Հայաստան

«Հաղթած» Նախագահի Չքավոր Երկիրը

Մինչ Ադրբեջանը նավթային եկամուտներով հզորացնում էր իր բանակը, Հայաստանը մնում էր խաթարված տնտեսական զարգացման, մոնոպոլիաների, օլիգարխիկ համակարգի ու համակարգային թալանի տակ։

Մկրտիչ Իսրայելյան

Խաղաղությո՞ւն, թե՞ կեղծ լռություն․ Քոչարյանի տարիներին Ադրբեջանը զինվում էր

Հաճախ կարելի է լսել, թե իբր Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները «խաղաղության ժամանակաշրջան» էին։ Նույնիսկ ինքը՝ նախկին նախագահը, պարբերաբար պնդում է, որ իր կառավարման օրոք պատերազմ չի եղել, իսկ սահմանները՝ «հուսալի պաշտպանված»։ Բայց արդյո՞ք այդ «խաղաղությունը» իրական խաղաղություն էր, թե՝ վտանգավոր ինքնախաբեություն, որի հետևանքները մենք այսօր կրում ենք արյան ու տարածքային կորուստների տեսքով։

Թշնամին զինվում էր, Հայաստանը թալանվում

Քոչարյանի նախագահության տարիները (1998–2008) իրականում նշանավորվեցին ոչ թե խաղաղությամբ, այլ՝ պետական ինստիտուտների քայքայմամբ, հսկայածավալ կոռուպցիայով և ստրատեգիական կուրությամբ։ Մինչ Ադրբեջանը նավթային եկամուտներով հզորացնում էր իր բանակը, Հայաստանը մնում էր խաթարված տնտեսական զարգացման, մոնոպոլիաների, օլիգարխիկ համակարգի ու համակարգային թալանի տակ։

Պաշտոնական Բաքուն բազմապատկում էր ռազմական բյուջեն՝ պատրաստվելով նոր պատերազմի, իսկ Երևանում «խաղաղություն» էր, որովհետև ոչ ոք չէր դիմադրում։ Քոչարյանի ռեժիմը ոչ միայն աչք էր փակում սպառնալիքի վրա, այլ նաև զբաղված էր ներքին դաշտի մաքրումով՝ ընդդիմության ճնշմամբ, ազատ խոսքի սահմանափակմամբ և տնտեսական համակարգի կենտրոնացմամբ մի քանի ընտանիքների ձեռքում։

Թալանված պետություն՝ առանց դիմադրելու կարողության

Այսպես կոչված «խաղաղության» ժամանակահատվածում Հայաստանը կորցրեց իր ռազմավարական նախաձեռնողականությունը՝ դառնալով ինքնաբավ պետությունից դեպի գոյատևման ռեժիմ տեղափոխված երկիր։ Դրա հետևանքները բացահայտ երևացին արդեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ երբ պարզ դարձավ, որ բանակը լրջագույն կառուցվածքային ու նյութատեխնիկական խնդիրներ ունի։ Իսկ դրանից հետո՝ 2020-ին, այդ ամենը բերում է ազգային աղետի։

Եթե խաղաղությունը այն է, երբ թշնամիդ զինվում է՝ դու՝ լռում, թալանվում ու քանդվում՝ ուրեմն այո, Քոչարյանը «խաղաղություն» է ապահովել։ Բայց դա խաղաղություն չէր, այլ՝ ժամանակավոր դադար, որը ի վերջո հանգեցրեց մեծ պատերազմի։

Պատմության կեղծագրում՝ քաղաքական շահի համար

Այսօր, երբ Քոչարյանն ու իր քաղաքական թիմակիցները կրկին փորձում են ներկայանալ որպես «փրկիչներ», նրանց հիմնական թեզը մնում է նույնը՝ «մեր օրոք խաղաղություն էր»։ Բայց պետք է հստակ ասել՝ դա խաղաղություն չէր։ Դա իր երեսը շրջած պետության պատրանքային անդորր էր՝ կառուցված ստի, թալանի ու անպատժելիության վրա։

Պատմական արդարությունը պահանջում է խոսել ճշմարտությունը՝ ոչ թե նորից ընկնել նախկին իշխանությունների քարոզչական թմբիրի մեջ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Քոչարյանի տարիներին Հայաստանը բաց թողեց թանկարժեք ժամանակ՝ չզարգացնելով իր անվտանգային համակարգը, չբարեփոխելով պետությունն ու չպատրաստվելով անխուսափելի բախմանը։

Մկրտիչ Իսրայելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/138707

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *