Նոյեմբերի 9-փաստաթղթում խոսք չկա այն մասին, որ հաղորդակցությունը պետք է լինի երկկողմ ներպետական եւ միջազգային: Վաշինգտոնի հռչակագիրը դա սահմանում է։
Վահրամ Աթանեսյան
Հայաստանում բանավեճն ընդունված չէ, բայց սա այն դեպքն է, երբ «բարի ավանդույթը», կարծում եմ, կարելի է եւ պետք է խախտել: Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ասում է, որ թեեւ նոյեմբերի 9 –ի եւ օոգոստոսի 8-ի փաստաթղթերը նույնական չեն, բայց Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ հաղորդակցության տրամաբանությունը մնացել է:
Նա անվերապահորեն պնդում է, որ Վաշինգտոնի «հռչակագրի տեքստում ՄԻԱԿ շոշափելի կետը հենց դա է, մնացյալը ընդհանուր ձեւակերպումներ են, եւ Ադրբեջանը այդ … հռչակագիրը ստորագրել է հենց դրա համար»:
Որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, նա մեջբերել է նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի փաստաթղթերի համապատասխան դրույթները:
Եւ այսպես, Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հայտարարությամբ սահմանված է, որ՝ Հայաստանը ապահովում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային երկկողմ հաղորդակցությունը՝ անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով, իսկ հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը:
Թրամփ-Փաշինյան-Ալիեւ հռչակագրի իմաստով՝ կարեւորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացումը՝ ներպետական երկկողմ եւ միջազգային փոխադրումներ իրականացնելու համար, որ հիմնված կլինի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա:
Նոյեմբերի 9-փաստաթղթում խոսք չկա այն մասին, որ հաղորդակցությունը պետք է լինի երկկողմ ներպետական եւ միջազգային: Վաշինգտոնի հռչակագիրը դա սահմանում է: Այսինքն, եթե Ադրբեջանը ստանում է Նախիջեւանի հետ ներպետական հաղորդակցության իրավունք, ապա նույնը վերաբերելի է Երեւան-Մեղրի երկաթուղային հաղորդակցությանը:
Առաջին դեպքում հստակ ամրագրված է, որ հաղորդակցության վերահսկողությունը իրականացնում է ՌԴ ԱԴԾ-ն: Վաշինգտոնյան փաստաթղթում այդ մասին ոչ միայն խոսք չկա, այլեւ հստակ սահմանված է, որ փոխադրումներն իրականացվելու են պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման հիման վրա:
Ավելին, Վաշինգտոնյան հռչակագրով սահմանված է, որ եթե Ադրբեջանը Նախիջեւանի հետ անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում, ապա Հայաստանը ներպետական եւ միջազգային փոխադրումներ իրականացնելիս կունենա համարժեք առավելություններ: Սա է երկու փաստաթղթերի համեմատության պատկերը, որ, ճիշտ է, պրոֆեսիոնալ –քաղաքագիտական չէ, բայց ընդհանուր ընկալմամբ իրավա-քաղաքական իրողությունների դեմ չի մեղանչում:
Թաթուլ Հակոբյանի գրառման հղումը՝
