Կարելի է նաեւ վստահության մեծ չափաբաժնով եզրակացնել, որ Դաշնակցությունը, ինչպես ընդունված է իրենց բառապաշարում, «Արցախի հողային ամբողջության խախտման» մասին բավարար տեղեկություն ունեցել է, բայց Բյուրոն այդ մասին կուսակցության մարմիններին տեղեկացնելու «անհրաժեշտություն չի տեսել»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 3
Դաշնակցության խնդրո առարկա «Շրջաբերականի» քաղաքական կանխադրույթն, ինչպես ասվեց, այն էր, որ Ադրբեջանը «Արցախը եւ Լաչինի միջանցքը ճանաչում է հայկական հող»: Նախորդիվ նկատել ենք, որ այս պնդումը նույնական է օրվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ըմբռնմանը: Բայց ՀՅԴ «Շրջաբերականի» ուշադիր ընթերցումից պարզվում է, որ փաստաթղթի հեղինակներն առնվազն երկու հարցում իշխանություններից բավարար պարզաբանում չեն ստացել:
Խոսքը վերաբերում է Արցախի տարածքին եւ Լաչինի միջանցքի աշխարհագրական պարամետրերին: «Շրջաբերականում» ասված է, որ Դաշնակցության համար պարզ չէ, թե ինչպես է լուծվում Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի հարթավայրային հատվածի ճակատագիրը: Եթե «փակագծերը բացենք», ապա կստացվի, որ ՀՅԴ‑ն 2001թ. ապրիլի 16‑ի դրությամբ չգիտեր՝ Արցախը Հայաստանին է միանում նախկին ԼՂԻՄ‑ի ամբողջակա՞ն, թե՞ պատերազմից հետո ունեցած տարածքով, պարզ չէր նաեւ, թե «Լաչինի միջանցք» ասվածը գետնի վրա ի՞նչ չափումներ է ունենալու:
1994թ. մայիսի 12‑ի հրադադարը նախկին ԼՂԻՄ‑ի տարածքի ամբողջականությունը չի վերականգնել, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների տարածքի մի զգալի մասը մնացել է Ադրբեջանի զորքերի հսկողության տակ: Կարգավորման «փուլային տարբերակը», որի մերժման եռանդուն ջատագով էր նաեւ Դաշնակցությունը, այդ հարցը կարգավորում էր այնպես, որ «տեղական հայկական զինված ուժերը ետ են քաշվում մինչեւ նախկին ԼՂԻՄ‑ի վարչական սահմանները»: Անշուշտ, այս ձեւակերպումը հետագայում կարող էր տարընթերցումների տեղ թողնել, բայց կարգավորման քիուեսթյան «ծրագիրը» պարզորոշ ամրագրում էր, որ Հայաստանի իրավազորությանն են անցնում «Ադրբեջանի նախկին ԼՂԻՄ‑ի այն տարածքները, որ Ադրբեջանի կողմից չեն վերահսկվում»:
Ըստ էության, Դաշնակցությունը «Շրջաբերական» հեղինակելու պահին պետք է տեղեկացված լիներ, որ ոչ միայն Շահումյանի շրջանը, այլեւ նախկին ԼՂԻՄ‑ի ոչ հայկական վերահսկողության տարածքները Հայաստանին չեն փոխանցվում: Եթե Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի կամ առնվազն Վարդան Օսկանյանի կողմից այդ կարեւորագույն հարցում տեղեկացված չի եղել, ապա պետք է ընդունել, որ ՀՅԴ-իշխանություն համագործակցությունը ոչ լիարժեք է եղել կամ ավելի հասկանալի ասած՝ իշխանությունը նրանից թաքցրել է քիուեսթյան «ծրագրի» էական մանրամասնությունները: Կարելի է նաեւ վստահության մեծ չափաբաժնով եզրակացնել, որ Դաշնակցությունը, ինչպես ընդունված է իրենց բառապաշարում, «Արցախի հողային ամբողջության խախտման» մասին բավարար տեղեկություն ունեցել է, բայց Բյուրոն այդ մասին կուսակցության մարմիններին տեղեկացնելու «անհրաժեշտություն չի տեսել»: Թե ինչու՞՝ կանդրադառնանք հաջորդիվ:
Վահրամ Աթանեսյան
