Հայաստանը պետք է հստակ ուղերձ փոխանցի թե՛ Արևմուտքին, թե՛ տարածաշրջանային գործընկերներին, որ Իրանը կարևոր հարևան է, և Հայաստանը չի կարող կանգնել ընտրության առաջ՝ Իրանի և նրա հակառակորդների միջև։
Արման Բաբաջանյան
Հայաստանի հանրային ռադիոն զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի ներքաղաքական լարվածությունը, հատկապես եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և իշխանությունների հետ ունեցած հակասությունները։ Արման Բաբաջանյանը, անդրադառնում է եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտությանը և Կաթողիկոսի հնարավոր հեռացմանը՝ շեշտելով հոգևոր դասի կողմից պետական կուրսին աջակցելու կարևորությունը։ Առանցքային թեմաներից է նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործակցությունը, մասնավորապես՝ փետրվարին սպասվող բարձրաստիճան այցը և տնտեսական խոշոր ներդրումային ծրագրերը։
Արման Բաբաջանյանը նշեց, որ ժամանակին զբաղեցրել է Հայ Եկեղեցու երիտասարդաց միության ատենապետի պաշտոնը, եղել է «Հայորդի» պարբերականի խմբագիր և Արարատյան հայրապետական թեմում ակտիվ գործունեություն է ծավալել հենց գործող կաթողիկոսի պաշտոնավարման շրջանում։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ ճանաչում է բազմաթիվ եկեղեցականների, ուսանել է ճեմարանում, եղել է սարկավագ, և այդ պատճառով էլ ներկայիս գործընթացներին ներգրավված է ոչ թե դրսից, այլ ներսից հասկանալու դիրքերից։
Բաբաջանյանը ասաց, որ սկզբունքորեն դեմ չէ, որպեսզի եկեղեցականները զբաղվեն քաղաքականությամբ, սակայն անընդունելի է համարում նրանց կուսակցական գործունեությունը։ Նրա դիտարկմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Մայր Աթոռի որոշ շրջանակներում, արդեն կուսակցականություն է, ինչը քայքայում է եկեղեցու հիմնական առաքելությունը։ Նա շեշտեց, որ կուսակցական գործունեությունը նշանակում է կողմ ընտրել, մինչդեռ եկեղեցու դերը բոլորին միավորելն է և բոլորինը լինելը։ Եկեղեցու բարենորոգման առանցքային խնդիրը հենց կուսակցականության ներթափանցումը բացառելն է։ Նրա խոսքով՝ բարեվարքության հետ կապված խնդիրները վաղուց են տեսանելի, վերջին բացահայտումները պարզապես ընդգծել են դրանց հրատապությունը։ Նա նշեց, որ այսօր բացակայում են հստակ կանոնական մեխանիզմներ, և անհրաժեշտ է բարեվարքության հարցը դնել կանոնական հիմքերի վրա։
Խոսելով արտաքին ազդեցությունների մասին՝ Բաբաջանյանը նշեց, որ աշխարհի որևէ երկրում հայկական եկեղեցական ներկայությունը չի կարող այդ երկրի քաղաքական իշխանությունների հետ ունեցած անհամաձայնությունները արտահայտել եկեղեցու բեմից։ Նրա դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանում նման բան պարզապես աներևակայելի է, մինչդեռ Հայաստանը փաստացի միակ երկիրն է, որտեղ եկեղեցին բացահայտ ընդդիմանում է պետության քաղաքական կուրսին։
Արման Բաբաջանյանը կարծում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին դեռևս ամբողջությամբ չի մարսել հայկական պետականության նոր իրողությունը, հատկապես հետպատերազմական շրջանում։ Նա նշեց, որ եկեղեցու շուրջ խմորումները համընկել են հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման փորձերի հետ, ինչը, իր կարծիքով, կապված է նաև Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու գործընթացների խափանման փորձերի հետ։
Բաբաջանյանը ընդգծեց, որ պետությունն ունի ժողովրդից ստացած մանդատ, և եկեղեցին չի կարող այդ մանդատի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Նրա խոսքով՝ բարենորոգումների գործընթացը պետք է առաջ տանեն հենց եկեղեցականները՝ եպիսկոպոսների առաջնորդությամբ, առանց վարչապետի կամ քաղաքական ուժերի ուղղակի միջամտության։
Նա նշեց, որ սահմանադրական կարմիր գծերի խախտումներ եղել են բոլոր կողմերից, սակայն առաջինը հենց եկեղեցին է քաղաքականացվել՝ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին պահանջելով վարչապետի հրաժարականը։ ԱրմանԲաբաջանյանը պատմեց, որ անձամբ մասնակցել է Վեհափառի հետ հանդիպման, որտեղ բաց տեքստով հնչել է գործող վարչապետին հեռացնելու և նախկին նախագահի վերադարձի գաղափարը։
Բաբաջանյանի գնահատմամբ՝ նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախկին համակարգերում եկեղեցին ունեցել է լեգիտիմություն հաղորդող դեր, ինչը ներկայիս ժողովրդավարական պայմաններում այլևս հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ որևէ առաջնորդ երբեք սեփական կամքով հեռանալու մտադրություն չի ունենում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական և հասարակական գործընթացները կարող են ստիպել նման որոշումների։
Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջիկայում չի սպասում կտրուկ զարգացումների և կարծում է, որ գործընթացը երկարատև է լինելու։ Նրա դիտարկմամբ՝ մարզերում և գյուղերում մարդկանց օրակարգը բոլորովին կապ չունի եկեղեցու կամ կաթողիկոսի շուրջ ընթացող քննարկումների հետ։ Նա ասաց, որ մարդկանց հետաքրքրում են ջրի, գյուղատնտեսության, կաթի մթերման, աշխատանքի և ապագայի հարցերը։ Բաբաջանյանը օրինակ բերեց Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից մեկը՝ նշելով, որ բնակիչներին ավելի շատ մտահոգում է իրենց երեխաների և համայնքի ապագան, քան եկեղեցական վերնախավի ներքին հարցերը։ Նրա կարծիքով՝ պետությունը պետք է հստակ հանձնառություններով պատասխան տա այս մարդկանց, այլ ոչ թե կենտրոնանա վերացական օրակարգերի վրա։
Խոսելով ընտրություններին մասնակցելու մասին՝ Արման Բաբաջանյանը նշեց, որ «Հանուն հանրապետության» կուսակցությունը քննարկում է տարբեր ձևաչափեր՝ թե՛ դաշինքով, թե՛ կուսակցական ցուցակով մասնակցելու հնարավորությունները։ Նա ասաց, որ ինտենսիվ բանակցություններ են ընթանում ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հեղինակություն վայելող անհատների հետ, և որևէ տարբերակ բացառված չէ։
Միջազգային զարգացումների համատեքստում Բաբաջանյանը նշեց, որ աշխարհում տեղի ունեցող խոշոր գործընթացները Հայաստանին ստիպում են գործել առավել սթափ և հաշվարկված։ Նա կարևորեց օգոստոսի 8‑ի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշելով, որ դրանք Հայաստանին հնարավորություն են տվել ունենալ հենման կետ այս լարված տարածաշրջանային իրավիճակում։ Այդ պայմանավորվածությունները կատարյալ չեն, սակայն կարճաժամկետ հեռանկարում առավելագույն հնարավոր արդյունքն են պարտված պատերազմի պայմաններում։ Նրա խոսքով՝ դրանք ձեռք են բերվել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության շնորհիվ և պետք է դառնան ինստիտուցիոնալ, ոչ թե կախված լինեն մեկ քաղաքական ուժից։ Հայաստանը պետք է հստակ ուղերձ փոխանցի թե՛ Արևմուտքին, թե՛ տարածաշրջանային գործընկերներին, որ Իրանը կարևոր հարևան է, և Հայաստանը չի կարող կանգնել ընտրության առաջ՝ Իրանի և նրա հակառակորդների միջև։ Նրա համոզմամբ՝ երկրի ներսում դիմադրողականության ամրապնդումն է արտաքին սպառնալիքներին դիմակայելու հիմնական նախապայմանը։ Հայ-ամերիկյան պայմանավորվածությունները համազգային նշանակություն ունեն և պետք է ստանան լայն քաղաքական աջակցություն խորհրդարանում։ Նա նշեց, որ ամերիկյան կողմի համար կարևոր է տեսնել, որ Հայաստանում կա մեկից ավելի քաղաքական ուժ, որոնք պաշտպանում են այդ օրակարգը։
Վերջում Բաբաջանյանը նշեց, որ արդեն կան ամերիկահայ գործարարներ, որոնք պատրաստ են խոշոր ներդրումներ կատարել Հայաստանում՝ տեսնելով անվտանգության և կայունության որոշակի երաշխիքներ։ Նրա խոսքով՝ ներդրումները պետք է լինեն ոչ միայն հայրենասիրական, այլև տնտեսական տեսանկյունից շահավետ, և դա հնարավոր է միայն հստակ քաղաքական ուղեգծի պահպանման դեպքում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
