Հայաստան

Ի՞նչ Կարելի Է Անել, Իսկ Ինչ` Ոչ

Ելնելով Ուկրաինայում ունեցած խնդիրներից, դժվար է ակնկալել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիայի ուղղությամբ որևէ ռազմական գործողություն։ Սակայն Ֆինլանդիայի հանդեպ Ռուսաստանի կողմից հիբրիդային, այդ թվում կիբերային և ապատեղեկատվական հարձակումներն աճել են։

Սոսի Թաթիկյան

(Մաս հինգերորդ)

Թուրքիայի և Հունգարիայի կողմից խոչընդոտման փորձերը

ՆԱՏՕ֊ի ընթացակարգի համաձայն, Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության արձանագրությունները պետք է վավերացվեին ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարաններում։ Թուրքիան և Հունգարիան վերապահումներ ունեին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, սակայն, այնուամենայնիվ, վավերացրին համապատասխան արձանագրությունը, իսկ Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացումը սառեցվեց թե՛ Թուրքիայում, և թե Հունգարիայում։ Էրդողանի առարկությունները պայմանավորված էին երկու երկրներում գործող և Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) հանդեպ Ֆինլանդիայի և Շվեդիայի հանդուրժողականությամբ և նրանց հանդեպ միջոցներ կիրառելուց հրաժարվելով։ Օրբանի կողմից խոչընդոտումը պայմանավորված էր Հունգարիայում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ երկու երկրի քննադատությամբ։ Հունգարիան մի քանի անգամ հետաձգեցխորհրդարանում քվեարկությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ և պատվիրակություն ուղարկեց երկու երկրներ՝ «քաղաքական տարաձայնությունները» քննարկելու համար։ 

Երբ պարզ դարձավ, որ Թուրքիան խոչընդոտելու է Շվեդիայի անդամակցությանը, Ֆինլանդիան կանգնեց ընտրության առջև՝ սպասել Շվեդիայի հետ միասին հնարավոր անդամակցությանը կամ ընտրել միայնակ անդամակցելու ճանապարհը։ Պետական անվտանգությունից և ի տարբերություն Շվեդիայի, անմիջական անվտանգային ռիսկերից ելնելով, Ֆինլանդիան ընտրեց երկրորդ տարբերակը։ Սակայն Անկարա կատարած այցելության ժամանակ Ֆինլանդիայի նախագահը նշեց, որ եթե անգամ Ֆինլանդիայի անդամակցությունն ավելի արագ է հաստատվում, Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումները փոխլրացնող են։

2023-ին Ֆինլանդիան ամերիկյան Lockheed Martin ընկերությունից գնեց 64 հատ F-35 ինքնաթիռ, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի փետրվարին։ Բացի այդ, 2023-ի դեկտեմբերին ֆիննական ռազմարդյունաբերական Patria ընկերությունը Lockheed Martin֊ի հետ ստորագրեց Ֆինլանդիայի կարողությունները զարգացնելու համաձայնագիր, այսինքն՝ ինքնաթիռի պատրաստվածությունն ապահովելու վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի, Ֆինլանդիայի պաշտպանության ուժերն ազգային լուծում կստանան F-35֊ի նյութատեխնիկական սպասարկման և տեխնոլոգիական զարգացման համար։ Patria ընկերությունը կհամագործակցի Ֆինլանդիայի արդյունաբերական ոլորտի հետ՝ ինքնաթիռի բաղադրիչները հավաքելու նպատակով։ Ֆինլանդիայում կստեղծվեն 600 աշխատատեղեր՝ այս համաձայնագիրը մինչև 2031֊ը կենսագործելու համար։

Վերջապես, 2023-ի դեկտեմբերին ԱՄՆ֊ն ու Ֆինլանդիան ստորագրեցին պաշտպանական համագործակցության ոլորտում համաձայնագիր։ ԱՄՆ֊ն այսպիսի համաձայնագրեր ունի նաև Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ։ Շվեդիայի հետ այդ համաձայնագիրը ստորագրվեց մի քանի օր ավելի վաղ, թեև ՆԱՏՕ֊ին Շվեդիայի անդամակցության գործընթացն ավարտվեց երեք ամիս հետո։

Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հապշտապ քայլ էր Ֆինլանդիայի կողմից, և իշխանությունները որոշումը կայացնելիս հաշվի չեն առել հանրային կարծիքն ու չեն անցկացրել հանրաքվե։ Ռուսաստանը նշեց, որ ՆԱՏՕ-ն ևս մեկ քայլ է կատարել մոտենալու Ռուսաստանի տարածքին և սպառնաց, ստիպված կլինի պատասխան ռազմա-տեխնիկական քայլեր ձեռնարկել՝ հզորացնելու համար երկրի սահմանային պաշտպանությունը և ռազմական անվտանգությունը արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Քայլերի ընտրությունը կախված կլինի ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի ինտեգրման պայմաններից, ինչպես օրինակ՝ ՆԱՏՕ-ի զինված ուժերի, ռազմական ենթակառուցվածքների և գրոհային զենքերի համակարգերի տեղակայումից։ 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիայի կայացրած «իմաստուն» քաղաքականությունը՝ չանդամակցելու որևէ ռազմական դաշինքի և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարևանների հետ։ Ռուսաստանի կարծիքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը «խաթարել է Ֆինլանդիայի ինքնությունն ու անկախությունը»՝ Ֆինլանդիան դարձնելով ՆԱՏՕ-ի անդամ փոքր պետություններից մեկը, որոնք որևէ որոշում չեն կարող կայացնել և միջազգային հարաբերություններում զրկվում են խոսքից։ Նշվել է, որ պատմությունը ցույց կտա ՆԱՏՕ-ին անդամակցության հետևանքները, և Ֆինլանդիայի այս որոշումը բացասաբար կանդրադառնա ռուս-ֆիննական հարաբերությունների վրա։ 

Ելնելով Ուկրաինայում ունեցած խնդիրներից, դժվար է ակնկալել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիայի ուղղությամբ որևէ ռազմական գործողություն։ Սակայն Ֆինլանդիայի հանդեպ Ռուսաստանի կողմից հիբրիդային, այդ թվում կիբերային և ապատեղեկատվական հարձակումներն աճել են։ ՆԱՏՕ֊ին անդամակցելուց հետո Ռուսաստանի կողմից որևէ գործողություն ֆիննական սահմանների մոտ չի նկատվել, սակայն Ռուսաստանը կիրառեց հերթական հիբրիդային միջոցը՝ անօրինական զանգվածային արտագաղթը ուղղորդելով դեպի Ֆինլանդիա, որին ի պատասխան Ֆինլանդիան երկու երկրների միջև պատնեշ կառուցելու որոշում ընդունեց։ Ուկրաինական պատերազմի հետևանքով, մեծ քանակությամբ ռուսաստանցի տղամարդիկ փախել են Ֆինլանդիա, որպեսզի խուսափեն ռազմական մոբիլիզացումից։ Ֆինլանդիան դադարեցրել է մուտքի արտոնագրեր տրամադրել ՌԴ-ի քաղաքացիներին, դա բացատրելով նրանով, որ անընդունելի է Ռուսաստանի վերին ու միջին խավի քաղաքացիներին արձակուրդներ անցկացնել Եվրոպայում, մինչ նրանց բանակը հանցագործություն է գործում Ուկրաինայում։

[Շարունակելի]

Աղբյուրը`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *