Հարավային Կովկասը ԵՄ‑ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջան է, և Հայաստանը դարձել է այս բարդ հարևանության մեջ առանցքային գործընկեր։ Որպես միակ երկիրն այդ տարածաշրջանում, որը միաժամանակ իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ և բախվում է արտաքին սպառնալիքների, հիբրիդային ճնշումների ու կառուցվածքային տնտեսական կախվածության։
Սոսի Թաթիկյան
(Մաս առաջին)
Հայաստանը վերջին շրջանում ցուցաբերում է ռազմավարական հետաքրքրություն՝ խորացնելու հարաբերությունները Եվրոպական Միության (ԵՄ) հետ՝ դիտելով այն որպես ժողովրդավարության ամրապնդման, անվտանգության բազմազանեցման և տնտեսական զարգացման կարևոր գործընկեր։ Այս ձգտումը ձևավորվել է փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայի և ավանդական անվտանգության դաշինքներից՝ մասնավորապես Ռուսաստանի և ՀԱՊԿ‑ի նկատմամբ աճող հիասթափության ֆոնին։
Ի պատասխան՝ ԵՄ‑ն աստիճանաբար խորացրել է իր ներգրավվածությունը՝ հատկապես քաղաքացիական դիտորդական առաքելություն (EUMA) տեղակայելով այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկատարեց իր անվտանգության պարտավորությունները, իսկ ՀԱՊԿ‑ը չարձագանքեց Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Հետագայում ԵՄ‑ն Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) միջոցով հավանություն տվեց Հայաստանին ոչ մահաբեր ռազմական աջակցության տրամադրմանը՝ ինչը եղավ մեծ առաջընթաց ՀԱՊԿ-ին պաշտոնապես միացած գործընկերոջ հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում։
2024 թվականին մեկնարկեցին բանակցություններ ԵՄ-Հայաստան նոր Գործընկերության օրակարգի շուրջ, որը կփոխարինի 2018թ. CEPA‑ի շրջանակներում ընդունված Գործընկերության առաջնահերթություններին։ Թեև Հայաստանը պաշտոնապես ԵՄ անդամակցության դիմում չի ներկայացրել, երկու կարևոր իրադարձություն ճանապարհ է հարթել անդամակցության ձգտումների համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023թ. ելույթը Եվրոպական խորհրդարանում և Ազգային ժողովի 2024թ. ներկայացրած օրինագիծը։ ԵՄ‑ի կողմից վիզային ազատականացման երկխոսության մեկնարկը ևս ազդանշան է դարձած՝ դեպի ավելի ռազմավարական գործընկերություն շարժվելու։
Հարավային Կովկասը ԵՄ‑ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջան է, և Հայաստանը դարձել է այս բարդ հարևանության մեջ առանցքային գործընկեր։ Որպես միակ երկիրն այդ տարածաշրջանում, որը միաժամանակ իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ և բախվում է արտաքին սպառնալիքների, հիբրիդային ճնշումների ու կառուցվածքային տնտեսական կախվածության, Հայաստանը ներկայացնում է ինչպես մարտահրավեր, այնպես էլ հնարավորություն ԵՄ արտաքին քաղաքականության համար։ ԵՄ ներգրավվածությունը Հայաստանի հետ պետք է կարողանա հավասարակշռել ժողովրդավարական արժեքների առաջմղումն ու հրատապ աշխարհաքաղաքական իրողությունների արձագանքը՝ հատկապես տարածաշրջանային անկայունության և հակամարտության պայմաններում։ Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ և տնտեսական գործընկերությունները՝ հատկապես գազի և հաղորդակցման ոլորտներում, սահմանափակում են ԵՄ քաղաքական և անվտանգության աջակցությունը Հայաստանին։ Վրաստանի ԵՄ թեկնածու անդամակցության գործընթացի կասեցումը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների թուլացումը ևս ազդում են ԵՄ-Հայաստան համագործակցության լայն տարածաշրջանային համատեքստի վրա։ Բացի այդ, աճող եվրոատլանտյան տարաձայնությունները՝ մասնավորապես ԵՄ‑ի և ԱՄՆ‑ի միջև, սպառնում են խաթարել Հայաստանի նկատմամբ հավաքական արևմտյան աջակցության միասնականությունը։
Այս հոդվածը դիտարկում է երկու հիմնարար հարց. ի՞նչ չափով է Եվրոպական միությունը իր քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ հավասարակշռում իր նորմատիվ պարտավորությունները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ՝ իր աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի հետ։ Եվ ինչպես պետք է մեկնաբանել Հայաստանի փոփոխվող արտաքին քաղաքականությունը փոքր պետության վարքագծի տեսանկյունից — արդյո՞ք այն արտացոլում է ուղղության կտրուկ փոփոխություն (pivot), ապահովագրման (hedging), թե բազմավեկտոր (multi-alignment) ռազմավարություն՝ արձագանքելով տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխություններին։
[Շարունակելի]
