Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Մարզկոմի քարտուղարի պաշտոնից Բորիս Կեւորկովի հեռանալուց հետո որոշ ժամանակ անց Արմեն Իսագուլովը պաշտոնանկ է եղել: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 18

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թվականի նոյեմբերի  25-ի որոշումից հետո Ստեփանակերտում ստեղծվում է ուժային կառույցների գործոնեության վակուում: Ըստ այդ որոշման՝ Բաքուն լուծարված է հայտարարում ՆԳ եւ ՊԱԿ-ի մարզային վարչությունը, ինչպես նաեւ՝ դատախազությունը: Փոխարենը կազմավորվում են «Ղարաբաղի տեղաշրջանի ՆԳ վարչություն, միջշրջանային դատախազություն եւ ՊԱԿ-ի հատուկ բաժանմունք», որոնց համար նստավայր է ընտրվում Աղդամ քաղաքը:

Գործնականում, սակայն, այդ կառույցներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն չուներ. սկսվում է խորհրդային բանակի, ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների եւ ՊԱԿ-ի օպերատիվ-հետախուզական խմբերի դուրսբերումը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Ստեփանակերտից հեռանալուց առաջ հանրապետական Կազմկոմիտեն, զինվորական պարետությունը, ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական եւ ՊԱԿ-ի մոսկովյան խմբերը «ոչնչացնում են բոլոր արխիվները»:

1991 թվականի տարեվերջին տեղի է ունենում շատերի համար անսպասելի իրադարձություն. Ստեփանակերտ է վերադառնում եւ ՆԳ վարչության պետի պաշտոնն զբաղեցնում Արմեն Իսագուլովը: Վերջինս ծնունդով Բաքվից էր, ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը եւ միանգամից աշխատանքի անցել դատախազության կենտրոնական մարմիններում: 1982 թվականին 36-ամյա Արմեն Իսագուլովը ԽՍՀՄ գլխավոր դատախազի հրամանագրով  նշանակվել է ԼՂԻՄ դատախազ, երկու տարի հետո՝ ՆԳ մարզային վարչության պետ:

ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ  Շմավոն Պետրոսյանը դեպքերից շուրջ մեկուկես տասնամյակ հետո, երբ արդեն թոշակառու էր, տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վկայել է, որ երբ 1988 թվականի փետրվարի  19-ին գործկոմի նիստը քննարկել է մարզխորհրդի նստաշրջան հրավիրելու եւ ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պահանջ ներկայացնելու հարցը, մասնակիցներից երկուսը՝ «Ագրոարդ» միավորման գլխավոր տնօրեն Հենրիխ Պողոսյանը եւ ՆԳ վարչության պետ Արմեն Իսագուլովը դեմ են քվեարկել:

Մարզկոմի քարտուղարի պաշտոնից Բորիս Կեւորկովի հեռանալուց հետո որոշ ժամանակ անց Արմեն Իսագուլովը պաշտոնանկ է եղել: Նկատի ունենալով նրա քաղաքական հայացքները, կողմնորոշումը եւ նախկին աշխատանքային փորձը, Իսագուլովը պետք է վերադառնար Բաքու: 1989 թվականին, սակայն, հայտնի է դառնում, որ նա տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարարի օգնական:

Ի՞նչ նպատակով է նա այդ պաշտոնին նշանակվել, արդյոք նման որոշում Խորհրդային Հայաստանի իշխանություննե՞րն են կայացրել, թե՞՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը՝ որեւէ փաստական վկայություն, նույնիսկ շրջանառված վարկած առ այսօր հայտնի չէ: Առկա է փաստը, որ ԼՂԻՄ-ը Հայաստանին միանալու պահանջի հարցով մարզխորհրդի նստաշրջան հրավիրելուն դեմ քվեարկած Արմեն Իսագուլովը 1991 թվականի տարեվերջին Երեւանից գործուղվել է Ստեփանակերտ եւ ձեռնամուխ եղել ներքին գործերի համակարգի վերականգնման գործին:

Ավելի վաղ արձանագրել ենք, որ 1991 թվականի սեպետմբերից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի եւ ՊԱԿ-ի վարչության տասնյակ փորձառու սպաներ խորհրդային բանակի, ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների հեռանալուն զուգահեռ գործուղման կամ բուժման մեկնելու պատրվակով լքել են ծառայությունը եւ տեղափոխվել Ռուսաստան, որտեղ վերականգնվել են ծառայողական պաշտոններում: ԼՂԻՄ ՊԱԿ-ի վարչության պետ Վլադիսլավ Ղասումյանը նույնիսկ տարիներ հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմում բավական ազդեցիկ պաշտոն է զբաղեցրել:

Տեղական ուժային կառույցների վերականգնմանը զուգահեռ՝ 1991 թվականի տարեվերջին բացահայտվում է նաեւ Ղարաբաղյան Շարժման Ստեփանակերտի այսպես կոչված «ընդհատակը»՝ իր զինված ջոկատներով: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալներից մեկի հետ փոխանակման արդյունքում Բաքվի բանտից ազատ է արձակվում Սամվել Բաբայանը, որ ձերբակալվել էր «Կոլցո» ռազմագործողության ընթացքում՝ որպես «ապօրինի զինված խմբավորման կազմակերպիչ եւ հրամանատար»:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *