Տեղեկություններ կան, որ Արթուր Մկրտչյանի մահվան օրը զինված ջոկատներից մեկը փորձ է արել մտնել Ստեփանակերտ եւ «պատվիրատուների հետ հաշվեհարդար տեսնել», որը, բարեբախտաբար, հաջողվել է անարյուն կանխել:
Վահրամ Աթանեսյան
մաս 25
1992 թվականի ապրիլի 14-ին Ստեփանակերտի իր բնակարանում զոհվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը: Պաշտոնական վարկածով մահվան պատճառ է հանդիսացել իրեն ամրակցված «Մակարով» ատրճանի հետ «անզգույշ վարվելը»: Արթուր Մկրտչյանի մահվան առթիվ Հայաստանի տարածքում սուգ է հայտարարվել: Լրագրող Թաթուլ Հակոբյանի վկայությամբ՝ նրա մահվանն անդրադարձել են ԱՄՆ‑n եւ Ֆրանսիան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը դատապարտել է այդ «անմարդկային արարքը», այն համարել «Ղարաբաղում հայ եւ ադրբեջանցի մարդկանց անիմաստ մահվան հերթական դրսեւորում»:
Այս պաշտոնական հայտարարությունը բավական երկիմաստ է. մի կողմից՝ «անմարդկային արարք», որ կասկածի տակ է դնում «զենքի հետ անզգույշ վարվելու» պաշտոնական վարկածը, մյուս կողմից՝ «անիմաստ մահ», ինչից կարող է տպավորություն ստեղծվել, թե Արթուր Մկրտչյանը «դարձել է ադրբեջանական կողմի կույր վրիժառության զոհը»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո մի հարցազրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, պատասխանելով Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին հարցին, ասել է, որ քրեական գործով բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են: Բաբայանի իրազեկվածությամբ՝ այդ պահին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահը բնակարանում կնոջ՝ Գոհար Մկրտչյանի, հետ մենակ է գտնվել եւ թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ «կինը պատմել է»: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն, ընդսմին, շուրջ երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակայնացրել է փաստ, որ Արթուր Մկրտչյանին ամրակցված եւ մահվան գործիք հանդիսացած «Մակարով» ատրճանակը պատահարից հետո գտնվել է «Բալայան Վալերի մոտ»: Խոսքն, ամենայն հավանականությամբ, ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Վալերի Բալայանի մասին է: Վերջինս ղարաբաղյան Շարժման առաջին փուլի հայտնի դեմքերից է, համարվում է ինքնապաշտպանական ուժերի կազմակերպիչներից մեկը:
Թե ի՞նչ հանգամանքներում է Արթուր Մկրտչյանին ամրագրված ատրճանակը հայտնվել «Բալայան Վալերի մոտ»՝ Սամվել Բաբայանը չի մանրամասնել: Եթե այդ տեղեկությունը ճիշտ է,-իսկ ոչ ոք Սամվել Բաբայանի հայտարարությունը հրապարակային չի հերքել,- ապա փաստը, որ ԳԽ նախագահի մահվան պատճառ հանդիսացած զենքը պատկան մարմինների կողմից որպես իրեղեն ապացույց չի առգրավվել եւ ըստ էության դատաձգաբանական փորձաքննության չի ենթարկվել, այլ հայտնվել է մասանավոր անձի մոտ, արդեն իսկ կասկածահարույց է: Արթուր Մկրտչյանի մահվան կապակցությամբ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որի ընդհանուր տոնայնությունից դատելով՝ փաստը գնահատված է որպես քաղաքական իշխանության եւ զինված ջոկատների հրամանատարության միջեւ առճակատում հրահրելու փորձ: Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն հավաստիացրել է, որ «ավելի կհամախմբվի քաղաքական ղեկավարության շուրջ»:
Այս ձեւակերպումն իր հերթին տպավորություն է թողնում, թե մինչ այդ Գերագույն խորհրդի նախագահությունն, իրոք, ռազմական ուժերի հետ տարաձայնություններ է ունեցել: Այդպես է, թե՝ ոչ, երեւի երբեք չի բացահայտվի: Փաստ է, որ Արթուր Մկրտչյանի մահը ոչ միայն նրա հարազատների եւ ընկերների, այլեւ Արցախի հանրության գերակշիռ մեծամասնության կողմից ընկալվել եւ շարունակաբար ընկալվում է որպես «քաղաքական սպանություն»: Նման գնահատական Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրել է Վանո Սիրադեղյանը, երբ քննարկվում էր պատգամավորական անձեռնմխելիությունից իրեն զրկելու հարցը: Տեղեկություններ կան, որ Արթուր Մկրտչյանի մահվան օրը զինված ջոկատներից մեկը փորձ է արել մտնել Ստեփանակերտ եւ «պատվիրատուների հետ հաշվեհարդար տեսնել», որը, բարեբախտաբար, հաջողվել է անարյուն կանխել: Մի շարք ականատեսներ, սակայն, տարիներ շարունակ պնդել են, որ ԳԽ նախագահի պաշտոնում Արթուր Մկրտչյանը «չի արդարացրել ՀՅԴ հույսերը», նրա եւ Դաշնակցության ղեկավարության միջեւ «առաջացել էին լուրջ հակասություններ»:
Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները՝ չափազանց դժվար է ասել: Իրականություն է, որ ՀՅԴ‑ն անգամ Հայաստանում կոալիցիոն իշխանության մաս կազմելու եւ մեկ տարի հետո Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ինը անդամից կազմված խորհրդարանական խմբակցություն ունենալու պարագայում երբեք չի պահանջել Արթուր Մկրտչյանի մահվան գործի քննության վերաբացում: Ավելի քան քսան տարի հետո Հադրութում կանգնեցվել է Արթուր Մկրտչյանի կիսանդրին, իսկ Արցախի հերոսի կոչման նա հետմահու արժանացել է 2020 թվականի օգոստոսին՝ Արայիկ Հարությունյանի հրամանագրով: Ի դեպ, նախագահի պաշտոնն ստանձնելու օրով Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին՝ այցելելով նրա գերզմանին: Զբաղեցնելով ԼՂՀ նախագահի պաշտոնը, նման խորհրդանշական քայլ չեն կատարել ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Արկադի Ղուկասյանը, ոչ Բակո Սահակյանը:
(շարունակելի)
