Ղազախստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր պետություն է, իսկ այդ կազմակերպության անդամները, որպես կանոն, զինծառայողների կրթության, վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման հարցերում նախապատվությունը տալիս են Ռուսաստանի Դաշնության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններին, առաջին հերթին՝ Գլխավոր շտաբի ակադեմիային:
Վահրամ Աթանեսյան
Հունիսի 4-ին Ղազախստանի Սենատը հավանություն է տվել կառավարության նախաձեռնած՝ «Տարածքային պաշտպանության մասին» օրենքին: Այն նախատեսում է ստեղծել «տեղական ինքնապաշտպանության զինված կազմավորումներ», որ կենթարկվեն կառավարությանը եւ երկրի նախագահին: Կառավարությունը հիմնավորել է, որ տարածաշրջանում եւ նրա շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները լիովին կանխատեսելի չեն, Զինված ուժերին զուգահեռ բնակչության անվտանգության ապահովման այլ կառույցների ստեղծման անհրաժեշտություն կա: Օրենքը նաեւ թույլ է տալիս հավաքագրել կամավորականների, որոնք ըստ անհրաժեշտության կարող են ներառնվել Զինված ուժերում եւ կատարել մարտական առաջադրանքներ: Նման օրենքի ընդունումը վկայում է, որ Ղազախստանը հավանական է համարում արտաքին ագրեսիան կամ ներքին անկայունության հրահրումը, երբ հարկ կլինի գործի դնել տեղական ինքնապաշտպանության համակարգը: Ուշագրավ է, որ Ղազախստանի Սենատը «Տարածքային պաշտպանության մասին» օրենքը քվեարկել է երկրի նախկին նախագահ Նազարբաեւի Մոսկվա այցից երկու օր հետո: Նազարբաեւը Կրեմլում փակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հունիսի 6-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Լոնդոն, որտեղ բրիտանական կողմի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել: Kazinfo-ի փոխանցմամբ, փաստաթուղթը նախատեսում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները հաստատում են 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը:
Մամուլին բրիտանա-ղազախստանյան ռազմական համագործակցության ծրագրի մանրամասնությունները հայտնի չեն: Հրապարակային տեղեկատվությունը վերաբերում է խաղաղապահ առաքելության, լեզվական ուսուցման եւ Մեծ Բրիտանիայի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում ղազախստանցի զինվորականների կրթության ոլորտներում համագործակցությանը:
Այս համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կապ ունի «Տարածքային պաշտպանության մասին» օրենքի ընդունման հետ: Ղազախստանը փաստացի ձեռնամուխ է եղել «այլընտրանքային զինված ուժերի» ստեղծման ծրագրի իրականացմանը, որ առաջին հերթին պահանջում է զինվորական նոր կադրեր: Եւ եթե այդ բնագավառում Աստանան նախապատվություն է տալիս Մեծ Բրիտանիայի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պետք է ենթադրել, որ Տոկաեւի «տեղական պաշտպանության բանակը» կազմավորվում է աշխարհաքաղաքական ավելի լուրջ դերակատարության նկատառմամբ:
Ղազախստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր պետություն է, իսկ այդ կազմակերպության անդամները, որպես կանոն, զինծառայողների կրթության, վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման հարցերում նախապատվությունը տալիս են Ռուսաստանի Դաշնության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններին, առաջին հերթին՝ Գլխավոր շտաբի ակադեմիային:
Մեծ Բրիտանիայի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, չի ենթադրում, որ այդ ոլորտում Ղազախստանը Ռուսաստանի հետ կապերը խզում է կամ գործող համաձայնությունները չեղարկում է, բայց փաստը խոսուն է: Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Մոսկվան մշտապես կարեւորում է Կիեւին Լոնդոնի աջակցությունը, բրիտանական կողմին մեղադրում, որ ճնշում է գործադրել եւ Ուկրաինայի նախագահին ետ պահել 2022 թվականին Ստամբուլում «նախաստորագրած փաստաթուղթը» վավերացնելուց: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը վերջին ամիսներին առնվազն երեք հաղորդագրությամբ Մեծ Բրիտանիային մեղադրել է Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դեմ գործելու մեջ:
Այս համատեքստում բրիտանա-ղազախստանյան ռազմական համագործակցությունը չի կարող չհարուցել Մոսկվայի դժգոհությունը: Ի՞նչէ ծրագրում Ղազախստանի նախագահ Տոկաեւը: Աշխարհաքաղաքական զարգացումների վերլուծությունը թելադրում է, որ Աստանան դիստանցավորվի՞ ՀԱՊԿ-ից:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Աղբյուրը՝ tiv1.amhttps://tiv1.am/252980.html?fbclid=IwQ0xDSwKw7HNleHRuA2FlbQIxMQABHnytUFSkMnDtcnQ9RhotRlt9UnN21dI6Ca2rn3Y6swBA36esoP7Yc_00bEQ7_aem_dHjc4O4xYNUZcYhc0rfwXA
