Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Ուկրաինայում Ռուսաստանի հաշվարկները ձախողվել են։ Արցախը հանձնվեց՝ ի հաշիվ Թուրքիայի հետ գործարքների և սանկցիաները շրջանցելու շահերի, ինչի արդյունքում Ռուսաստանը կորցրեց իր իսկ ռազմավարական հենակետը։
Հովսեփ Խուրշուդյան
Հանրային Ռադիոն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա և Մոսկվայի հնարավոր փորձերը՝ ակտիվացնելու «հինգերորդ շարասյունը» հաջորդ ընտրություններից առաջ։ Հովսեփ Խուրշուդյանը վերլուծում է ռուսական քարոզչության սպառնալիքները, որոնք նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել և խամաճիկային ուժերին բերել իշխանության։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարությունները ցույց են տալիս՝ Ռուսաստանում դեռ զգում են, որ Հայաստանում ունեն հենման կետեր։ Նրա կարծիքով, խոսքը ոչ թե ուղիղ Հայաստանի ներխուժման մասին էր, այլ ընդհանուր՝ «ազդեցության գոտիներում» ուժային սցենարների հնարավորության մասին, ինչը, սակայն, առանձնապես ընդգծեց նաև Հայաստանը։
Խուրշուդյանը դիտարկում է, որ նման հայտարարությունները հնարավոր են, որովհետև Ռուսաստանը հույս ունի իր խամաճիկներին իշխանության բերել Հայաստանում։ Նա հիշեցրեց 2021 թվականը, երբ ընտրություններից առաջ Ռուսաստանը, իր խոսքով, օգտագործեց Ադրբեջանին որպես պրոքսի ուժ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար․ սահմանային հարձակումները նպատակ ունեին սարսափեցնել հայ ժողովրդին և ցույց տալ, թե ինչ կլինի, եթե Մոսկվան «ձեռքը քաշի» Հայաստանի վրայից։ Այդ ժամանակ նպատակը մեկն էր՝ ներսում զարգացնել այն խոսույթը, թե Հայաստանը չի կարող ինքնուրույն պաշտպանվել, իսկ եթե իշխանությունը փոխվի և իշխանության գա ռուսամետ ղեկավար, ամեն ինչ «կկարգավորվի»։ Խուրշուդյանը նշեց, որ հայ հասարակության մեծ մասը չտրվեց այդ սպառնալիքներին, և այդ ծրագիրը ձախողվեց։
Այսօր Ռուսաստանը կրկին փորձում է նույնը, բայց արդեն շատ ավելի թույլ վիճակում է՝ ռազմական, տնտեսական և քաղաքական առումներով։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի դաշնակիցների թիվն ու ազդեցությունը տարածաշրջանում նվազում են, և Սոլովյովի հայտարարություններն ավելի շատ օդի մեջ կախված սպառնալիքներ են։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանում Ռուսաստանն այլևս չունի այն հենման կետերը, ինչ նախկինում ուներ, քանի որ Ալիևը կոշտ կերպով մաքրում է ռուսական ազդեցությունը։ Խուրշուդյանը հիշեցրեց, որ Սոլովյովի հայտարարություններից հետո Ադրբեջանում տեղի ունեցան կոնկրետ գործողություններ՝ ռուսամետ շրջանակների չեզոքացման ուղղությամբ։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում հաճախ անգամ ակնհայտ քրեական կամ կոռուպցիոն գործերը ներկայացվում են որպես «քաղաքական հետապնդում»։ Նրա կարծիքով, սա վտանգավոր է, քանի որ թուլացնում է պետության ինստիտուցիոնալ դիմադրողականությունը արտաքին ազդեցությունների նկատմամբ։
Նա ասաց, որ Ռուսաստանը վերջին տարիներինորևէ ռազմավարական հաջող քայլ չի կատարել տարածաշրջանում։ Խուրշուդյանի համոզմամբ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Ուկրաինայում Ռուսաստանի հաշվարկները ձախողվել են։ Նա նշեց, որ Արցախը հանձնվեց՝ ի հաշիվ Թուրքիայի հետ գործարքների և սանկցիաները շրջանցելու շահերի, ինչի արդյունքում Ռուսաստանը կորցրեց իր իսկ ռազմավարական հենակետը։
Ռուսաստանի հիմնական խնդիրն այն է, որ այնտեղ չկա բնական քաղաքական ընտրություն ու մրցակցություն։ Նրա խոսքով՝ կոռուպցիոն համակարգում վեր են բարձրանում ոչ թե ամենախելացիներն ու ամենահեռատեսները, այլ ամենամոտ ու ամենահարմար մարդիկ, ինչն էլ բերում է սխալ ռազմավարական որոշումների։
Նա նշեց, որ Ալիևը այսօր փորձում է վնասել Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների դրական դինամիկային՝ ներկայացնելով Հայաստանին որպես երկիր, որը իբր օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Խուրշուդյանի գնահատմամբ՝ սա ուղղված է Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը խաթարելուն և ներքին հինգերորդ շարասյան դիրքերը ուժեղացնելուն։
Խուրշուդյանը ընդգծեց, որ Հայաստանի հիմնական առավելությունն այսօր ժողովրդավարությունն է և դրա հիման վրա Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը։ Նա կարծում է, որ Ալիևի նման հայտարարությունները Եվրոպայում որոշիչ ազդեցություն չեն ունենալու, բայց կարող են դառնալ ուղենիշ որոշ փորձագիտական և քաղաքական շրջանակների համար։
Խուրշուդյանը անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների քաղաքականությանը՝ նշելով, որ Վաշինգտոնը գործում է սեփական շահերից ելնելով, և Հայաստանի հետ համագործակցությունը պայմանավորված է այդ շահերի համընկմամբ։ Նրա խոսքով՝ Չինաստանի դեմ գլոբալ մրցակցությունում ԱՄՆ‑ը փորձում է չեզոքացնել ավտոկրատ դաշնակիցներին տարբեր տարածաշրջաններում, և այս համատեքստում Հայաստանը դիտարկվում է որպես բնական գործընկեր։
Նա կարևորեց նաև Իրանի գործոնը՝ նշելով, որ լավագույն սցենարը Հայաստանի համար կլինի Իրանի խաղաղ զարգացումն ու հնարավոր ժողովրդավարական վերափոխումները։ Այդդեպքում, ըստ նրա, Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության և Իրանի միջև հիմնական կամուրջը՝ տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական համագործակցության առումով։
Ռուսաստանից իրական վտանգը մնում է, հատկապես ներքին քաղաքական գործընթացների ֆոնին։ Նրա կարծիքով, Մոսկվան կփորձի ֆինանսական ռեսուրսների միջոցով ակտիվացնել իր հինգերորդ շարասյունը Հայաստանում՝ անգամ եթե չհաջողի իշխանափոխություն իրականացնել, ապա գոնե խոչընդոտել երկրի ինքնիշխանության և եվրոպական ինտեգրման գործընթացները։
Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտում ներկայումս նորգաղափարներ չի տեսնում, և գործող մեթոդները՝ բարեգործության կամ նվերների միջոցով քաղաքական ազդեցություն ստեղծելը, հնացած ու անարդյունավետ են։ Խուրշուդյանի համոզմամբ՝ այդ քայլերը չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ և նույնիսկ կարող են իրավական խնդիրների հանգեցնել։
Վերջում նա նշեց, որ նման փորձերը դեռ կտեսնենք, սակայն դրանց արդյունավետությունը խիստ կասկածելի է, և ամեն ինչ ցույց կտա ժամանակը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
