ՄԵՐ ՈՒՂԻՆ

Բանավեճ Շանթի Եթերում

Պետությունը կարող է միջամտել ցանկացած կազմակերպության գործունեությանը, եթե առկա են իրավախախտումներ, այդ թվում՝ կրոնական կառույցների դեպքում։

Մեր Ուղին

Shant  TV ARMENIA-ի եթերում բանվիճել են ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ու Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Բանավեճի թեման եղել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն ու քննարկում ծավալվել, թե արդյոք պետությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ գաղտնալսել, թե դա պարզապես ճնշման ևս մեկ գործիք է և այլն։ 

Ստյոպա  Սաֆարյանը նշեց, որ զարգացումների սկիզբը պետք է տեսնել ավելի վաղ փուլում։ Նա հիշեցրեց, որ Գյումրու ընտրությունների ժամանակ Վարդան Ղուկասյանը անձամբ հայտարարել էր, թե քաղաքականություն է մտնում, որովհետև իշխանությունները սկսել են իրեն անհանգստացնել։ Սաֆարյանի խոսքով՝ դա Վարդան Ղուկասյանի կողմից եղել է անվտանգության և անձեռնմխելիության որոշակի բարձիք ստեղծելու փորձ, ինչպես նաև տարբեր քրեական գործերով հարուցված վարույթներում իրեն պաշտպանելու և գործը քաղաքականացնելու հնարավորություն։ Նա եզրակացրեց, որ պետք է իրերը կոչել իրենց անուններով, քանի որ սա Վարդան Ղուկասյանի կողմից արված հրապարակային հայտարարություն է։

Սուրեն Սուրենյանցը արձագանքեց, որ ինքը համամիտ չէ որոշ շեշտադրումներին։ Նա ասաց, որ ակտիվ մասնակցել է Գյումրիի նախընտրական արշավին և սկզբից հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանը լավագույն այլընտրանքը չէ՝ լինելով խոցելի և էպատաժային կերպար։ Սակայն, նրա կարծիքով, տեղի ունեցածը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Սուրենյանցը դիտարկեց, որ նման հետախուզական միջոցառումներ Տիգրան Ավինյանի հանդեպ չեն արվում, չնայած մամուլում առկա կոռուպցիոն սկանդալներին։ Նա ընդգծեց, որ Վարդան Ղուկասյանի դեմ գործողությունները եղել են նպատակային, և նույն դատավորը բավարարել է բոլոր միջնորդությունները։ Ըստ նրա՝ վարչապետը նախընտրական տարում փորձում է կյանքի բոլոր ոլորտները վերցնել տոտալ վերահսկողության տակ, և Հայաստանը վերածվել է «ժուչոկային հանրապետության»։

Սուրենյանցը հավելեց, որ եթե Վարդան Ղուկասյանը թեկնածու չդառնար, իր նկատմամբ քրեական գործերը նույն ձևով չէին առաջ գնա։ Նա պնդեց, որ նախկին համակարգի շատ ներկայացուցիչներ հանգիստ են ապրում, քանի որ քաղաքական հավակնություններ չունեն, մինչդեռ ակտիվները դառնում են թիրախ։

Ստյոպա Սաֆարյանը արձագանքեց, որ Վարդան Ղուկասյանի հայտարարությունից արդեն իսկ պարզ էր՝ իրավապահները մոտեցել էին նրան, և նա պաշտպանական նպատակով էր քաղաքականություն մտնում։ Սաֆարյանը նշեց, որ ձայնագրությունները արվել են դեռ այն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ չէր, և փաստաբանների թիմը փորձում է դա օգտագործել պաշտպանական հարթությունում։ Սակայն, նրա խոսքով, գաղտնալսումները արվել են դատարանի որոշմամբ՝ օպերատիվ հետախուզական գործողությունների շրջանակում, քանի որ Վարդան Ղուկասյանը կապեր ուներ «Սրբազան շարժման» անդամների հետ։

Նա եզրակացրեց, որ ձայնագրությունները օրինական են եղել և ոչ մի փաստաբան դրանց օրինականությունը չի վիճարկել։ Ըստ նրա՝ իրավական գործընթացները սկսվել են վարչապետի հայտարարությունից ավելի վաղ և ցույց են տալիս, որ գործը նախընտրական տրամաբանության ազդեցությամբ ընթացել է, բայց իրավական հիմք ունի։

Սաֆարյանը հավելեց, որ ինքը դեռ ընտրություններից առաջ զգուշացրել էր՝ Վարդան Ղուկասյանի քվեները փաստացի լինելու են ՔՊ-ի օգտին, քանի որ ցանկացած քննիչի այցը նրա նկատմամբ կդառնար ճակատագրական։

