Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական նախապայմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է, և միայն դրանից հետո կարելի է խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ սահմանի բացման մասին։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի և ԱՄՆ‑ի միջև ստորագրված նոր փաստաթուղթը, որը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ըստ Աթանեսյանի՝ այս համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրում է Սյունիքի նկատմամբ Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը՝ կանխելով արտաքին միջամտությունները։
Վահրամ Աթանեսյանն ասաց, որ ութ էջանոց համատեղ հայտարարությունը առաջին հերթին պետք է դիտարկել որպես քաղաքական փաստաթուղթ, որը վերահաստատում է մի կարևոր հիմնարար սկզբունք․ ապաշրջափակումը, այդ թվում՝ «Թրամփի երթուղու» գործարկումը, իրականացվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Նրա խոսքով՝ անկախ հաղորդակցության ուղղությունից, բոլոր գործընթացները ենթակա են լինելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, և սա փաստաթղթի ամենակարևոր դրույթն է։
Աթանեսյանը նշեց, որ կարևոր է նաև փաստաթղթի հրապարակման ժամանակը․ այն հրապարակվել էմի փուլում, երբ տարածաշրջանի հարևան երկրում՝Իրանի Իսլամական Հանրապետությունում, առկա էներքաղաքական ակնհայտ ճգնաժամ, որի հետագա զարգացումները դժվար է կանխատեսել։ Այդ պայմաններում, նրա գնահատմամբ, Միացյալ Նահանգների և Հայաստանի համատեղ հայտարարությունը կարելի է դիտարկել նաև որպես Հայաստանի համար որոշակի անվտանգային բաղադրիչ։
Խոսելով ներքաղաքական անհանգստությունների և քննադատությունների մասին՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ բնական է նման փաստաթղթի շուրջ բանավեճի ծավալումը, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում փաստացի մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Նրա կարծիքով՝ այդ քննադատությունների մեծ մասը պետք է դիտարկել ներքաղաքական դիվիդենտներ շահելու տրամաբանության մեջ և դրանց չափազանց մեծ խորքային նշանակություն չտալ։
Անդրադառնալով Միացյալ Նահանգների 74 տոկոս վերահսկիչ բաժնեմասի շուրջ հնչող մտահոգություններին՝ Աթանեսյանը նշեց, որ անձամբ դժվարանում է դրանք ընկալել։ Նա օրինակ բերեց 1994 թվականի «դարի պայմանագիրը», երբ Ադրբեջանի նավթային ռեսուրսների շահագործման մեջ երկրի բաժնեմասը, եթե չի սխալվում, նույնիսկ մեկ երրորդին չի հասնում, սակայն դա չի վերացրել Ադրբեջանի պետական ինքնիշխանությունը։ Նրա համոզմամբ՝ խնդիրը առավելապես քաղաքական է, ոչ թե իրավական կամ տեխնիկական։
Վահրամ Աթանեսյանը դիտարկեց, որ Ադրբեջանը տարիներ շարունակ առաջ է քաշել այն թեզը, թ եՀայաստանի տարածքով դեպի Նախիջևան երթևեկությունն անվտանգ չէ։ Նոր հայտարարության էությունը, ըստ նրա, այն է, որ կիրառվելու են ժամանակակից տեխնիկական և թվայնացված մեխանիզմներ, սակայն ցանկացած տեղաշարժ՝ լինի մարդկանց, բեռների, ապագայում՝ էներգետիկ կամ հաղորդակցային ենթակառուցվածքների, իրականացվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Նա ընդգծեց, որ փաստաթուղթը չի նշանակում վաղվա օրվանից շինարարության կամ երթևեկության անմիջական մեկնարկ, այլ խոսում է գործընթացի քաղաքական դրական դինամիկայի մասին։
Աթանեսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի Վաշինգտոն այցից առաջ վարչապետը հայտարարել էր՝ նման ծրագրերի գործարկման համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանազատում այն հատվածներում, որտեղ պետք է անցնեն ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ սա ենթադրում է, որ նախ պետք է Սյունիքի հարավում սահմանազատում իրականացվի, տեղադրվեն մաքսային և սահմանային ենթակառուցվածքներ, և միայն դրանից հետո կարող են քննարկվել կոնկրետ շինարարական փուլերը։ Քաղաքական իմաստով, նրա համոզմամբ, հենց սա է այն հանգամանքը, որը վերջնականապես ամրագրում է Սյունիքի Հայաստանապատկանությունը։
Խոսելով հնարավոր շանտաժի կամ ճնշումների մասին՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ ինքնանձամբ չի կիսում այն կանխավարկածը, թե Թուրքիան կամ Ադրբեջանը անխուսափելիորեն փորձելու են գործընթացը օգտագործել որպես ճնշման գործիք։ Նրա կարծիքով՝ վտանգների մասին նախապես խոսելը կարող է խաթարել գործընթացի ընկալումը, մինչդեռ անհրաժեշտ է սթափ գնահատել արդեն ընթացող քաղաքական դինամիկան։
Հայ-թուրքական հարաբերությունների թեմայով Աթանեսյանը նշեց, որ Միացյալ Նահանգների դերակատարությունը չի կարելի գերագնահատել։ Նա ընդգծեց, որ ԱՄՆ‑ը առաջնորդվում է սեփական աշխարհաքաղաքական շահերով և ունի բավական բարդ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Նրա գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական նախապայմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է, և միայն դրանից հետո կարելի է խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ սահմանի բացման մասին։
Անդրադառնալով գերիների և Ադրբեջանում պահվող անձանց խնդրին՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ Միացյալ Նահանգները ներկայումս այն քիչ երկրներից է, որը կարող է իրական ազդեցություն գործել Բաքվի վրա։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի արտաքին գործերի նախարարը այդ հարցը հրապարակայնորեն բարձրացնում է պետքարտուղարի հետ հանդիպումից հետո, ապա կարելի է ենթադրել, որ քննարկումները լուրջ են։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմագերի չէ, այլ պատանդառված անձինք, և այդ հարցը չի կարող լուծվել միայն իրավական ճանապարհով․անհրաժեշտ է քաղաքական որոշում։
Ադրբեջանի դատարանների որոշումները միջազգային առումով հիմնավոր չեն, և այդ պատճառով պատանդառված անձանց հարցը կարող է լուծվել միայն քաղաքական գործընթացի շրջանակում։ Նա հնարավոր համարեց, որ որոշ փուլում Միացյալ Նահանգների նախագահը կարող է իր ազդեցությունը կիրառել այդ հարցի լուծման համար։
Վերջում անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ տեղեկատվության սղության պայմաններում կանխատեսումներ անելն դժվար է, սակայն իր տպավորությամբ Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառում չի նախաձեռնի, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։ Նրա կարծիքով՝ ամենից լավատեսական տարբերակը կլինի, եթե Իրանում սկսվեն ներքին բարեփոխումներ և վերականգնվեն հարաբերությունները Արևմուտքի հետ, հակառակ դեպքում երկիրը կարող է կանգնել ավելի լուրջ և վտանգավոր ճգնաժամերի առաջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
