Հայոց պատմության մեջ բազմաթիվ դեպքեր ունենք, երբ պետության գոյության ժամանակ պետությունը պաշտպանել է հայ եկեղեցին օտարների գաղափարական ու դավանաբանական հարձակումներից, ինչպես օրինակ Պապ թագավորի դեպքում, երբ առաջին անգամ հայոց կաթողիկոսը օծվեց Հայաստանում ու անկախացավ։
Մեր Ուղին
Վերջին շրջանում եկեղեցի-պետություն հարաբերությունների լարումով պայմանավորված՝ ասես նոր փորձ է կատարվում թե՛ պետության, թե՛ եկեղեցու դերի վերարժևորման հետ կապված։ Ընդ որում այդ վերարժևորման գործընթացը հաճախ տեղի է ունենում հապճեպորեն ու չհիմնավորված, երբ առաջին կամ երկրորդ բևեռի ներկայացուցիչները փորձում են ազգային արժեք հաղորդել մի երևույթի և փորձում են, եթե ոչ անտեսել, ապա փոքրացնել հակադիր բևեռի նշանակությունը։ Այս առումով պետք է որոշակիություն մտցնել՝ հասկանալու համար եկեղեցու և պետության դերը ժողովրդի կյանքում, ինչպես նաև ընդգծել դրանց այն ինստիտուցիոնալ արժեքները, որոնք կրում են վերջիններս։
Պետության մասին շատ է խոսվել, և կարծում ենք, որ բոլորն էլ համաձայն են, որ պետությունը եղել ու շարունակում է մնալ տվյալ ժողովրդի ինքնության պահպանման ու գոյության երաշխիքներից ամենակարևորներից մեկը։ Առանց սեփական պետության տվյալ ժողովուրդը ենթակա է ոչնչացման՝ անկախ նրանից, թե այդ ոչնչացումը տեղի կունենա ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ, ինչպես որ հայ ժողովրդի պարագայում է փորձ արվել 1915 թ․Ցեղասպանության ժամանակ, թե ավելի նուրբ և ուծացնող ձևով, ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ ձուլվել են իրենց տիրապետող վարչակարգերին։
Եկեղեցու պարագայում կարող ենք ընդգծել նրա այն բացառիկ դերը, որ վերջինս ունի ժողովրդի հոգևոր դաստիարակության ու կրթության, նաև որոշ չափով ինքնության պահպանման առումով։ Որքան ուժեղ է եկեղեցին, այնքան ավելի ուժեղ է պետությունը։ Բայց առանց պետության տվյալ եկեղեցին ենթակա է հալածանքների ու ավերման՝ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ նյութական ու գաղափարական առումով։ Հայոց պատմության մեջ բազմաթիվ դեպքեր ունենք, երբ պետության գոյության ժամանակ պետությունը պաշտպանել է հայ եկեղեցին օտարների գաղափարական ու դավանաբանական հարձակումներից, ինչպես օրինակ Պապ թագավորի դեպքում, երբ առաջին անգամ հայոց կաթողիկոսը օծվեց Հայաստանում ու անկախացավ։ Ունենք նաև օրինակ, որ թեև անկախ պետականություն չի եղել, բայց հողի վրա գոյություն ունեցող հայկական իշխանությունները պաշտպանել են եկեղեցին, ինչպես օրինակ Վարդանանց պատերազմների ժամանակ։ Ունեցել ենք նաև բազմաթիվ դեպքեր, երբ պետության չգոյության ժամանակ եկեղեցին բազմիցս ենթարկվել է օտարների տարատեսակ ճնշումներին և, չկարողանալով համարժեք դիմադրություն ցույց տալ (ինչը բնական է այս դեպքում), ստիպված է եղել ընդունել ենթարկվողի կարգավիճակը։ Այդ ենթարկման ժամանակ եկեղեցին նաև կարողացել է ահռելի աշխատանք կատարել ժողովրդին կորստյան չմատնելու հարցում, բայց միշտ զգացվել է սեփական պետության ամենազոր ձեռքի բացակայությունը։
Հայ եկեղեցու մասին խոսելիս մենք պետք է ոչ միայն ընդգծենք, որ այն հայ ժողովրդի կյանքում ունեցել է բացառիկ նշանակություն, այլև այն, որ հայ եկեղեցին եղել է հայկական պետական ինստիտուտ, այլ ոչ թե պարզապես կրոնական կառույց։ Հայ եկեղեցին իր դավանաբանական առումով կարող ենք համարել առաքելական, բայց իր կառույցային-ինստիտուցիոնալ առումով այն պետական էր։ Հայ եկեղեցին պետական հզոր կառույց դարձավ բացառապես պետության գոյության ժամանակ, ծաղկեց և ուժեղացավ պետության գոյության ու այդ պետության տերերի՝ հայ արքաների բարեհաճությամբ։ Եթե չլիներ պետական մոտեցումը, ապա ռազմական ուժով կարելի էր միանգամայն արմատախիլ անել Հայաստանում նոր-նոր ծլարձակող քրիստոնեությունը։ Եթե չլիներ պետությունը, ապա հայոց գրերի գյուտը կարող էր առհասարակ տեղի չունենալ, քանի որ դա ոչ միայն եկեղեցական նախաձեռնություն էր, այլ պետական մշակութային քաղաքականություն, պետական պատվեր՝ եկեղեցուն, որն էլ հրաշալի մշակութային սխրագործություն կատարեց՝ հայ ժողովրդին սեփական այբուբեն տալով, ինչը ցույց է տալիս եկեղեցի-պետություն համագործակցության ուժեղ ու կարևոր կապը։
Ունենք նաև օրինակներ, երբ եկեղեցին հակամարտության մեջ է մտել պետության հետ՝ արքաներին հավասար հարստություն ունենալով, հաճախ էլ դառնալով գայթակղության քար։ Նկատելով հայ եկեղեցու բացառիկ կարևոր դերը՝ շատ օտար նվաճողներ են փորձել եկեղեցին իրենցով անել ու հայ ժողովրդին կառավարել եկեղեցու միջոցով։ Երբեմն դա հաջողվել է, երբեմն՝ ոչ։
Ամեն անգամ, երբ եկեղեցի-պետություն արժևորում է կատարվում, հարկավոր է հասկանալ, որ այս երկուկ առույցները պետք է ապրեն բացառապես համագործակցային սկզբունքով։ Եկեղեցին ունի և պետք է լինի բացառիկ դեր ունեցող, բայց միևնույն ժամանակ պետությանը ենթակա կառույց, որովհետև այն ի վերջո պետության տարածքում է գործում։ Առհասարակ աշխարհում չի եղել ու չկա որևէ պետություն, որտեղ կրոնական կառույցը ավելի կարևոր լինի, քան ողջ պետությունը։ Թերևս կարելի է մի քանի կրոնապետություն առանձնացնել, ինչպես օրինակ Իրանը, որտեղ երբեք չի եղել կրոնապետություն՝ բացի վերջին տասնամյակներին գործող ռեժիմից, որն էլ այսօր մեծապես երերում է։ Իրանը ևս կառավարվել է կամ սեփական իրանական պետության, կամ նվաճողների ռազմական, բայց ոչ երբեք կրոնական ղեկավարների կողմից։
Հայ եկեղեցին ևս մշտապես եղել է ենթակա պետությանը՝ անկախ նրանից, թե դա հայկական հարազատ պետությունն է, թե օտարինը։ Ընդ որում օտարի տիրապետության ժամանակ այդ ենթարկումը եղել է ավելի սարսափելի ու չվերահսկվող։ Այսօր, երբ որոշակի շրջանակներ եկեղեցին ավելի բարձր են դասում պետությունից, դա զարմանք է առաջացնում, որովհետև եկեղեցին միշտ էլ պետությանը ենթարկվող կառույց է, և դա տրամաբանական է։ Տրամաբանական է նաև այն, որ այսօր պետությունը փորձում է եկեղեցին ամբողջովին դարձնել հայկական կառույց, որը զերծ է օտար որևէ ազդեցությունից։ Այլ հարց է այն, որ պետության մոտեցումը կարող է լինել թույլատրելի կամ ոչ թույլատրելի, բռնի, սխալ, չհաշվարկված, կոպիտ և այլն։ Այստեղ արդեն խնդիրը մոտեցման ձևի մեջ է, քան թե սկզբունքային տրամաբանության։ Եկեղեցին եղել է, մնում է ու մնալու է ներպետական կառույց։ Այն հիմնադրվել է պետության գոյության ժամանակ, այն անկախացել է պետության գոյության ժամանակ, այն չպետք է ավելի բացառիկ լինի, քան պետությունը, քանի որ օտարները նախ և առաջ հայոց պետությունն են փորձել վերացնել, ապա նոր՝ եկեղեցին։
Ինչ վերաբերում է ներեկեղեցական բարոյականությանը, մաքրագործությանը և այլն, ապա ոչ ոք չի էլ կասկածում, որ այն պիտի լինի մաքուր ու սուրբ կառույց։ Բայց ամեն կառույց էլ մարդկային է ու ենթակա է սխալների, վրիպումների, ուստի եկեղեցու մաքրագործման տրամաբանությունը սխալ չէ, սխալ կարող են լինել մոտեցումները։ Ինչպես պետության բազմաթիվ ներկայացուցիչներ կարող են լինել այլ ուժի սպասարկող, այնպես էլ եկեղեցում ու ցանկացած այլ կառույցում։ Ինչպես պետական դավաճանի դեմ է մղվում ամենախիստ պայքարը, այնպես էլ այդ պայքարը պետք է մղվի եկեղեցին պղծած ցանկացած անձի դեմ, քանի որ եկեղեցին, ինչպես արդեն նշվեց, բացառիկ սուրբ կառույց է։
Այսօր գաղտնիք չէ, որ եկեղեցին ունի բազմաթիվ ներքին խնդիրներ՝ կոռուպցիոն, մարդկային և այլն։ Այդ ամենը, իհարկե, պետք է լուծվի, և իրական մաքրում պետք է տեղի ունենա։ Եկեղեցու մաքրության դեմ հանդես գալ հնարավոր չէ․պարզապես պետք է հասկանալ ամենաճիշտ մեթոդները, որպեսզի չափազանց կոպիտ վարքագիծը ավելի մեծ վնաս չհասցնի։ Բայց միաժամանակ պետք է արմատախիլ անել այն չարիքը, որը տասնամյակներ շարունակ եկեղեցին դարձրել է շահարկման, պաշտոնավաճառության, գործակալային ու այլ հակապետական գործունեության օջախ։
Եկեղեցին պետք է մաքրվի, որովհետև եկեղեցին հայկական է ու պետական է։
