«Շրջաբերականի» տեքստից բավական դժվար է հստակեցնել՝ ՀՅԴ Բյուրոն այս դիտարկումն արել է որպես «պարզ դժգոհությու՞ն», թե՝ իբրեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին արված առաջարկությու՞ն:
Վահրամ Աթանեսյան
Մաս 7
ՀՅԴ Բյուրոյի առ 16 ապրիլի 2001թ. թիվ 55 «Շրջաբերականի» ներածական մասի ամենաենթատեքստային ձեւակերպումը, թերեւս, այն է, որ Դաշնակցությունը Մեղրիում Ադրբեջանին անխոչընդոտ եւ «մասնավոր ճանապարհի» տրամադրումը համարում է «նրա լինելիության հարցի լուծում»՝ արձանագրելով, որ «Նախիջեւանը Ադրբեջանի աքիլեսյան գարշապարն է»: Այս գնահատականը թե ներքին, թե տարածաշրջանային, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից միանգամայն հիմնավոր եւ լիովին արդարացի է:
Փաստաթղթի ուսումնասիրությունը բացահայտում է, որ Դաշնակցության Բյուրոն Հայաստանին տրամադրվելիք հաղորդակցությունը համարում է «պարզ ճանապարհ»՝ ի տարբերություն Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության: Այս բաղդատումից պարզ հասկացվում է, որ ՀՅԴ Բյուրոն Հայաստանի տարածաշրջանային եւ, մանավանդ, միջազգային կոմունիկացիաների արդյունավետության եւ հուսալիության հարցում առնվազն թերահավատ էր: Ի մասնավորի, «Շրջաբերականը» դիտել է տալիս, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը «նվազեցնում է Թուրքիայով Սեւ ծով եւ Ռուսաստան դուրս գալու հարցի կարեւորությունը»: ՀՅԴ Բյուրոն, ինչպես տեսնում ենք, դիմել է դիվանագիտական այլասացության, որպեսզի դժգոհությունը բացահայտ չհնչի: Մինչդեռ իրականում մեկ նախադասությամբ ներկայացված է ենթադրյալ իրավիճակը, երբ Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կստանա «ազատ եւ մասնավոր ճանապարհ», իսկ Ադրբեջանի տարածքով արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդուղին կլինի «պարզ ճանապարհ»:
Շոշափելով Թուրքիայով դեպի Սեւ ծով Հայաստանին ելք տրամադրելու անհրաժեշտության հարցը, Դաշնակցության Բյուրոն, ամենայն հավանականությամբ, փորձել է կտրուկ բարձրացնել «քիուեսթյան փաթեթի» աշխարհաքաղաքական կարեւորությունը, որին համաձայնության դիմաց Հայաստանը «պետք է Մեղրիի անցուղու արտահանձնման դիմաց փոխհատուցում ստանա Թուրքիայից»:
«Շրջաբերականի» տեքստից բավական դժվար է հստակեցնել՝ ՀՅԴ Բյուրոն այս դիտարկումն արել է որպես «պարզ դժգոհությու՞ն», թե՝ իբրեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին արված առաջարկությու՞ն: Քիուեսթյան բանակցությունների վերաբերյալ որոշ հրապարակումներ ակնարկներ կան, որ մի փուլում Ռոբերտ Քոչարյանն «արծարծել է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»:
Եթե այդպես է, ուրեմն նա, ինչպես եւ Դաշնակցությունը, խորապես գիտակցել է Մեղրիում Ադրբեջանին «ազատ եւ մասնավոր ճանապարհ» տրամադրելու նկատմամբ համահայկական բացասական վերաբերմունքը եւ դրա հնարավոր հետեւանքները, ուստի փորձ է արվել Թուրքիայից «ինչ-որ փոխհատուցում երաշխավորել»՝ առնվազն դեպի Սեւ ծով Հայաստանին ելք տրամադրելու ձեւով: Այդ դեպքում Քոչարյանը եւ ՀՅԴ‑ն երկու «անառարկելի հաղթաթուղթ» կունենային՝ Լաչինի միջանցքով Հայաստան-Արցախ «միացում» եւ Թուրքիայի կողմից «տրանզիտային փոխհատուցում»:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
