Դաշնակցության պատասխանատուները շփվել են անմիջապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ հետ, թե՞ նրանց տեղեկացվածության աղբյուր է հանդիսացել արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 2
ՀՅԴ Բյուրոյի 2001թ. ապրիլի 16‑ի թիվ 55 «Շրջաբարեկանը» կառուցված է իրավա-քաղաքական լրջագույն թյուրըմբռնման վրա: Փաստաթուղթը, չվկայակոչելով որեւէ հիմնավոր ապացույց, Դաշնակցության մարմիններին հավաստիացնում էր, որ Ադրբեջանն «առաջին անգամ ընդունել է, որ Արցախը Լաչինի միջանցքով հայկական հող է»: Նման գնահատական ՀՅԴ-ին, ամենայն հավանականությամբ, ներշնչել է Հայաստանի իշխանությունը:
Քառորդդարյա հեռավորությունից դժվար կամ գրեթե անհնար է պարզել, թե «Շրջաբարեկանի» հրապարակմանը նախորդած փուլում ՀՅԴ պատասխանատուները եւ Հայաստանի իշխանություններն ի՞նչ մակարդակի եւ որակի քննարկումներ են ունեցել։ Դաշնակցության պատասխանատուները շփվել են անմիջապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ հետ, թե՞ նրանց տեղեկացվածության աղբյուր է հանդիսացել արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Տպավորություն է, որ ՀՅԴ‑ն մասնավոր խորհրդատվություններ ունեցել է Վարդան Օսկանյանի հետ: Տարիներ հետո վերջինս պատմել է, թե ինչպես է սկսվել «քիուեսթյան գործընթացը»: Օսկանյանը վկայել է, որ «տարածքների/սուվերեն միջանցքների փոխանակման սկզբունքով» Ղարաբաղյան կարգավորման հասնելու գաղափարի հեղինակը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն էր: Ըստ Վարդան Օսկանյանի, երբ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիեւի հետ հանդիպումից հետո այդ մասին ասել է, իրենք կարճ քննարկումից հետո եկել են եզրահանգման, որ կարեւորը ոչ թե «այն է, թե Ադրբեջանը ի՞նչ ակնկալիքներ ունի, այլ՝ որ Հեյդար Ալիեւը պատրաստ է Արցախը ճանաչել Հայաստանի մաս»:
Դաշնակցության «Շրջաբերականի» հավաստիացումը, որ Ադրբեջանն «Արցախը եւ Լաչինի միջանցքը ճանաչում է հայկական հող», Վարդան Օսկանյանի վկայության բառացի կրկնությունն է: Դա թույլ է տալիս պնդել, որ այդ ձեւակերպումը Դաշնակցությունն արել է՝ վստահելով Հայաստանի օրվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին:
Առարկայական իմաստով, իհարկե։
Դաշնակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն չէր եւ չէր կարող լինել: Սահմանադրությամբ այդ պարտականությունը հասցեագրվում էր Հայաստանի նախագահին, իսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացնում էր նրա մոտեցումը:
Բայց եթե իշխանությունը Դաշնակցության դիրքորոշումը կարեւորել եւ Բյուրոյին իրազեկել էր Հեյդար Ալիեւի հետ բանակցությունների մանրամասնություններին, ապա ՀՅԴ‑ն, լինելով Հայաստանի քաղաքական դաշտի ամենափորձառու եւ, մանավանդ, թուրքական դիվանագիտության խարդախամտությանը պատմական փորձի բերումով քաջածանոթ քաղաքական ուժ, պարտավոր էր «կշեռքի նժարներին դնել» խնդրի թե իրական արժեքը, թե դրա դիմաց Հայաստանի վճարելիք գինը:
«Շրջաբերականից» չի հետեւում, թե Դաշնակցությունը «Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու» շուրջ դույզն իսկ մտահոգություն ունեցել է: Ավելին, փաստաթղթի ներածականում պարզորոշ արձանագրված է, որ քիուեսթյան առաջարկությունները մինչ այդ շրջանառված «կարգավորումներից» ամենահայանպաստը եւ ընդունելին է: Սա ելակետային գնահատական է, որի «արդարացիությունը» եւ վտանգավորությունը ցույց կտանք հաջորդիվ:
Վահրամ Աթանեսյան
