստ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ 2020-2024 ժամանակահատվածում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 քաղաքացի հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից: Կարծում եք, միայն բանա՞կն է խնդիրը, որ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից, ու որքանո՞վ է այս փոփոխությունը կանխելու թվերի աճը:

– Նախ ասեմ, որ այդ փոփոխությունը չի կարող էական ազդեցություն ունենալ, երկրորդ՝ այդ պատգամավորին պետք է արժանին մատուցել, որովհետև նրա ներկայացրած տվյալները բառիս բուն իմաստով բնութագրում են իրենց իշխանության գործունեությունը, որն աղետ է:

Միայն չորս տարվա ընթացքում եթե այդքան մարդ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, նշանակում է, որ ուղղակի Հայաստանում ապագա չեն տեսնում, որևէ վստահություն չունեն ներկայումս վարվող քաղաքականության նկատմամբ ու փորձում են ՀՀ զինված ուժերում չծառայելու պատրվակով հրաժարվել քաղաքացիությունից: Ձախողել են ոչ միայն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայեցակարգը, այլ նաև՝ անվտանգ ու բարեկեցիկ երկիր ստեղծելու խնդիրը, և հիմա փորձում են օրենսդրական տարբեր խստացումներով ինչ-որ բան անել, ինչը չի հաջողվելու:

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝ MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *