Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Այսպիսով, Բաքուն արդեն իր հատուկ ծառայությունների եւ ուժային մյուս կառույցների միջոցով քայլ առ քայլ գնում էր իրավիճակի սրացման: Զուգահեռաբար բացահայտվում են հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այդ ամիսներին  ՆԳ եւ Պետական անվտանգության մարզային վարչության մի խումբ հայ սպաներ Լեռնային Ղարաբաղից հեռանում են Ռուսաստան: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 15 

1991թվականի սեպտեմբերի 20 –ին ռուսաստանյան նորաստեղծ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով Բաքվի իր աղբյուրներին, գրել է, որ Ռուսաստանի նախագահ Ելցինը ժամանել է Ադրբեջան, որպեսզի մեկնի Ստեփանակերտ եւ կարգավորի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց «Մութալիբովը մերժել է նրա նախաձեռնությունը եւ հայտարարել, որ դա իր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտություն է»: Նույն օրը, հավանաբար Ելցինի խնդրանքով, Բաքու է ժամանել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Մութալիբովը նրան անվանել է «մեծ բարեկամ»: Ըստ «Կոմերսանտի»՝ Ելցինը նախօրոք Ստեփանակերտ է գործուղել պետական քարտուղար Բուրբուլիսին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ քաղաքական առաջատար դեմքերին «նախապատրաստի փոխզիջումների»: 

Սեպտեմբերի 21-ին Ելցինը, Նազարբաեւը եւ Մութալիբովը ժամանել են Ստեփանակերտ: Վստահելի աղբյուրների ասելով՝ նրանք վայրէջք են կատարել Գյանջայի օդանավակայանում, ապա ռազմական ուղղաթիռներով հասել Ստեփանակերտ: Ստեփանակերտում Մութալիբովը հրապարակային ոչ մի հանդիպման չի մասնակցել՝ ամբողջ ժամանակ գտնվելով նախկին մարզկոմի շենքում, որտեղ տեղակայված էր հանրապետական Կազմկոմիտեն՝ Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ: Ելցինը եւ Նազարբաեւը նախ փակ հանդիպում են ունեցել մարզգործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի, ապա Ղարաբաղյան Շարժման մի խումբ ներկայացուցիչների հետ, ապա Ռուսաստանի նախագահը հազարավոր մարդկանց առաջ հրապարակային ելույթ է ունեցել: 

Այդ միջոցառման ժամանակ կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» ծրագրի Ադրբեջանում թղթակից Մայիս Մամեդովը բացահայտ սադրանք է կազմակերպել՝ վեճի մեջ մտնելով Ելցինին դիմավորելու եկած մի խումբ հայ երիտասարդների հետ: Դա ակնհայտորեն Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված միջադեպ էր, որի նպատակն էր միութենական հեռուստադիտողին ցույց տալ, որ Ստեփանակերտում «ադրբեջանցիների նկատմամբ անհանդուրժողականություն է տիրում»: Ելցինը եւ Նազարբաեւ նույն օրը վերադարձել են Գյանջա: Սեպտեմբերի 22-ին, Հայաստանում անկախության հանրաքվեի եւ նախագահի ընտրության հաջորդ օրը, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները բանակցություններ են սկսել Ժելեզնովոդսկում: 

Ըստ պաշտոնապես հրապարակված կոմյունիկեի՝ կողմերի պայմանավորվել են մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը փոխադարձաբար չեղյալ ճանաչել ԼՂ մասին ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող բոլոր իրավական ակտերը, կազմացրել ոչ ֆորմալ զինված խմբավորումները, հնարավորություն ստեղծել, որպեսզի բռնատեղահանված մարդիկ վերադառնան իրենց մշատկան բնակության վայրերը: Կոմյունիկեն ստորագրել են ՌԴ, Ղազախստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Պաշտոնական տեքստում արված է հավելում, որ փաստաթղթի քննարկմանը մասնակցել են Լեոնարդ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վագիֆ Ջաֆարովը եւ Սամսոն Ոսկանյանը: Վերջինս ներկայացրել է Շահումյանի շրջանի, Վագիֆ Ջաֆարովը, որ նաեւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր էր՝ Շուշիի ադրբեջանցիների շահերը: Ժելեզնովոդսկի բանակցությունները փաստացի ԼՂ հակամարտությունը լայնածավալ պատերազմի չվերածելու, հարցը քաղաքական ճանապարհով կարգավորելու, ինքնավար մարզում օրինական-սահմանադրական իշխանություն հաստատելու վերջին փորձն էր: Մինչ այդ, սակայն, Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել էր «Ինքնիշխանության մասին» հռչակագիր, որտեղ առաջին անգամ հիշատակվում էր 1918-20 թվականների «դեմոկրատական հանրապետության» իրավահաջորդությունը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար հիմք է ծառայել հենց այդ իրավական ակտը. եթե Ադրբեջանը ԽՍՀՄ իրավազորությունից դուրս է գալիս, ապա ԼՂ-ն ստանում է իր կարգավիճակը որոշելու իրավունք: Ժելեզնովոդսկի բանակցություններից որոշ ժամանակ անց Շուշիում տեղի է ունենում քաղաքական լուրջ փոփոխություն. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վագիֆ Ջաֆարովն ազատվում է շրջխորհրդի գործկամի նախագահի պաշտոնից: Փաստացի դա նշանակում էր, որ ԼՂ այսպես կոչված «ադրբեջանական համայնքը» դուրս է գալիս ժելեզնովոդսկյան պայմանավորվածություններից: Ջաֆարովի փոխարեն Շուշիի շրջանի ղեկավար է նշանակվում Միքայիլ Գյոզալովը: Վերջինս ծնունդով Աղդամի շրջանից էր, Շուշիում գլխավորել է շինարարական կազմակերպություն, իսկ 1989 թվականին Ադրբեջանի կառավարությունը նրան է վերապահել Լեռնային Ղարաբաղում շինարարության ամբողջ վերահսկողությունը: 

Վագիֆ Ջաֆարովին փոխարինելով Միքայիլ Գյոզալովով՝ Ադրբեջանի իշխանությունները միաժամանակ նրա վրա են դնում Շուշիում եւ մյուս ադրբեջանաբնակ համայնքներում «ինքնապաշտպանության գործի կազմակերպումը»: Այսպիսով, Բաքուն արդեն իր հատուկ ծառայությունների եւ ուժային մյուս կառույցների միջոցով քայլ առ քայլ գնում էր իրավիճակի սրացման: Զուգահեռաբար բացահայտվում են հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այդ ամիսներին  ՆԳ եւ Պետական անվտանգության մարզային վարչության մի խումբ հայ սպաներ Լեռնային Ղարաբաղից հեռանում են Ռուսաստան: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *