ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո էլ, սակայն, Ստեփանակերտում «Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու» տարբերակի մասին քաղաքական քննարկումներ չկազմակերպվեցին: Այդ մասին տեղեկություններն ակտուալացան, երբ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՅԴ Բյուրոն շրջաբերական է տարածել եւ պաշտպանել կարգավորման քիուեսթյան տարբերակը, ինչը, սակայն, Դաշնակցության Արցախի ԿԿ-ն «մերժել է»:
Վահրամ Աթանեսյան
(Մաս 49-րդ)
ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները ժամանակային առումով համընկան ղարաբաղյան կարգավորման բանակցությունների Քի Քուեսթի փուլին: «Տարածքների փոխանակման» սկզբունքով խնդրի կարգավորման բանակցություններն, իհարկե, սկսվել էին 1999 թվականին, բայց Ստեփանակերտի քաղաքական եւ հանրային շրջանակներում այդ թեման գոնե հրապարակային մակարդակում չէր քննարկվում:
Խիստ կարեւոր է նկատել, որ Ստեփանակերտում Ղուկասյան-Բաբայան լարվածությանը, ապա Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությանը զուգահեռ կամ դրանց հետ փոխկապակցված՝ ներքաղաքական անսպասելի բարդություններ էին առաջացել նաեւ Բաքվում, երբ պաշտոնաթողության մասին հայտարել էին Հեյդար Ալիեւի միանգամից երկու թիմակիցները՝ արտաքին գործերի նախարար Զուլֆուգարովը եւ գլխավոր խորհրդական Գուլուզադեն:
Եթե Զուլֆուգարովի հրաժարականը կարելի էր բացատրել երիտասարդ տարիքով եւ դիվանագիտական փորձի պակասով, նա այդ պաշտոնն զբաղեցրել էր ընդամենը մեկ տարի, ապա Գուլուզադեի հանգամանքը բոլորովին այլ էր:
Մասնագիտությամբ արեւելագետ, Գուլուզադեն Մերձավոր Արեւելքի երկրներում տարիներ շարունակ աշխատել է որպես լրագրող, ապա անցել դիվանագիտական ծառայության: Խորհրդային համակարգում նման առաջընթաց կարող էր ունենալ միայն ՊԱԿ-ի փորձաքննությունն անցած մարդը:
Հարցազրույցներից մեկում Գուլուզադեն պատմել է, թե ինչպես է 1990 թվականի հունվարի 20-ին Բաքու խորհրդային զորքեր մտցնելուց հետո Կահիրեի խորհրդային դեսպանատանը թողել ծառայությունը եւ «զարտուղի ճանարհներով հասել Բաքու»: Առանց հատուկ ծառայությունների առաջկցության նա չէր կարող անվտանգ հեռանալ Կահիրեից եւ հասնել Բաքու, որտեղ անմիջապես նշանակվել է պետական ծառայության:
Խիստ ուշագրավ է, որ Գուլուզադեն արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական է աշխատել Մութալիբովի, Էլչիբեյի եւ Հեյդար Ալիեւի մոտ: Ղարաբաղյան կարգավորման «տարածքային փոխանակության» սկզբունքի դեմ Գուլուզադեի դեմարշն, ըստ երեւույթին, ծրագրված էր որպես քիուեսթյան բանակցությունների ձախողումն արդարացնելու միջոց. Հեյդար Ալիեւը հնարավորություն էր ստանում իր «զգուշավորությունը» հիմնավորել թիմի եւ առհասարակ Ադրբեջանի քաղաքական եւ հանրային շրջանակների դիմադրությամբ:
ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո էլ, սակայն, Ստեփանակերտում «Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու» տարբերակի մասին քաղաքական քննարկումներ չկազմակերպվեցին: Այդ մասին տեղեկություններն ակտուալացան, երբ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՅԴ Բյուրոն շրջաբերական է տարածել եւ պաշտպանել կարգավորման քիուեսթյան տարբերակը, ինչը, սակայն, Դաշնակցության Արցախի ԿԿ-ն «մերժել է»:
Ստեփանակերտում այդ շրջանի քաղաքական նորությունն այն էր, որ ՀՅԴ Բյուրոն Արցախի ԿԿ անդամներին «բացատրական աշխատանքի նպատակով» հրավիրել է Երեւան, ընթացել են բուռն քննարկումներ: Ի վերջո, եթե հավատանք մասնակիցներից ոմանց բանավոր վկայություններին, Բյուրոն կարողացել է Դաշնակցության Արցախի կառույցի ներկայացուցիչներին եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության մի քանի անդամների համոզել, որ «ավելի լավ տարբերակ երբեք չի լինելու, դա Արցախը Հայաստանին միավորելու վերջին հնարավորությունն է»:
Ոչ ոք պաշտոնապես չի հաստատել, որ ՀՅԴ Բյուրոն Երեւան է հրավիրել Արցախ ԿԿ-ի անդամներին եւ ԱԺ դաշնակցական մի քանի պատգամավորի, բայց այդ տեղեկությունը մի քանի անգամ մամուլում շրջանառվել է եւ չի հերքվել: Ըստ երեւույթին, այդ հողի վրա է, որ ԱԺ կազմավորումից ոչ լրիվ մեկ տարի անց «Դաշնակցություն» խմբակցությունը նախնական չափազանց կոշտ ընդդիմությունից անցավ «կառուցողական քննադատության» ոճի: Ընդսմին, իշխանությունների հետ հարաբերությունների բարելավումը Դաշնակցությունն իրականացնում էր ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի միջոցով: Այդ շրջանում կառավարության կազմում ձեւավորվեց վերաբնակեցման հարցերով վարչություն, որի պետ նշանակվեց դաշնակցական Սերժ Ամիրխանյանը: ՀՅԴ-ն դարձավ մեծածավալ շինարարական եւ վերականգնողական աշխատանքների «քաղաքական կապալառու»:
(Շարունակելի)