Սուրեն Սուրենյանցը իր հերթին արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանը միավորել է հին և նոր համակարգերի մեխանիզմները՝ օգտագործելով դրանք քաղաքական վերահսկողության համար։ Նա պնդեց, որ հին համակարգի ներկայացուցիչները, որոնք կապիտալիզացվել են քաղաքական դաշտում, դառնում են խոցելի հենց այն պահին, երբ հայտ են ներկայացնում։ Սուրենյանցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պահեստում պահում է կոմպրոմատները և անհրաժեշտ պահին օգտագործում՝ իբրև պատժի գործիք։

Նա ընդգծեց, որ նույն մեխանիզմը կիրառվել է Դավիթ Համբարձումյանի դեպքում՝ տարիներ շարունակ ձգվող գործի հիման վրա, որը վերջնական վճռով վերածվել է ազատազրկման։ Նրա խոսքով՝ դատական համակարգը դարձել է վարչապետի ձեռքին գործիք՝ վերահսկողություն հաստատելու համար։

Ստյոպա Սաֆարյանը հակադարձեց, որ բոլոր ձայնագրությունները արվել են դատարանի որոշմամբ, և դրանք ապացուցում են իրավական գործընթացի առկայությունը։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա ձախողումից հետո «Սրբազան շարժումը» անցել էր ռադիկալացման փուլ, և իրավապահները պարտավոր էին վերահսկել։ Նա ասաց, որ դատախազությունը չէր կարող 2000 ժամ ձայնագրություն բերել Ազգային ժողով, և ներկայացրել է միայն այն հատվածները, որոնք վկայել են հիմնավոր կասկածի մասին։ Սաֆարյանը նշեց, որ քաղաքական գնահատական տալու փոխարեն պետք է սպասել դատական որոշումներին, ինչպես դա արվել է նախկին գործերի դեպքում։

Սաֆարյանը հավելեց, որ նույն տրամաբանությամբ քննվել են նաև այլ գործեր, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյանի, և ինքն անձամբ տարիներ շարունակ բարձրաձայնել է դատաիրավական համակարգի արատավոր վիճակի մասին։

Սուրեն Սուրենյանցը ընդգծեց, որ գործերը օգտագործվում են ընտրովի կերպով՝ քաղաքական նպատակներով, և եթե իշխանությանը պետք է պատժել ինչ-որ մեկին, ապա օգտագործվում է հին գործերի պահեստը։ Նա նշեց, որ սա վտանգավոր նախադեպ է՝ վերածելով արդարադատությունը վրեժխնդրության գործիքի։

Ստյոպա Սաֆարյանը եզրափակեց, որ ինքը համաձայն չէ այն պնդման հետ, թե ձայնագրությունները կեղծված են կամ մոնտաժված, քանի որ դրանք իրականացվել են դատական ընթացակարգերի շրջանակում։

Սուրեն Սուրենյանցը հետո անդրադարձավ եկեղեցու և իշխանության հարաբերություններին՝ հայտարարելով, որ սա «հակաեկեղեցական ծրագիր» է։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրորեն չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին, քանի որ 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է եկեղեցին պետությունից։ Նա նշեց, որ եթե Փաշինյանը ցանկանում է զբաղվել եկեղեցու ռեֆորմով, պետք է հրաժարական տա և դա անի որպես շարքային քաղաքացի։

Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ պետությունը կարող է միջամտել ցանկացած կազմակերպության գործունեությանը, եթե առկա են իրավախախտումներ, այդ թվում՝ կրոնական կառույցների դեպքում։ Նա հիշեցրեց, որ նախկինում եղել են նման դեպքեր՝ օրինակ բերելով «Սիվիլիթասի» գործը։ Սակայն նա ընդգծեց, որ եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, և եթե այն ինքն է սկսել զբաղվել քաղաքականությամբ, ապա անխուսափելի է բախումը իշխանության հետ։

Նա եզրակացրեց, որ այժմ առկա է երկու քաղաքական սուբյեկտների բախում՝ ընտրված իշխանության և քաղաքականության մեջ ներգրավված եկեղեցու միջև։

Սուրեն Սուրենյանցը հակադարձեց, որ սահմանադրության 17-րդ հոդվածը արգելում է պետությանը միջամտել եկեղեցու գործերին, և եթե անգամ որոշ հոգևորականներ սխալ են վարվել, դա չի նշանակում, որ կարելի է կոտրել ինստիտուտը։ Նա ընդգծեց, որ տեղի ունեցողը իրավունքի, ոչ թե հավատքի հարց է։

Բանավեճն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *