Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ըստ տեղեկությունների, այդ գիշեր իրանական կողմից Նախիջեւան մի քանի հարյուր միավոր հրաձգային զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ ահռելի չափերի հասնող թմրանյութ է տեղափոխվել:

Վահրամ Աթանեսյան

Մաս 18

Ուղղաթիռի աղետից զոհվածների հուղարկավորության 1991թվականի նոյեմբերի 23-ի արարողությանը Բաքվում Իրանի իսլամական հանրապետության գլխավոր հյուպատոսի ներկայությունը եւ ելույթը Լեռնային Ղարաբաղի խնդիրը կրոնա-քաղաքակրթական հարթությունում դիտարկելու առաջին հրապարակային փորձն էր: Դրանից մոտ երկու տարի առաջ, 1989 թվականի տարեվերջին, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» շարժման Նախիջեւանի կառույցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդա-իրանական սահմանի ինժեներա-տեխնիկական կառույցների ապամոնտաժում:

Դեկտեմբերի լույս 31-ի գիշերը Նախիջեւանի ինքնավարության տարածքում խորհրդա-իրանական սահմանն ամբողջովին քանդված էր: Երկու կողմից տասնյակ հազարավոր մարդիկ Արաքսի ձմեռային ջրերում տոնել են «պատմական միավորումը»: Ըստ տեղեկությունների, այդ գիշեր իրանական կողմից Նախիջեւան մի քանի հարյուր միավոր հրաձգային զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ ահռելի չափերի հասնող թմրանյութ է տեղափոխվել:

Առանց խորհրդային ՊԱԿ-ի գիտության, որին ենթարկվում էին սահմանապահ զորքերը, նման ծավալի սահմանախախտում չէր կարող լինել: Ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկություններով՝ Իրանից Նախիջեւան տեղափոխված զենքը, զինամթերքը եւ թմրանյութերը քաղաքացիական օդանավերով տեղափոխվել են Բաքու, որտեղ Ժողովրդական ճակատը պատրաստվում էր զինված ապստամբությամբ տապալել Աբդուռահման Վեզիրովին եւ իշխանության վերադարձնել Հեյդար Ալիեւին:

Այդ ծրագիրը տապալվել է, իշխանության է եկել Այազ Մութալիբովը, որի քաղաքական թիմի գլխավոր դերակատարներն են դարձել 1991 թվականի նոյմեբերի 20-ի ուղղաթիռային աղետի զոհը: Մասնակցելով նրանց թաղման արարողությանը՝ Իրանի իսլամական հանրապետության Բաքվի գլխավոր հյուպատոսն, ամենայն հավանականությամբ, հետապնդել է մի նպատակ՝ ԽՍՀՄ փլուզման նախօրերին Ադրբեջանում պահել Իրանի ազդեցությունը: Ակնհայտ էր, որ Ադրբեջանը միանշանակ թուրքական կողմնորոշում է ընտրում:

Աղետի զոհերի թաղման արարողությունն ավարտվել է բազմահազարանոց երթով, որի մասնակիցները վանկարկել են «մահ Հայաստանին» կոչը: Ցուցարանների պահանջով հենց տեղում հայտարարվել է, որ հրավիրվում է Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան:

Այդ նիստը տեւել է երկու օր: Ժողովրդական ճակատի պահանջով օրակարգ են բերվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու եւ այսպես կոչված՝ «Վերին Ղարաբաղում» ռազմական դրություն հայտարարելու մասին հարցերը:

Տեւական բանավեճերից հետո Գերագույն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին» եւ «Վերին Ղարաբաղի ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման անհետաձգելի միջոցառումների մասին» որոշումները:

1991թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն իրավական առումով օրենքից եւ պետական պաշտպանվածությունից դուրս է ճանաչել Լեռնային Ղարաբաղի 150 հազար հայ բնակչությանը: Բաքուն դադարեցրել է Ստեփանակերտում հանրապետական Կազմկոմիտեի գործունեությունը: Փաստացի դադարել է գործել ԼՂԻՄ եւ հարակից տարածքների արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությունը, անգործության են մատնվել ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, օպերատիվ-քննչական խումբը:

Երկրի կենտրոնական իշխանությունների փաստացի չգոյության պայմաններում միակ կառույցը, որ դեռ ազդեցություն էր պահպանում միութենական պետության ամբողջ տարածքում, ԽՍՀՄ ՊԱԿ-ն էր: Ինչպե՞ս էր այդ կառույցը վերահսկում խորհրդային կայսրության փլուզումը: Լեռնային Ղարաբաղում հռչակված Հանրապետության իշխանության բարձրագույն մարմին է հաստատվում նախկին մարզային խորհրդի գործադիր կոմիտեն՝ չնայած որ 1989 թվականի օգոստոսի 20-ին բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարն ընտրել էր Ազգային խորհուրդ, եւ հենց այդ մարմինն էր Հայաստանի Գերագույն խորհրդի հետ ընդունել միավորման մասին նույն տարվա դեկտեմբերի 1-ի որոշումը: Ի հակակշիռ՝ Ադրբեջանում բարձրագույն իշխանությունն, ընդհակառակը, ընտրված նախագահ Մութալիբովից փաստացի անցնում է «Միլլի շուրա/Ազգային խորհուրդ» կոչվող ոչ սահմանադրական մարմնին:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *