Հայաստան

Անկարան Շահագրգռված Է Խաղաղությամբ

Այդ այցի առաջին ու կարևոր նպատակն էր ցույց տալ, որ Թուրքիան չի հրաժարվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, շարունակում է գործընթացը։

Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել հարաբերությունների կարգավորման գործընթացում այս այցից հետո:

– Սկսեմ վերջից․ ինչպես և կանխատեսում էի, այդ այցը նպատակ չուներ միանգամից կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա Թուրքիայի որոշումն է, ինչը մեզ հայտնի է, ու դա հնչեցվել է ամենաբարձր մակարդակով, օրերս էլ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կրկնեց, որ մինչև չստորագրվի հայ-ադրբեջանական համաձայնագիրը, Թուրքիան հարաբերությունները Հայաստանի հետ չի կարգավորի։ Դա մենք պետք է լավ հասկանանք, ու Թուրքիան չի փոխի իր մոտեցումը: 

Այդ այցի առաջին ու կարևոր նպատակն էր ցույց տալ, որ Թուրքիան չի հրաժարվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, շարունակում է գործընթացը, երկրորդ՝ շարունակում է որոշ քայլեր ձեռնարկելով, որոնք նպատակ չունեն միանգամից կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես կողմերի պաշտոնական հայտարարություններում էր նշված, որոշակի քայլեր են արվում: 

Ես փորձեցի թուրքական մամուլում այդ այցի վերաբերյալ արձագանք գտնել, բայց արձագանք գրեթե չկար, միայն Թուրքիայի ամենահեղինակավոր թերթերից մեկն էր հղում արել Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությանը: Այսինքն՝ Թուրքիայի մամուլն ու վերլուծական շրջանակները, համենայնդեպս, այսօրվա դրությամբ դեռ չեն արձագանքել այդ այցին: 

Սա խոսում է այն մասին, ինչպես բազմիցս ասել եմ, որ Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունները ներկա փուլում չունեն այն նշանակությունը, ինչ առաջ էր: Հիմա Թուրքիան ամենատարբեր արտաքին քաղաքականություն է վարում, ամենատարբեր ուղղություններով է փորձում ակտիվություն ցուցաբերել, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները նրան այս պահին առանձնապես չեն հետաքրքրում, մանավանդ՝ իրենք էլ այդ մասին խոսել են, Ֆիդանն էլ երեկ վերահաստատեց, որ իրենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ սկզբունքային փոփոխություն չեն անի: 

– Նույն Ֆիդանն ասել է, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը կկնքվի հաջորդ տարվա առաջին կիսամյակում: Ձեր գնահատմամբ՝ կա՞ն դրա համար հիմքեր, թե՞ սա ուղղակի հայտարարություն է:

– Մի կարևոր հանգամանք եմ ուզում շեշտել, որն իմ վերլուծությունների արդյունք է. ես կարծում եմ, որ Թուրքիան շահագրգիռ է, որ այդ պայմանագիրը հնարավորինս շուտ կնքվի, որովհետև Թուրքիայի համար հիմա Հարավային Կովկասն ընդհանրապես առաջնային նշանակություն ունի, երկրորդ՝ թուրքական գնահատականը․ որքան ես եմ հասկանում՝ Հարավային Կովկասում Թուրքիան որոշակի առումով իր դիրքերն ուժեղացրել է, 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության հետևանքով Ռուսաստանի դիրքերը թուլացել են: Այս առումով Թուրքիայի համար կարևոր է, որ հնարավորինս արագ ստորագրվի հայ-ադրբեջանական համաձայնագիրը, ու Հարավային Կովկասում ամրագրվի այդ նոր կարգավիճակը: Դրա համար է Թուրքիան արագացնում Ադրբեջանին, որքան ես հասկանում եմ, որովհետև Ադրբեջանի մոտ չկա այդ մոտեցումը, որ հաջորդ տարվա առաջին կեսին պայմանագիրը ստորագրվի: 

Թուրքական ռազմավարությունն ընդհանրապես նպատակ ունի Թուրքիային շրջապատող տարածաշրջաններում ու երկրներում ուժեղացնել իր դիրքերն ու փորձել դրանք դարձնել Թուրքիայի ազդեցության ոլորտ: Այդ նպատակն իհարկե Հարավային Կովկասին էլ է վերաբերում, բայց հիմա ուզում են եղածն ամրագրել, իսկ այդ գլխավորը թողնել ապագային: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ թուրքական կողմն ընդհանուր առմամբ գո՞հ է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունից:

– Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում՝ ինչ առումով. ես որոշ թուրք մեկնաբանների մոտ որոշակի դժգոհություն նկատեցի, իհարկե պաշտոնական շրջանակները դա ցույց չեն տալիս, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց առանց Թուրքիայի ներկայության: Թուրքիան ցանկանում էր կամ ծրագրել էր, որ ինքն այդ համաձայնագրի կողմ հանդիսանա, այլ ոչ թե ԱՄՆ-ն, կամ ԱՄՆ-ի հետ նաև ինքը լինի: 

Կարծում եմ, որ սա է իրենց դժգոհության պատճառը, իսկ ընդհանուր առմամբ՝ Թուրքիան կարող է այդ TRIPP-ից՝ Թրամփի ուղուց, օգտվել, եթե ինքը կառուցի իր Կարս-Նախիջևան երկաթգիծը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է ավարտեն 2029 թվականին: Եթե Թուրքիան 2026-ին գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես իրենք են ասում, ապա այդ ժամանակ կարող է քննարկել երկաթգծի գործարկումը, որ հիմա ինչ-որ նախապատրաստական աշխատանքեր են տանում՝ Կարս-Գյումրի երկաթգիծը ու այդպիսով Հայաստան մտնել, այլ ոչ թե ուղիղ Կարս-Նախիջևան երկաթգծով։

Դա իհարկե Թուրքիայի համար նախընտրելի տարբերակ չէ, նրա համար նախընտրելին Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումն է, որովհետև բացի նրանից, որ հնարավորություն է ստանում ուղիղ հաղորդակցվել Ադրբեջանի հետ, նաև նպատակ ունի կոմունիկացիոն և էներգետիկ առումով խաչմերուկ դառնալ: Բայց, կարծում եմ, որ այս պահին Թուրքիան շտապելու ոչ մի պատճառ չունի, որովհետև երկաթգիծը չկա: Թուրքիային հիմա ձեռնտու է այն, ինչ տեղի է ունենում, բայց ավելի գոհ կլինեին, որ իրենք էլ գործընթացների մասնակից լինեին, որովհետև նմանատիպ ցանկացած գործընթացներում Թուրքիան փորձում է միջնորդ կողմ լինել:

– Եթե ամփոփենք հարաբերությունների կարգավորման հարցը, ապա ստացվում է, որ Թուրքիան ի սկզբանե ունեցած իր դիրքորոշումներից ու նախապայմաններից չի՞ հրաժարվել:

– Կարող ենք ասել, չնայած հաղորդագրություններում նշված էր, թե առանց նախապայմանների, բայց, ըստ էության, հստակ նախապայմանը կա՝ մինչև համաձայնագիրը չստորագրվի, Թուրքիան իրական քայլեր չի անի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Սա հստակ ձևակերպված թուրքական մոտեցում է, որը երեկ կրկնեց Թուրքիայի արտգործնախարարը: 

– Եթե անգամ Ադրբեջանի հետ այդ պայմանագիրն ստորագրվի, ապա Թուրքիան, ձեր մասնագիտական գնահատականով՝ միանգամի՞ց է բացելու սահմանը, թե՞ առաջ են գալու նոր պայմաններ:

– Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, ես չեմ կարող այդ հարցի պատասխանը հիմա տալ, որովհետև դա կլինի ավելի շատ կանխատեսում, որովհետև չնայած հայտարարում են, թե հարաբերությունները կկարգավորեն, բայց ես համոզված չեմ, որ նա միանգամից դա կանի, կփորձի քայլ առ քայլ անել՝ Հայաստանից ինչ-որ բան կորզելու, ճնշելու նպատակով: Չեմ կարծում, թե ամեն ինչ միանգամից կանի, բայց սա ուղղակի ենթադրություն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *