Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Նույն օրն Ադրբեջանի կառավարությունը պաշտոնական հայտարարություն է արել, որ չի վստահում ուղղաթիռի աղետի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կազմավորած միջգերատեսչական հանձնաժողովի անաչառությանը եւ հրաժարվում է նրան տրամադրել խորտակված ուղղաթիռի «սեւ արկղը»: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 17 

1991թվականի նոյեմբերի 23-ին Բաքվում կազմակերպվել է ուղղաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հուղարկավորման հրապարակային արարողություն: Պետական գործիչները հողին են հանձնվել այսպես կոչված «շահիդների պուրակում», որ պետական որոշմամբ ստեղծվել է 1990 թվականի հունվարին խորհրդային զորքերին զինված դիմադրություն ցույց տալու հետեւանքով սպանվածների հիշատակը հավերժացնելու համար: Հուղարկավորությունը վերածվել է բազմահազարանոց բողոքի ցույցի, որի մասնակիցները «թշնամի» են հռչակել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի եւ առհասարակ ամբողջ աշխարհի հայությանը: Տասնյակ հազարավոր մարդկանց առջեւ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Մութալիբովը:

ԼՂ հակամարտության ավելի քան երեք տարիների ընթացքում առաջին անգամ նա իրավիճակը գնահատել է  որպես «Հայաստանի կողմից Ադրբեջանին հայտարարված ագրեսիվ պատերազմ»: Մութալիբովն ասել է, որ «պատերազմն իր օրենքներն ունի եւ դրանից մեկը զոհաբերությունն է, զոհաբերությանը պատրաստ լինելը»: Ուղղաթիռի աղետի հետեւանքով կյանքից զրկված պետական գործիչներին նա անվանել է «հանուն հայրենիքի անկախության եւ նրա տարածքային ամբողջականության պահպանման համար նահատակներ»: Խիստ ուշագրավ է, որ բազմահազարանոց ամբոխի առջեւ ելույթ է ունեցել նաեւ Բաքվում Իրանի իսլամական հանրապետության գլխավոր հյուպատոսը: Նա խոսել է ադրբեջաներեն եւ զոհվածներին անվանել «հավատի զոհեր»: Նույն օրն Ադրբեջանի կառավարությունը պաշտոնական հայտարարություն է արել, որ չի վստահում ուղղաթիռի աղետի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կազմավորած միջգերատեսչական հանձնաժողովի անաչառությանը եւ հրաժարվում է նրան տրամադրել խորտակված ուղղաթիռի «սեւ արկղը»: 

Միաժամանակ Ադրբեջանի դատախազությունը հարուցում է քրեական գործ՝ «ահաբեկչության» կանխավարկածով: Ուղղաթիռի աղետին նախորդած իրադարձությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այդ գործողության կազմակերպմամբ կարող էին շահագրգռված լինել մի քանի ուժեր, բայց հիմնական կասկածն ընկնում է Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն զբաղեցրած Հեյդար Ալիեւը: Նա առաջին որոշմամբ ինքնավարության տարածքում կասեցրել է Ադրբեջանի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունը: Հայտնի իրողություն է, որ պաշտոնն ստանձնելուց հետո Մութալիբովը դատախազությանը հանձնարարել է Հեյդար Ալիեւի դեմ «անջատողականության» մեղադրանքով քրեական գործ հարուցել, ՆԳ հատուկ նշանակության ստորաբաժանումը Նախիջեւան մեկնելու եւ Հեյդար Ալիեւին ձերբակալելու, Բաքու տեղափոխելու հրաման է ստացել: 

Նույն օրերին Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները տարածել են Հեյդար Ալիեւի հայտարարությունը, որով նա սպառնում էր ոտքի կանգնեցնել ինքնավարության «240 հազար բնակչությունը՝ պաշտպանելու իրենց հայրենիքը եւ նրա առաջնորդին»: Հետագա իրադարձությունները վկայում են, որ դա անհիմն սնապարծություն չէր, Ալիեւը պատրաստ էր անգամ քաղաքացիական պատերազմի գնով ամրապնդվել Նախիջեւանում, որպեսզի ապագայում տիրանա Ադրբեջանի կենտրոնական իշխանությանը: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *