Հայկական հասարակության ներսում կա քարոզչական լուրջ պայքար, որը հաճախ սնուցվում է արտաքին կենտրոններից։ Հայաստանի դեմ իրականացվող տեղեկատվական և հոգեբանական ճնշման մի մասը կատարվում է հենց երկրի ներսում գործող տարբեր ցանցերի միջոցով։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի սկանդալային հայտարարությունը, որով նա կոչ է անում Ռուսաստանին «հատուկ ռազմական գործողություն» իրականացնել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում։ Զրուցակիցները վերլուծում են, թե արդյոք սա Կրեմլի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի գործիք է՝ ուղղված Հայաստանի ներքին կայունությանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ Սոլովյովը շրջանցել է Ադրբեջանն ու Վրաստանը, ինչը կարող է պայմանավորված լինել թուրքական գործոնի նկատմամբ վախով։
Վահրամ Աթանեսյանն ասաց, որ Սոլովյովի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ ավելի լայն քաղաքական և քարոզչական համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությանը նախորդել է Ռուսաստանի նախկին նախագահի, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի գրառումը, որտեղ վերջինս փորձել է արդարացնել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում՝ հղում անելով միջազգային իրավունքի խախտումներին այլ դերակատարների կողմից։
Աթանեսյանը նշեց, որ այստեղ առիթը օգտագործվում է այն տրամաբանությամբ, թե եթե Միացյալ Նահանգները խախտում է միջազգային իրավունքը, ապա իրավունք չունի քննադատել Ռուսաստանին։ Նա կարծում է, որ հարցն ունի ավելի խորքային շերտեր, քանի որ մինչ օրս հստակ հայտնի չէ, թե անցյալ տարի Ալյասկայի Անքորիջ քաղաքում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։ Նրա դիտարկմամբ՝ ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակները հաճախ պնդում են, որ ուկրաինական խնդիրը պետք է կարգավորվի հենց այդ պայմանավորվածությունների շրջանակում։
Վահրամ Աթանեսյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք այդ հնարավոր պայմանավորվածությունները վերաբերում են ամբողջ հետխորհրդային տարածքին։ Նրա խոսքով՝ եթե այդպես լիներ, ապա դժվար կլիներ բացատրել, թե ինչու Միացյալ Նահանգները Սպիտակ տուն է հրավիրել Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, կամ ինչու է առաջին անգամ անցկացվել ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովը՝ քաղաքական հռչակագրի ընդունմամբ։
Նա նշեց, որ Սոլովյովի հայտարարության ամենաինտրիգային կողմերից մեկն այն է, որ այնտեղ հիշատակվում է միայն Հայաստանը, մինչդեռ չեն նշվում Վրաստանը և Ադրբեջանը։ Աթանեսյանը կարծում է, որ զուտ ռազմավարական և լոգիստիկ տեսանկյունից սա լուրջ չի թվում, քանի որ Հայաստանի դեմ որևէ ռազմական գործողություն պատկերացնելը առանց տարածաշրջանի մյուս երկրների ներգրավման գործնականում անհնար է։
Աթանեսյանը դիտարկում է, որ Սոլովյովի խոսքը կարող է լինել զոնդաժ(Քաղաքականության մեջ նախապես ուսումնասիրելը, հետազոտելը)՝ ուղղված Հայաստանի քաղաքական դաշտին և իշխանությանը՝ հասկանալու, թե ինչ արձագանքներ կլինեն հասարակության և քաղաքական ուժերի կողմից։ Նա հավելեց, որ այստեղ կարևոր է նաև ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունը, որը, նրա կարծիքով, վկայում է Ռուսաստանի մտահոգության մասին Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի մահմեդական սուբյեկտների հարաբերությունների առումով։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է դուրս մնալ Ռուսաստանի ուկրաինական քաղաքականության անմիջական հետևանքներից, ինչը կարող է անհանգստացնել ոչ միայն Մոսկվային, այլև Անկարային։ Նրա գնահատմամբ՝ պատահական չէ, որ Սոլովյովը չի հիշատակում Ադրբեջանին՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը։
Նա անդրադարձավ նաև այն տեսակետներին, թե Սոլովյովի հայտարարությունը կարող է դիտվել որպես Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձ։ Աթանեսյանը կարծում է, որ միանշանակ ասել, թե սա իշխանություններին «նվեր» է, դժվար է, քանի որ հասարակության տարբեր շերտեր կարող են այն ընկալել տարբեր կերպ։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները կարող են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար ստեղծել բարդ իրավիճակ։
Վահրամ Աթանեսյանը շեշտեց, որ հայկական հասարակության ներսում կա քարոզչական լուրջ պայքար, որը հաճախ սնուցվում է արտաքին կենտրոններից։ Նա նկատեց, որ Հայաստանի դեմ իրականացվող տեղեկատվական և հոգեբանական ճնշման մի մասը կատարվում է հենց երկրի ներսում գործող տարբեր ցանցերի միջոցով։
Նա ասաց, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած գերտերություն, փոքր և խոցելի երկրներում ստեղծում է իր ազդեցության գործիքակազմը, և սա պետք է լինի Հայաստանի ազգային անվտանգության կառույցների ուշադրության կենտրոնում։ Աթանեսյանը ընդգծեց, որ հատկապես վտանգավոր է բռնատեղահանված արցախցիների շրջանում իրականացվող քարոզչությունը, որը երբեմն կարող է հանգեցնել երիտասարդների հավաքագրմանը արտաքին ռազմական հակամարտությունների համար։ Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա խոսում է պետական քաղաքականության լուրջ բացերի մասին՝ հատկապես Արցախից բռնատեղահանվածների հետ աշխատանքի ոլորտում։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը պահանջում է համակարգային և շարունակական աշխատանք պետական բոլոր օղակների կողմից։
Ամփոփելով՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ միայն ներհասարակական համերաշխության ամրապնդմամբ և խոցելի խմբերի հետ հետևողական աշխատանքով կարելի է նվազեցնել արտաքին քարոզչության և միջամտության ազդեցությունը, որպեսզի նման հայտարարությունները այլևս չդառնան ցավոտ ու խորը ճեղքեր ստեղծող գործոն հայկական հասարակության համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
