Ալեքսանդրոպոլի պայմանագրի կնքումը մեղադրանքի առիթ չպետք է դառնա, քանի որ քաղաքական իրադրությունը բարդ էր, և շատ հարցեր ուղղակիորեն որոշվում էին արտաքին ուժերի կողմից։
Վլադիմիր Վարդանյան
(Մաս չորրորդ)
ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում տեղ էր հատկացրել ՀՅԴ-ին՝ նշելով կուսակցության մեծ ներդրումը ժամանակակից հայկական պետականության կայացման գործում, ինչպես նաև ափսոսանք հայտնելով, որ ներկայումս ՀՅԴ-ն այդպես էլ չի կարողանում սիրել հայկական պետությունն ու նրանց կոչ արեց վերադառնալ դեպի իրական դաշնակցական սկզբունքներ։
Պատգամավորը նշեց, որ ցավում է, որ պարոն Մանուկյանը դուրս եկավ դահլիճից, քանի որ ինքը ցանկացել էր հանդես գալ «շատ դրական և հետաքրքիր ելույթով» Դաշնակցության մասին։ Պատգամավորը հիշեց, որ տարիներ առաջ հայտնի պատմաբանի հետ զրույցում վերջինս Դաշնակցությունը բնորոշել էր որպես «ունիկալ ֆենոմեն», նշելով, որ 19-րդ դարի վերջին, երեք կայսրությունների տարածքում նման հզոր ցանցային կազմակերպություն ձևավորելը գրեթե անհնար էր։Վարդանյանը ընդգծեց, որ արդեն 1907 թվականին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դարձել էր Սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, այն էլ՝ առանց պետականություն ունենալու։ Նրա խոսքով՝ սա հպարտանալու արժանի փաստ է, քանի որ հայ ժողովուրդը ունեցել է կուսակցություն, որը քաղաքական պայքարի միջոցով միացել էր համաշխարհային սոցիալիստական շարժմանը։
Նա նաև նշեց, որ կուսակցության տրամաբանական նպատակը պետք է լիներ պետականության ստեղծումը, իսկ եթե կուսակցությունը չի պայքարում դրա համար, ապա այն չի կարող համարվել իսկական կուսակցություն։ Դրա հետ մեկտեղ պատգամավորը հնչեցրեց իր մասնագիտական հետաքրքրությունը՝ հասկանալու, թե ինչու էր Դաշնակցությունը պայքարում ոչ թե պետականության, այլ ինքնավարության համար, այն դեպքում, երբ ունեցել էր համակարգ ձևավորելու բացառիկ կարողություն երեք կայսրություններում։Վարդանյանը շեշտեց, որ առանց որևէ հեգնանքի ցանկանում է երախտագիտություն հայտնել Դաշնակցությանը՝ 1918–1920 թվականների պետականաշինական գործունեության համար։ Նա հիշեցրեց, որ կուսակցությունը իշխանության էր եկել մի պետությունում, որն ուներ անորոշ սահմաններ և գրեթե ոչ մի պետական ապարատ, սակայն կարողացել էր ձևավորել պետական կառույցներ և ժողովրդավարական ինստիտուտներ։ Նա հավելեց, որ արդեն 1918 թվականից Հայաստանում կանայք ունեցել են տղամարդկանց հավասար ընտրական իրավունք՝ անգամ Շվեյցարիայից առաջ, ինչը մեծ նվաճում էր։
Այնուամենայնիվ, պատգամավորը նկատեց, որ չի կարող հասկանալ, թե ինչու Դաշնակցությունը «այդքան չսիրեց պետությունը»՝ նրա սահմանները, բովանդակությունը, պետականությունը՝ ասելով, որ հենց այդ կուսակցությունն է ձևավորել Հայաստանի ժամանակակից հանրապետության սահմանները Բաթումի և Ալեքսանդրոպոլի պայմանագրերով։ Նրա խոսքով՝ սա քննադատություն չէ, այլ պատմական փաստ, քանի որ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, թե ինչ կլիներ, եթե այդ պայմանագրերը չկնքվեին։
Վարդանյանը նաև անդրադարձավ այն մեղադրանքներին, թե Դաշնակցությունը մեղավոր է Արարատ լեռան Հայաստանի սահմաններից դուրս մնալու համար՝ շեշտելով, որ նման մեղադրանքը տեղին չէ, սակայն չպետք է մեղադրանք առաջանա նաև տարբեր մեկնաբանությունների համար։ Նա հավելեց, որ Ալեքսանդրոպոլի պայմանագրի կնքումը մեղադրանքի առիթ չպետք է դառնա, քանի որ քաղաքական իրադրությունը բարդ էր, և շատ հարցեր ուղղակիորեն որոշվում էին արտաքին ուժերի կողմից։
Վլադիմիր Վարդանյանը ՀԽՍՀ հանրագիտարանից ՀՅԴ-ի վերաբերյալ մեջբերում արեց, որում նշվում է, որ «դաշնակները Հայաստանը հասցրին տնտեսական ամբողջական ոչնչացման, արյան մեջ խեղդեցին մայիսյան ապստամբությունը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1920թ․նոյեմբերի 29-ին Թուրքիայի հետ պայմանագիր կնքեցին, որը նախատեսում էր Թուրքիային զիջել բազմաթիվ հայկական տարածքներ»։ Վարդանյանը նշեց, որ այդ կեղծ թեզը, որ խորհրդային ղեկավարությունը մղում էր ՀՅԴ-ի դեմ, չի ցանկանում, որ այսօր իրականություն դառնա։
Այնուհետև պատգամավորը ընդգծեց, որ, իր համոզմամբ, Դաշնակցությունը «խաբվեց»՝ ինչպես ինքն ասաց՝ «ջեբը գցվեց»՝ 1920 թվականի նոյեմբերի դեպքերից հետո, երբ իշխանության փոխանցման գործընթացում կուսակցությունը փաստացի դուրս մնաց որոշումների իրական ազդեցությունից։ Դաշնակցությունը, լինելով Հայաստանի պետականության ակունքներում, այդպես էլ չկարողացավ գտնել իր գոյության ձևը անկախ պետականության պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ 1991 թվականից հետո կուսակցության գաղափարախոսությունը Հայաստանում լայն աջակցություն չի գտել, և կուսակցությունը չի կարողացել ձևավորվել որպես լիարժեք քաղաքական ուժ՝ թեև եղել է կոալիցիաների մաս, բայց ոչ իր նախաձեռնությամբ։Վլադիմիր Վարդանյանը նաև ասաց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ինքը սպասում էր, որ ՀՅԴ-ն, ինչպես ուրիշ ոչ ոք, կհասկանա իրենց ու իրենց դեմ արշավ չի սկսի, քանի որ Դաշնակցությունը ևս անցել է այդ ճանապարհով ու գիտի ծանր պայմանագիր կնքելու գինն ու արժեքը։
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ դեռ երեխա էր, Դաշնակցության նախագահի թեկնածուն եղել է Սոս Սարգսյանը՝ հարգված և սիրված անհատ, մինչդեռ կուսակցության ներկայիս թեկնածուների մակարդակը համադրելի չէ։ Վարդանյանը եզրափակեց իր խոսքը՝ կոչ անելով Դաշնակցությանը վերադառնալ իր 1918–1920 թթ․պետականակերտ հիմքերին,վերագտնել իր սոցիալիստական և ժողովրդավարական բնույթը և խուսափել կոալիցիաներից, որոնք հակասում են կուսակցության գաղափարական բովանդակությանը։ Նա ընդգծեց, որ սոցիալիստական ուժը չի կարող համատեղվել խոշոր բուրժուազիայի հետ և հորդորեց վերանայել քաղաքական ուղղությունը՝ «պետականության շրջանակներում գոյության ձևը գտնելու» համար։
Վարդանյանի խոսքով՝ սա իր խորհուրդն ու հորդորն է Դաշնակցության գործընկերներին, քանի որ, իր համոզմամբ, հայ քաղաքականության մեջ Դաշնակցությունը կարող է նորից դառնալ պետական մտածողության կրող ուժ, եթե վերադառնա իր սկզբնական արժեհամակարգին։
Պատգամավորի ելույթն ամբողջապես՝
https://www.youtube.com/watch?v=ORFbh0qUSoA
