ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանի Նախկին Իշխանություններն Ինչու՞ Չեն Հետեւել Վրաստանի Օրինակին

Ի տարբերություն Հայաստանի, հարեւան Վրաստանում նախկին կոմունիստ Շեւարդնաձեի նախագահության օրոք՝ 2002թ.-ին խորհրդարանն ընդունել է պետության եւ Վրաց ուղղափառ եկեղեցու հարաբերությունների մասին «Սահմանադրական ակտ» կամ, ինչպես պարզության համար ասվում է՝ «Կոնկորդատ»:

Վահրամ Աթանեսյան

Իրավական անգրագիտություն է, թե քաղաքական զեղծարարություն, կարելի է տարբեր գնահատական տալ, բայց փաստ է, որ հանրության որոշակի հատված ներշնչված է, թե, իբր, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին սահմանադրությամբ «բացառիկ իրավունքներ ունի»:

Իրականում սահմանադրությունը «ճանաչում է հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելությունը» եւ սահմանում, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»:

Նման օրենք ընդունվել է 2007 թվականին, անփոփոխ գործում է առայսօր, բայց այն ՀԱԵ-ին իրավա-քաղաքական որեւէ գործառույթ չի վերապահում: Օրենքը ճանաչում է եկեղեցական ամուսնությունը, խոստովանության գաղտնիությունը, եկեղեցուն ազատում ծիսական արարողությունների հետ կապված գործունեության հարկումից, ՀԱԵ-ին վերապահում «Հայ եկեղեցու պատմություն» դասագրքի մշակմանը եւ այդ առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը մասնակցության իրավունք:

Ի տարբերություն Հայաստանի, հարեւան Վրաստանում նախկին կոմունիստ Շեւարդնաձեի նախագահության օրոք՝ 2002թ.-ին խորհրդարանն ընդունել է պետության եւ Վրաց ուղղափառ եկեղեցու հարաբերությունների մասին «Սահմանադրական ակտ» կամ, ինչպես պարզության համար ասվում է՝ «Կոնկորդատ»:

Սահմանադրության մաս կազմող այդ Ակտով Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքն անձեռնմխելի է, հոգեւորականները չեն կարող զինվորական ծառայության կոչվել, Վրաստանի տարածքում գտնվող բոլոր ուղղափառ եկեղեցիները, ավերակները եւ հողը, որի վրա դրանք գոյություն ունեն, ճանաչվում են ՎՈՒԵ բացառիկ սեփականություն, որ կարող են տրվել վարձակալության: Վրաստանի «Կոնկորդատը» ոչ միայն եկեղեցական խոստովանության գաղտնիությունն է ճանաչում, այլեւ իրեն հայտնի դարձած տեղեկությունները չհրապարակելու՝ հոգեւորականի իրավունքը: 

Ակտը սահմանում է, որ պետական դպրոցներում եւ բուհերում ՎՈՒԵ պատմության ուսուցիչները եւ դասախոսները  նշանակվում են կառավարության կողմից՝ Պատրիարքարանի ներկայացմամբ: Այդ Ակտը կարող է փոփոխության կամ լրացման ենթարկվել միայն սահմանադրություն փոխելու դեպքում: 

Հետաքրքիր է, թե Հայաստանի նախկին իշխանությունները, որ այսօր հանդես են գալիս որպես ՀԱԵ իրավունքների պաշտպան, ժամանակին ինչու՞ չեն հետեւել հարեւան երկրի օրնակին եւ եկեղեցի-պետություն հարաբերությունները չեն կանոնակարգել սահմանադրական Ակտով:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *