Անգամ այս լարված պայմաններում Իրանի արտգործնախարարի տեղակալի գլխավորությամբ պատվիրակություն էր ժամանել Երևան, և օրակարգում հիմնականում եղել են ապաշրջափակման հարցերը, այդ թվում՝ հնարավոր նախագծերում Իրանի մասնակցության հստակեցումը։
Շահան Գանտահարյան
1inTV‑ն զրուցել է Բերյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանում Իրանի դեսպանի դժգոհությունը Երևանում տեղի ունեցող հակաիրանական բողոքի ակցիաների վերաբերյալ։ Դեսպանը նշել էր, որ Հայաստանը չպետք է դառնա հակաիրանական ուժերի հարթակ, ինչին ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը։
Շահան Գանտահարյանը, նշեց, որ Իրանի դեսպանը շատ լավ հասկանում է՝ դեսպանատան դիմաց հավաքվող մի քանի տասնյակ ցուցարարները չեն կարող էական կամ համակարգային ազդեցություն ունենալ Իրանում տիրող իրավիճակի վրա։ Նա ընդգծեց, որ այդպիսի բողոքի ակցիաները միջազգային պրակտիկայում սովորական երևույթ են, և դրանց ընթացքում Հայաստանի համապատասխան մարմիններն ապահովում են անվտանգությունը։
Գանտահարյանը կարծում է, որ դեսպանի հայտարարությունների հիմնական առանցքը ոչ թե ցուցարարների թվաքանակն է կամ գործողությունների անմիջական ազդեցությունը, այլ երկրորդ՝ առավել կարևոր բաղադրիչը․մտահոգությունը, որպեսզի Հայաստանը չվերածվի Իրանի համար թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կազմակերպման կամ նախաձեռնման հարթակի։ Նրա դիտարկմամբ՝ սա հիմնական ուղերձն ու զգուշացումն է։ Նման հայտարարությունները միայն Հայաստանին ուղղված չեն, այլ վերաբերում են Իրանի բոլոր սահմանամերձ երկրներին, այդ թվում նաև Ադրբեջանին։ Գանտահարյանը ընդգծեց, որ նման իրավիճակներում սահմանակից տարածքները բնականաբար հայտնվում են շահագրգիռ ուժերի ուշադրության կենտրոնում, որոնք փորձում են առավելագույնս օգտագործել աշխարհագրական դիրքը։
Շահան Գանտահարյանը դիտարկեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում հաճախ դառնում են բողոքի ակցիաների թիրախ, սակայն այս պարագայում Իրանի ուղերձը վերաբերում է ավելի լայն՝ տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Նրա խոսքով՝ նպատակն է կանխել, որ Իրանիսա հմանամերձ որևէ երկիր կամ տարածք օգտագործվի Իրանի դեմ գործողությունների համար։
Գանտահարյանը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ անգամ այս լարված պայմաններում Իրանի արտգործնախարարի տեղակալի գլխավորությամբ պատվիրակություն էր ժամանել Երևան, և օրակարգում հիմնականում եղել են ապաշրջափակման հարցերը, այդ թվում՝ հնարավոր նախագծերում Իրանի մասնակցության հստակեցումը։ Նա նշեց, որ այդ այցի ընթացքում հնչած հայտարարությունները ընդհանուր առմամբ դրական էին։ Եթե տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը, այդ թվում նաև տնտեսական բաղադրիչները, այդքան մտահոգում են Թեհրանին, ապա նման հռետորաբանությունը պետք է կիրառվեր նաև Ադրբեջանի, Թուրքիայի կամ այն երկրների նկատմամբ, որտեղ առկա են ՆԱՏՕ‑ի կամ ամերիկյան ռազմաբազաներ, ինչպես նաև Իսրայելի ներկայություն։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանի դիրքորոշումն այս հարցում բավական զգուշավոր է։
Տարածաշրջանի մի շարք երկրներ, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ, խիստ անհանգստացած են հնարավոր ռազմական սցենարներից, քանի որ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածները կարող են ուղղվել այդ հենակետերին։ Այդ պատճառով, նրա խոսքով, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը և այլ երկրներ դիվանագիտական միջոցներով փորձում են կանխել ռազմական գործողությունների զարգացումը։
Նա դիտարկեց, որ թեև ռազմական միջամտության նախադեպեր եղել են, դրանք հիմնականում սահմանափակ և կարճատև են եղել։ Ներկայիս վերլուծությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հնարավոր գործողությունների դեպքում դրանք չեն վերածվի լայնածավալ և երկարատև պատերազմի, թեև այդ հարցում լիարժեք վստահություն չկա։
Շահան Գանտահարյանը կարծում է, որ Իրանում ընթացող գործընթացները, արտաքին հարվածներից հետո, ստեղծել են նաև լուրջ ներքին ճգնաժամ։ Նրա խոսքով՝ Իրանը, բախվելով միաժամանակ արտաքին և ներքին խնդիրների, կարող է գնալ բանակցությունների ավելի թուլացած դիրքերից, ինչը կարող է լինել Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակը։
Նա ընդգծեց, որ Իրանի համար բարեփոխումների հիմնական խոչընդոտը տնտեսական ճգնաժամն ու սոցիալական լարվածությունն են, իսկ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է պատժամիջոցների վերացում և լիարժեք ապաշրջափակում։ Գանտահարյանը նշեց, որ այդ համատեքստում Հայաստանը կարևոր դեր ունի, քանի որ Իրանի ապաշրջափակման կարևորագույն ուղիներից մեկը Սյունիքով դեպի Վրաստան, Սև ծով և Արևմուտք դուրս գալն է։ Ամբողջ բանակցային գործընթացի միջուկային թեմայի կողքին կան բազմաթիվ ածանցյալ խնդիրներ, և Իրանի դերը տարածաշրջանում վերաիմաստավորվում է։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է նաև այս գործընթացները դիտարկել Չինաստան-ԱՄՆ գլոբալ մրցակցության համատեքստում, քանի որ Իրանը կարող է կարևոր դերակատար լինել այդ առանցքների ձևավորման կամ դրանցից դուրս պահվելու հարցում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
