Այսպիսով, Բաքուն արդեն իր հատուկ ծառայությունների եւ ուժային մյուս կառույցների միջոցով քայլ առ քայլ գնում էր իրավիճակի սրացման: Զուգահեռաբար բացահայտվում են հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այդ ամիսներին ՆԳ եւ Պետական անվտանգության մարզային վարչության մի խումբ հայ սպաներ Լեռնային Ղարաբաղից հեռանում են Ռուսաստան:
Վահրամ Աթանեսյան
Մաս 15
1991թվականի սեպտեմբերի 20 –ին ռուսաստանյան նորաստեղծ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով Բաքվի իր աղբյուրներին, գրել է, որ Ռուսաստանի նախագահ Ելցինը ժամանել է Ադրբեջան, որպեսզի մեկնի Ստեփանակերտ եւ կարգավորի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց «Մութալիբովը մերժել է նրա նախաձեռնությունը եւ հայտարարել, որ դա իր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտություն է»: Նույն օրը, հավանաբար Ելցինի խնդրանքով, Բաքու է ժամանել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Մութալիբովը նրան անվանել է «մեծ բարեկամ»: Ըստ «Կոմերսանտի»՝ Ելցինը նախօրոք Ստեփանակերտ է գործուղել պետական քարտուղար Բուրբուլիսին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ քաղաքական առաջատար դեմքերին «նախապատրաստի փոխզիջումների»:
Սեպտեմբերի 21-ին Ելցինը, Նազարբաեւը եւ Մութալիբովը ժամանել են Ստեփանակերտ: Վստահելի աղբյուրների ասելով՝ նրանք վայրէջք են կատարել Գյանջայի օդանավակայանում, ապա ռազմական ուղղաթիռներով հասել Ստեփանակերտ: Ստեփանակերտում Մութալիբովը հրապարակային ոչ մի հանդիպման չի մասնակցել՝ ամբողջ ժամանակ գտնվելով նախկին մարզկոմի շենքում, որտեղ տեղակայված էր հանրապետական Կազմկոմիտեն՝ Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ: Ելցինը եւ Նազարբաեւը նախ փակ հանդիպում են ունեցել մարզգործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի, ապա Ղարաբաղյան Շարժման մի խումբ ներկայացուցիչների հետ, ապա Ռուսաստանի նախագահը հազարավոր մարդկանց առաջ հրապարակային ելույթ է ունեցել:
Այդ միջոցառման ժամանակ կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» ծրագրի Ադրբեջանում թղթակից Մայիս Մամեդովը բացահայտ սադրանք է կազմակերպել՝ վեճի մեջ մտնելով Ելցինին դիմավորելու եկած մի խումբ հայ երիտասարդների հետ: Դա ակնհայտորեն Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված միջադեպ էր, որի նպատակն էր միութենական հեռուստադիտողին ցույց տալ, որ Ստեփանակերտում «ադրբեջանցիների նկատմամբ անհանդուրժողականություն է տիրում»: Ելցինը եւ Նազարբաեւ նույն օրը վերադարձել են Գյանջա: Սեպտեմբերի 22-ին, Հայաստանում անկախության հանրաքվեի եւ նախագահի ընտրության հաջորդ օրը, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները բանակցություններ են սկսել Ժելեզնովոդսկում:
Ըստ պաշտոնապես հրապարակված կոմյունիկեի՝ կողմերի պայմանավորվել են մինչեւ 1992 թվականի հունվարի 1‑ը փոխադարձաբար չեղյալ ճանաչել ԼՂ մասին ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող բոլոր իրավական ակտերը, կազմացրել ոչ ֆորմալ զինված խմբավորումները, հնարավորություն ստեղծել, որպեսզի բռնատեղահանված մարդիկ վերադառնան իրենց մշատկան բնակության վայրերը: Կոմյունիկեն ստորագրել են ՌԴ, Ղազախստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Պաշտոնական տեքստում արված է հավելում, որ փաստաթղթի քննարկմանը մասնակցել են Լեոնարդ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վագիֆ Ջաֆարովը եւ Սամսոն Ոսկանյանը: Վերջինս ներկայացրել է Շահումյանի շրջանի, Վագիֆ Ջաֆարովը, որ նաեւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր էր՝ Շուշիի ադրբեջանցիների շահերը: Ժելեզնովոդսկի բանակցությունները փաստացի ԼՂ հակամարտությունը լայնածավալ պատերազմի չվերածելու, հարցը քաղաքական ճանապարհով կարգավորելու, ինքնավար մարզում օրինական-սահմանադրական իշխանություն հաստատելու վերջին փորձն էր: Մինչ այդ, սակայն, Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել էր «Ինքնիշխանության մասին» հռչակագիր, որտեղ առաջին անգամ հիշատակվում էր 1918–20 թվականների «դեմոկրատական հանրապետության» իրավահաջորդությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար հիմք է ծառայել հենց այդ իրավական ակտը. եթե Ադրբեջանը ԽՍՀՄ իրավազորությունից դուրս է գալիս, ապա ԼՂ‑ն ստանում է իր կարգավիճակը որոշելու իրավունք: Ժելեզնովոդսկի բանակցություններից որոշ ժամանակ անց Շուշիում տեղի է ունենում քաղաքական լուրջ փոփոխություն. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վագիֆ Ջաֆարովն ազատվում է շրջխորհրդի գործկամի նախագահի պաշտոնից: Փաստացի դա նշանակում էր, որ ԼՂ այսպես կոչված «ադրբեջանական համայնքը» դուրս է գալիս ժելեզնովոդսկյան պայմանավորվածություններից: Ջաֆարովի փոխարեն Շուշիի շրջանի ղեկավար է նշանակվում Միքայիլ Գյոզալովը: Վերջինս ծնունդով Աղդամի շրջանից էր, Շուշիում գլխավորել է շինարարական կազմակերպություն, իսկ 1989 թվականին Ադրբեջանի կառավարությունը նրան է վերապահել Լեռնային Ղարաբաղում շինարարության ամբողջ վերահսկողությունը:
Վագիֆ Ջաֆարովին փոխարինելով Միքայիլ Գյոզալովով՝ Ադրբեջանի իշխանությունները միաժամանակ նրա վրա են դնում Շուշիում եւ մյուս ադրբեջանաբնակ համայնքներում «ինքնապաշտպանության գործի կազմակերպումը»: Այսպիսով, Բաքուն արդեն իր հատուկ ծառայությունների եւ ուժային մյուս կառույցների միջոցով քայլ առ քայլ գնում էր իրավիճակի սրացման: Զուգահեռաբար բացահայտվում են հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այդ ամիսներին ՆԳ եւ Պետական անվտանգության մարզային վարչության մի խումբ հայ սպաներ Լեռնային Ղարաբաղից հեռանում են Ռուսաստան:
(Շարունակելի)
