Տարածաշրջանը պատերազմի մեջ է, և Հայաստանը չի կարող հաշվի չառնել, որ հարևանությամբ, մոտ երեք հարյուր կիլոմետր սահմանով կա Թուրքիա, որը Ադրբեջանի դաշնակիցն է:
Թաթուլ Հակոբյան
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Թվում է՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է: Այս ձևակերպումը՝ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՈՒԺ, տվել է Սիմոն Վրացյանը, ում կառավարությանը բաժին հասավ քեմալականների հետ ստորագրելու Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որով Հայաստանը իրավաբանորեն կորցրեց Հայաստանի կեսը, իսկ մյուս կեսը փոխանցվեց բոլշևիկներին:
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի, արտաքին քաղաքականության հարցերում թույլ է տվել աղետալի սխալներ, որոնք անդառնալի են:
Այսօր Փաշինյանը մեկնում է Թուրքիա:
Սա լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ, թրքասեր կամ հակառուս քայլ չէ, սա այլընտրանք չունեցող քայլ է:
Հայաստանը անկախության ճանապարհը, ցավոք, անցնում է Թուրքիայով:
Տարածաշրջանը պատերազմի մեջ է, և Հայաստանը չի կարող հաշվի չառնել, որ հարևանությամբ, մոտ երեք հարյուր կիլոմետր սահմանով կա Թուրքիա, որը Ադրբեջանի դաշնակիցն է:
Թուրքիա-Հայաստան սահմանի բացմանը կատաղի դեմ է Ադրբեջանը, կտրականապես դեմ է Ռուսաստանը, դեմ է մեր Սփյուռքի մեծ մասը, որովհետև Սփյուռքը Թուրքիայի հետ սահման չունի, Թուրքիայի հետ սահման ունի Հայաստանը:
Հիմա հարցնելու եք՝ իսկ գինը որն է:
Գինը Հայաստանի այսօրվա փակուղային վիճակն է:
Գինը հայ զինվորի արյան գնով հաղթանակը վատնելն էր, դիվանագիտության փոխարեն լոբբինգով զբաղվելը:
Ես չեմ ուզում պատասխանել նախկին դիվանագետների խոսքերին, ովքեր շարունակում են զբաղվել լոբբիզմով և տարբեր վայրերից հոխորտալ Թուրքիայի հասցեին:
Քաջություն պետք չէ ունենալ՝ դրսից Թուրքիային քննադատելու համար:
Դուք ելքեր ասեք:
Ասում եք՝ թրքամետ Նիկոլը պիտի հեռանա:
Դուք անգամ դրա ճանապարհը չեք ասում: Այո, պետք է հեռանա, պետք է հեռանար 2020-ի արհավիրքից հետո:
Բայց չի հեռանում:
Թ. Հ.
20 հունիսի, 2025, Դովեղ
Աղբյուրը ՝ Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1DHJ9Wr7qc/?mibextid=wwXIfr
