Մութալիբովը հետագայում խոստովանել է, որ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին Ադրբեջանը մասնակցել եւ գրեթե միաձայն «կողմ» է քվեարկել մի պայմանով՝ Գորբաչովը պետք է արտոներ Լեռնային Ղարաբաղում, Գետաշենում եւ Շահումյանի շրջանում «հայկական ապօրինի զինված խմբավորումների կազմալուծման» հատուկ գործողություն անցկացնել, ինչը եւ տեղի է ունեցել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 13
«Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակը Վիկտոր Կրիվոպուսկովը պատմում է Ստեփանակերտ հերթական գործուղումից հետո ԽՍՀՄ փոխնախագահ Յանաեւի հետ հանդիպման մասին: Նա, իհարկե, այնպես է ներկայացնում, որ դա երկու նախկին կոմերիտական պաշտոնյաների «ընկերական զրույց» էր, որի ընթացքում, սակայն, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Խիստ ուշագրավ է, որ ԽՍՀՄ փոխնախագահը ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետից տեղեկություն է «խնդրել» ղարաբաղյան «հայ-ադրբեջանական խառն ամուսնությունների ընտանիքների թվաքանակի, նրանց տրամադրվածությունների մասին»:
Ե՞րբ է տեղի ունեցել այդ եւ հետագա եւս երկու-երեք հանդիպումների շարքը՝ հեղինակը կոնկրետ ժամանակ չի նշում:
Դատելով «մտերմիկ զրույցների» թեմատիկայից, Յանաեւը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին «երկրորդ ձեռքից» տեղեկատվության կարիք զգացել է 1991 թվականի հունիս-հուլիս-օգոստոս ՝ «Կոլցո» ռազմագործողության անցկացման ամիսներին: Աչքի է զարնում, որ այդ քննարկումներում անդրադարձ չի կատարվել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը, ինչպես նաեւ ինքնավար մարզում իշխանության սահմանադրական մարմինների վերականգնման հեռանկարի:
Ստեփանակերտում «առճակատումից՝ երկխոսություն» քաղաքական նոր ուղեգծի ամենաեռանդուն գործիչ Վալերի Գրիգորյանի սպանությունից ուղիղ 8 օր հետո, 1991 թվականի օգոստոսի 18-ին Խորհրդային Միության պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Մոսկվայում կազմավորվել է իշխանության նոր մարմին՝ Արտակարգ դրության պետական կոմիտե, որի նախագահ է նշանակվել ԽՍՀՄ փոխնախագահ Յանաեւը, անդամներ՝ կառավարության ղեկավար Պավլովը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Յազովը եւ Պուգոն, ինչպես նաեւ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովը: Իշխանության ոչ սահմանադրական այդ մարմինը հռչակել է Խորհրդային Միության փլուզումը կանխելու, միասնակ-միութեանական պետությունը պահպանելու նպատակ:
Ավելի քան մեկ տասնամյակ անց, արդեն լինելով ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Օլեգ Եսայանը հիշել է, որ, ստանալով Մոսկվայում փաստացի պետական հեղաշրջման մասին լուրը, Լեռնային Ղարաբաղի մարզգործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է կատարվածի նկատմամբ քաղաքական վերաբերմունք արտահայտելու հարցը: Բուռն քննարկումներից հետո մարզգործկոմը որոշել է երեք օրյա պաուզա պահել, ոչ ողջունել, ոչ քննադատել կատարվածը:
Օգոստոսի 21-ին Մոսկվայում իրավիճակը հանգուցալուծվում է հօգուտ ժողովրդավարական ուժերի, որոնց գլխավորում էր Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Ելցինը: Արտակարգ դրության պետական կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվում են, բացի ՆԳ նախարար Պուգոյի, որ ծառայողական առանձնասենյակում ինքնասպանություն է գործում: ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը վերադառնում է Կրեմլ, որտեղ փաստացի իշխանությունն արդեն անցել էր Ելցինին:
Այստեղ կարեւոր է անդրադառնալ պատմական մի փաստի, որին, որքանով դիտարկվում է, ոչ ոք խորքային ուշադրություն չի դարձրել. Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի օրը՝ 1991 թվականի օգոստոսի 18-ին, Ադրբեջանի նախագահ Մութալիբովը, որ պատրաստվում էր նախագահի առաջին-համաժողովրդական ընտրություններին, գտնվել է Թեհրանում, որտեղ արժանացել է բարձր մակարդակի ընդունելության:
Մութալիբովը հետագայում խոստովանել է, որ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին Ադրբեջանը մասնակցել եւ գրեթե միաձայն «կողմ» է քվեարկել մի պայմանով՝ Գորբաչովը պետք է արտոներ Լեռնային Ղարաբաղում, Գետաշենում եւ Շահումյանի շրջանում «հայկական ապօրինի զինված խմբավորումների կազմալուծման» հատուկ գործողություն անցկացնել, ինչը եւ տեղի է ունեցել: Մեծ է հավանականությունը, որ Մութալիբովը Թեհրան է գործուղվել պետական հեղաշրջման կազմակերպիչների կողմից, որպեսզի հնարավոր ֆորս-մաժորի դեպքում Իրանը չմիջամտի Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք արդեն լայնածավալ բռնատեղահանությանը:
Նույն օրը՝ 1991թվականի օգոստոսի 18-ին, Մութալիբովը Բաքու թռիչքից առաջ Թեհրանի օդանավակայանում ճեպազրույց է կազմակերպել եւ խստորեն քննադատել Գորբաչովին, ողջունել Արտակարգ դրության պետական կոմիտեի կազմավորումը եւ հույս հայտնել, որ կհաջողի Խորհրդային Միությունում կարգուկանոն հաստատել, կասեցնել անջատողական շարժումները, խստագույն պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին եւ աջակիցներին:
Մութալիբովն, անկասկած, հույս ուներ, որ իշխանության արտակարգ մարմինը թույլ կտա ավարտին հասցնել ԼՂ հայ բնակչության բռնատեղահանությունը: Ըստ երեւույթին, Վալերի Գրիգորյանի սպանությունը կազմակերպվել էր Ստեփանակերտում զինված բախումներ հրահրելու եւ այդ առիթը նոր պատժիչ գործողությունների համար օգտագործելու նպատակով: Մոսկվայում ժողովրդավարական ուժերի հաղթանակն արմատապես փոխել է իրավիճակը եւ ԼՂ-ում ուժերի հարաբերակցությունը:
(Շարունակելի)
