Պարտվեցինք մեր ագահությանը, երկերեսանիությանը, ընչաքաղցությանն ու մոլեգին հիմարությանը։ Պարտվեցինք մեր կոլեկտիվ անմտությանը։ Պարտվեցինք 10 հազարանոց ընտրակաշառքին, ծանոթով դիպլոմին, թանկ հագուստին, մի քանի հազար դոլարանոց ինչ որ մեքենային։ Մենք հայրենիքը զոհեցինք մեր մանր-մունր շահերին։ Մենք այնքան թույլ եղանք, որ որպես մարդ ու ժողովուրդ չկարողացանք սրիկայի ձեռքը բռնել, չկարողանանք կոռուպցիոների վիզը ոլորել, չկարողացանք պիղծ հոգևորականին, խարդախ քաղաքական գործչին, գող զինվորականին, բոլոր մյուս այդ սարդերին տեղում ճզմելու։ Չարեցինք, որովհետև դրանք բոլորը մեր բարեկամներն են, ծանոթները, եղբայրը, հայրը, հորեղբայրը։ Ու մենք մեր այդ բարեկամի մասնավոր շահը, որից նաև որոշ կաթիլներ էլ մեզ բաժին հասան, ավելի թանկ գնահատեցինք, քան հայրենիքը։
Արայիկ Մկրտումյան
Օրը լի է քաղաքական խոսքով ու մեղադրանքով, անհուն ափսոսանքով ու դառնությամբ, ծանրությամբ, զարմանքով ու հիասթափությամբ։ Մինչև օրս էլ մենք ի վիճակի չենք կամ էլ չենք ուզում հասկանալ, թե ինչ ու ինչպես կատարվեց։ Ինչպես պատահեց, որ չորս տարվա հաղթական ձեռքբերումը կորցվեց նախ 44-օրում, ապա 1 օրում։ Հասկանալու բան չէ, ինչքան էլ բացատրես, ինչքան էլ թվեր ու փաստեր բերես կամ համեմատես Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բյուջեն։
Հասկանալու և ընդունելու չէ։ Ոչ էլ բացատրելու։ Ցավն ու ողբերգությունը պարզապես բացատրելիք չէ, որովհետև այս ցավը ուղղակի սխալ, բացթողում չէ, այլ հայրենազրկում, արտագաղթ։ Այն ինչ մեր կարծիքով ավարտվել էր 1920-ականներին, նորից սկսվեց։ Ու մարդու սրտից արյուն է գնում էլի տեսնելով հայ-թուրքական պատերազմ, հայերի արտագաղթ, հայրենազրկում և այլն։
Պատերազմից հետո արդեն հինգերորդ տարին է ու ամեն ինչ հինգ անգամ ավելի անհասկանալի է։ Միակ հիմար միջոցը, որով ցանկանում ենք մեր թթված սրտերը փոքր ինչ թեթևացնել, դա մեկ հոգու մեղավորության քայլն է։ Մենք ուզում ենք գտնել մեկին, ով ավիրեց ու քանդեց ու ըստ դրա՝ նա է մեղավոր։ Դա միակ մեթոդն է մեզ փոքր ինչ արդարացված զգալու, մտածելու, որ անձամբ մենք մեղավոր չենք տեղի ունեցածում, որովհետև եթե անձամբ մենք ենք մեղավոր, ուրեմն մի ողջ ժողովուրդ սխալվել է։ Սխալվել է տասնամյակներով։
Չէ, չենք ցանականում էժանագին փիլիսոփայությամբ ծամել այն, որ «տնտեսություն, ռազմական բալանս, թուրքական ագրեսիա կամ ռուսական խաբեություն» և ոչ էլ արդեն սիրտ է մնացել «Նիկոլ-Քոչարյան» անհամ բանավեճի, մանավանդ, որ դա ոչ միայն որևէ հարց չի լուծում, այլ նույնիսկ ճշմարտությանը չի մոտեցնում։ Չի էլ կարող մոտեցնել։ Մենք սխալ հարցեր ենք քննարկում, սխալ ուղղությամբ ենք գնում։
Հնարավոր չէ հասարակ արցախցուն մոտենալ ու բացատրել, թե գիտե՞ս, ռազմական բալանսը մեր օգտին չէր, միջազգային իրավունքի տեսանկյունից մենք սխալ էինք, ռուսները չօգնեցին, Նիկոլն էսպես, Քոչարայնն էնպես, և այլն, և այլն ու ըստ դրա, սիրելի՛ բարեկամ, քո հայրենազրկումը լրիվ բնականոն ընթացք է, այնպես որ, ողջ լերուք․․․
Եվ ոչ էլ կարող ես մոտենալ հերթական որդեկորույս մորը կամ իր հաշմանդամ որդուն սրտի ցավով նայող հորը բացատրել, որ քո որդին զոհվել է ու հաշմանդամ է դարձել բոլորովին տրամաբանական պատճառներով, այնպես, որ տրամադրություններդ մի գցեք, կերեք-խմեք, ուրախացեք, կյանք է, պատահում է։
Չես կարող, որովհետև այդ դեպքում ամեն ինչ դառնում է ուղղակի վերլուծելի ու բացատրելի, հասկանալի, թեև ոչ ընդունելի մի բան։ Ու նույն կերպ, երբ ընդդիմադիրներն ու իշխանականները առավոտից իրիկուն իրար են հողում-թաղում, մեղադրում, ապացուցում, որ սա էր մեղավոր, ոչ, նա էր մեղավոր, ո՞րն է հիմնական նպատակը։ Ասենք, թե համոզեցիք, որ Նիկոլն է մեղավոր, կամ Ռոբերտը, դա ձեզ ի՞նչ է տալու։ Լավ, նրանք ծախում էին, թալանում և այլն, իսկ մե՞նք։ Մե՞նք ինչով էինք զբաղված։ Հանդիսատե՞ս էինք։ Մեղա քեզ, Տե՜ր, արդյո՞ք աշխարհում էլի նման վիճակ կա, երբ գերեզմանի շուրջ մարդիկ իրար անպատվեն՝ իրար մեղադրելու համար։
Ինչո՜ւ չդիմացանք, չդիմացանք պատերազմին, չդիմացանք գողանալու գայթակղությանը, ենթարկվելու համոզմունքին, չդիմացանք հայրենիք կառուցելու բարդությանը չդիմացանք մարդկային տարրական բարոյականության ծանրությանը։ Ինչու, ինչո՜ւ մեր իսկ ձեռքերով, հազար տարի կորցնելուց հետո մի պահ պայքարեցինք ու հազիվ հաղթած՝ հարձակվեցինք իրար վրա՝ հաղթանակը սեփականացնելու, հարստանալու։ Ումի՞ց էինք գողանում, ո՞ւմ էինք ճնշում, ո՞ւմ էինք նվաստացնում, ո՞վ էր մեր թշնամին։
Հայրենիքը։ Հայրենիքն էր թշնամին։ Մենք հայրենիքն էինք նվաստացնում, ճնշում, թալանում, խաբում։ Ինչ քաղաքական հոդված էլ մեջբերես, ինչ հանճարեղությամբ էլ այդ սրիկայությունը սքողես ու արդարացնես, ինչ էլ անես, հետևանքը՝ նույնն է․ հայրենիքը։ Ու այն հայրենիքը, որ իբրև թե պաշտում էինք, դարձավ ընդամենը անտեր մի պահեստ՝ գողի խնամքին հանձնված։
Պարտվեցինք։ Պարտվեցինք մեր ագահությանը, երկերեսանիությանը, ընչաքաղցությանն ու մոլեգին հիմարությանը։ Պարտվեցինք մեր կոլեկտիվ անմտությանը։ Պարտվեցինք 10 հազարանոց ընտրակաշառքին, ծանոթով դիպլոմին, թանկ հագուստին, մի քանի հազար դոլարանոց ինչ որ մեքենային։ Մենք հայրենիքը զոհեցինք մեր մանր-մունր շահերին։ Մենք այնքան թույլ եղանք, որ որպես մարդ ու ժողովուրդ չկարողացանք սրիկայի ձեռքը բռնել, չկարողանանք կոռուպցիոների վիզը ոլորել, չկարողացանք պիղծ հոգևորականին, խարդախ քաղաքական գործչին, գող զինվորականին, բոլոր մյուս այդ սարդերին տեղում ճզմելու։ Չարեցինք, որովհետև դրանք բոլորը մեր բարեկամներն են, ծանոթները, եղբայրը, հայրը, հորեղբայրը։ Ու մենք մեր այդ բարեկամի մասնավոր շահը, որից նաև որոշ կաթիլներ էլ մեզ բաժին հասան, ավելի թանկ գնահատեցինք, քան հայրենիքը։
Մնացածը, ինչպես ասում են, մաթեմատիկա է։ Հաշվել, կշռել, համեմատել, ով ու ինչքան ու երբ․․․դե գնա ու Դադիվանքի բացատրիր դա։ Գնա ու Եռաբլուրում ասա, գիտեք, տղերք, այսպես է եղել ու այսքան։
Բայց չենք կարող, որովհետև հայրենիքը ալյուրի պարկ չէ, որ պակասեցնես, հետո բերես տեղը լցնես, տանես ու բերես։ Հայրենիքը չեն հաշվում ու կշռում, հայրենիքը ապրում են։ Ուղղակի ապրում են ու դրանով պահում, հակառակ դեպքում, մնացածն արդեն ճարտար արդարացում է՝ ողորմելի ու հաշմանդամ լեզվով։
Կներեք մեզ տղերք, ասում ենք ամեն առիթով։ Տղերքը գուցե և ներեն, իսկ մե՞նք։ Մենք մեզ կներե՞նք։
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ մենք այսքան վատը եղանք։ Ինչո՞ւ գոնե մեկ անգամ չկանգնեցրինք ակնառու սխալ ու սրիկայություն անողին։ Ամո՞թ էր, վախենո՞ւմ էինք։
Չդիմացանք։ Ու կորցրինք։ Կորցրինք այն, ինչը ոչ թե մերն էր, այլ մենք էինք։ Մենք կորցրինք մեզ։
