Ոչ մի կետում չկա որևէ գործառույթ կամ տարածք, որտեղ Հայաստանի վերահսկողությունը փոխանցված լինի այլ պետության կամ կառույցի։
Գայանե Աբրահամյան
1inTV‑ն զրուցել է ՝ «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան նոր համաձայնագրերի ռազմավարական նշանակությունը, որոնք ուղղված են տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։ Աբրահամյանը շեշտում է, որ Միացյալ Նահանգների տնտեսական շահերիներգրավումը Հայաստանում ծառայում է որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք և պաշտպանում է երկրի ինքնիշխանությունը։
Գայանե Աբրահամյանը, ասաց, որ «TRIPP»-ի շրջանակային փաստաթուղթը պետք է դիտարկել ոչ թե որպես տեխնիկական կամ զուտ տնտեսական համաձայնություն, այլ նախ և առաջ որպես անվտանգային փաստաթուղթ։ Նրա գնահատմամբ՝ այն փաստացի շարունակությունն է օգոստոսի 8‑ի հայ-ամերիկյան պայմանավորվածության և հոկտեմբերյան հռչակագրի, սակայն արդեն շատ ավելի գործառնական և մանրամասն մշակված տեսքով։
Աբրահամյանը նշեց, որ փաստաթուղթը գնահատելիս առանցքային սկզբունքը պետք է լինի ոչ թե առանձին կետերի մեկուսացված ընթերցումը, այլ ելակետային իրավիճակից դեպի վերջնական արդյունք անցած ճանապարհի վերլուծությունը։ Նրա խոսքով՝ 2021–2023 թվականներին Հայաստանն առերեսվել է Սյունիքի ուղղությամբ ամենօրյա ռազմական սպառնալիքի, ուժի կիրառման բացահայտ շանտաժի և ռուսական կողմից ներկայացված պահանջների, որոնք ենթադրում էին այդ հատվածում Հայաստանի ինքնիշխան վերահսկողության փաստացի կորուստ։
Նրա դիտարկմամբ՝ տվյալ փաստաթուղթը այդ համատեքստում որակապես այլ իրավիճակ է ստեղծում։ Աբրահամյանը ընդգծեց, որ փաստաթղթում հստակ ամրագրված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը։ Նա շեշտեց, որ փաստաթղթի ոչ մի կետում չկա որևէ գործառույթ կամ տարածք, որտեղ Հայաստանի վերահսկողությունը փոխանցված լինի այլ պետության կամ կառույցի։
Գայանե Աբրահամյանը ասաց, որ ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իրենք ստացել են այն, ինչ ցանկանում էին, պետք է դիտարկել որպես ներքին լսարանին ուղղված հռետորաբանություն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի իրական պահանջներն էին՝ սահմանների բացակայություն, մաքսային և անձնագրային վերահսկողության բացակայություն, ինչը փաստաթղթում ամբողջությամբ մերժված է։ Ըստ նրա՝ փաստաթուղթը նախատեսում է թե՛ մաքսային, թե՛ անձնագրային վերահսկողություն՝ մանրամասն նկարագրելով, թե ով և ինչ իրավասությամբ է դրանք իրականացնելու։
Աբրահամյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ անգամ սպասարկող կազմակերպության լիցենզավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ կազմակերպության բաժնեմասերի որևէ վաճառք, փոխանցում կամ վերակազմավորում հնարավոր չէ առանց ՀՀ կառավարության համաձայնության։ Նրա գնահատմամբ՝ սա ամբողջությամբ չեզոքացնում է այն մտահոգությունները, թե ապագայում մասնաբաժիններ կարող են անցնել ադրբեջանական կամ թուրքական կառույցների վերահսկողության տակ։
Նա նաև անդրադարձավ այն քննադատություններին, թե Հայաստանը ստացել է միայն 26 տոկոս բաժնեմաս։ Աբրահամյանի կարծիքով՝ նման մեկնաբանությունները մանիպուլյատիվ են, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին բազմաթիվ ռազմավարական ոլորտներ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ փոխանցվել են արտաքին կառավարման՝ առանց Հայաստանի վերահսկող մասնակցության։
Գայանե Աբրահամյանը նշեց, որ ԱՄՆ‑ի տնտեսական շահի ներգրավվածությունը տվյալ նախագծում հենց այն գործոնն է, որը ստեղծում է անվտանգության ամենակայուն երաշխիքը։ Նրա խոսքով՝ ներկայիս միջազգային համակարգում, երբ միջազգային իրավունքի մեխանիզմները խարխլված են, փոքր պետությունների համար այլ պետությունների տնտեսական շահը դառնում է իրական պաշտպանական բարձիկ։
Նա որպես օրինակ հիշեց Եվրամիության ձևավորման հիմքում ընկած Շումանի հռչակագիրը, ինչպես նաև Էկվադոր-Պերու հակամարտության լուծման մոդելը, որտեղ համատեղ տնտեսական նախագծերը կանխել են նոր պատերազմները։ Աբրահամյանը կարծում է, որ նույն տրամաբանությունն է կիրառվում նաև այս դեպքում՝ փոխկախվածության և համատեղ շահի միջոցով նվազեցնելով ռազմական էսկալացիայի հավանականությունը։
Աբրահամյանը դիտարկում է, որ TRIPP‑ի գործարկումը ժամանակի ընթացքում Ադրբեջանին նույնպես դնում է փոխկախվածության մեջ Հայաստանի հետ, ինչի արդյունքում ուժային առավելությունը դառնում է երկրորդական։ Նրա խոսքով՝ հենց սա է պատճառը, որ այսօր տեսնումենք համատեղ տեխնիկական շրջայցեր և շինարարական գործընթացների նախապատրաստում։
Անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին՝ Գայանե Աբրահամյանը նշեց, որ Անկարան բացահայտորեն դիտարկում է նախագիծը որպես տարածաշրջանային կապերի ընդլայնման միջոց, սակայն դա չի հակասում Հայաստանի շահերին, քանի որ նախագիծը հիմնված է ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների վրա։
Նա նաև անդրադարձավ ռուսական արձագանքներին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը տնտեսական առումով շահագրգռված կարող է լինել, սակայն քաղաքական առումով շահագրգռված չէ Հայաստանի զարգացման և ինքնիշխանության խորացման մեջ։
Գայանե Աբրահամյանը նշեց, որ ռուսական պետական քարոզչության մեջ հնչող սպառնալիքներին Հայաստանը պետք է արձագանքի հստակ և դիվանագիտական ձևով, ինչն արդեն արվել է արտաքին գործերի նախարարության կողմից։ Նրա կարծիքով՝ սա անհրաժեշտ է հիբրիդային սպառնալիքները նվազեցնելու համար։
Ամփոփելով՝ Աբրահամյանը ասաց, որ տվյալ փաստաթուղթը պետք է ընկալել որպես Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տնտեսական զարգացման համակցված գործիք։ Նրա համոզմամբ՝ այլընտրանք պարզապես չկա, և Հայաստանի շահը պահանջում է առաջ շարժվել այս ուղղությամբ՝ միաժամանակ կառավարելով արտաքին ռիսկերն ու ազդեցությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
