Խնդիրը Ոչ Թե Ռուսական Մեդիան Է, Այլ Նրա Քարոզի Հետևանքը
Իրական վտանգը սկսվում է այն պահին, երբ հայաստանյան հասարակությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություն է ստանում բացառապես ռուսաստանյան աղբյուրներից։
Դանիել Իոանիսյան
1inTV‑ն զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ‑ի համակարգող՝ Դանիել Իոանիսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են տեսալսողական մեդիայի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները, որոնց նպատակն է սահմանափակել օտարերկրյա միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ ռուսական ալիքների հակահայկական քարոզչությունը հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում՝ բարձրացնելով իշխանության վարկանիշը և նվազեցնելով վստահությունը այդ աղբյուրների հանդեպ։
Դանիել Իոաննիսյանը ասաց, որ տեսալսողական մեդիայի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկել մի քանի շերտով։ Նրա խոսքով՝ հանրային քննարկումներում հիմնականում ուշադրությունը կենտրոնացած է հանրային մուլտիպլեքսում ներառված ռուսաստանյան հեռուստաալիքների վրա, սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում և վերաբերում է նաև կաբելային հեռարձակմանը։Խնդիրը միայն այն չէ, թե ինչպես են ռուսաստանյան ալիքները մեկնաբանում Հայաստանի ներքաղաքական կյանքը կամ քննադատում իշխանություններին։ Դանիել Իոհաննիսյանի դիտարկմամբ՝ նման հաղորդումները Հայաստանում էական ազդեցություն չեն ունենում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հակառակ արդյունք են տալիս՝ նվազեցնելով այդ ալիքների վստահելիությունը հայաստանյան հանրության աչքում։
Նրա խոսքով՝ իրական վտանգը սկսվում է այն պահին, երբ հայաստանյան հասարակությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություն է ստանում բացառապես ռուսաստանյան աղբյուրներից։ Նա օրինակ բերեց, որ երբ Հայաստանի զինված ուժերում խոսվում է արևմտյան մոդելի անցման անհրաժեշտության մասին, իսկ նույն զինվորականը ռուսական հեռուստաալիքներով տեսնում է ռուսական բանակի «անպարտելիության» մասին քարոզ, նրա մոտ առաջանում է ներքին հակասություն և կասկած պետական քաղաքականության հանդեպ։
Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց 2015 թվականի «Էլեկտրիկ Երևան» իրադարձությունները՝ նշելով, որ ռուսաստանյան ալիքները տարածում էին ակնհայտ կեղծ տեղեկություններ խաղաղ ցուցարարների մասին։ Նրա գնահատմամբ՝ այդ ապատեղեկատվությունը Հայաստանում միայն մեկ հետևանք ունեցավ՝ հանրությունը սկսեց ավելի քիչ վստահել ռուսաստանյան մեդիային։ Հայաստանի մասին ռուսական մեդիայի ակնհայտ սուտ հաղորդումները նույնիսկ օգտակար ազդեցություն են ունեցել, քանի որ դրանք հասարակությանը սովորեցրել են քննադատաբար մոտենալ այդ աղբյուրներին։ Ըստ նրա՝ խնդիրը հենց այն է, որ նույն քննադատական վերաբերմունքը միշտ չէ, որ կիրառվում է Եվրոպայի, Ուկրաինայի կամ Արևմուտքի մասին տարածվող տեղեկատվության նկատմամբ։
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները չեն հասցեագրում այս հիմնական խնդիրը, քանի որ սահմանափակումները վերաբերում են միայն Հայաստանին առնչվող բովանդակությանը, մինչդեռ արտաքին աշխարհի մասին քարոզչությունը մնում է անփոփոխ։
Անդրադառնալով «Սպուտնիկ» լրատվամիջոցի թեմային՝ նա ընդգծեց, որ անհրաժեշտ է տարբերակել «Սպուտնիկը» և «Ազատություն» ռադիոկայանը՝ դրանք որակելով արմատապես տարբեր կառույցներ։ Նրա խոսքով՝ «Սպուտնիկը» շատ երկրներում արգելված է, և Հայաստանի դեպքում ևս պետք է հստակեցվի պետության քաղաքականությունը օտարերկրյա պետական մեդիայի նկատմամբ։
Դանիել Իոաննիսյանը կարևորագույն խնդիր համարեց հայաստանյան մեդիադաշտում անկախ լրատվամիջոցների ցածր տեսակարար կշիռը։ Նրա գնահատմամբ՝ ռուսամետ կամ արտաքին ֆինանսավորմամբ գործող տեղական լրատվամիջոցները շատ ավելի մեծ վնաս կարող են հասցնել, քան արտաքին ալիքների ուղիղ հեռարձակումը։ Խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե արգելքների, այլ անկախ լրատվամիջոցների զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ֆինանսական թափանցիկություն և անկախ մեդիայի համար նպաստավոր պայմանների ստեղծում։
Դանիել Իոաննիսյանը ընդգծեց, որ անկախ մեդիայի ֆինանսավորման հարցում մեծ դեր ունի հասարակությունը։ Նա նշեց, որ քաղաքացիները պետք է սովորեն աջակցել իրենց վստահելի լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին՝ բաժանորդագրությունների, նվիրատվությունների և քրաուդֆանդինգի(մեծ թվով անձնանց միջոցով որևէ նախագծի ֆինանսավորում) միջոցով։
Նա հավելեց, որ տեղեկատվությունը երբեք լիովին անվճար չի լինում, իսկ անվճար տարածվո ղբովանդակությունը շատ հաճախ ապատեղեկատվություն է։ Նրա համոզմամբ՝ հենց այս գիտակցումը կարող է դառնալ մեդիադաշտի առողջացման և հանրային քննարկումների որակի բարձրացման հիմքը։
Դանիել Իոաննիսյանը եզրափակեց՝ նշելով, որ անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը քաղաքացիների կողմից ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է, որին հայաստանյան հասարակությունը դեռ պետք է սովորի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
