Ադրբեջան-Նախիջեւան« ազատ եւ մասնավոր ճանապարհի» դիմաց Հայաստանին դեռեւս 2001թ.-ին է առաջարկվել «չորս միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական աջակցություն»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 6
Դաշնակցության Բյուրոյի «Շրջաբերականի» չափազանց ուշագրավ արձանագրումներից է այն, որ ՀՅԴ բարձրագույն ղեկավարությունը կուսակցության մարմիններին հայտնում է քիուեսթյան ծրագրով ղարաբաղյան կարգավորման «միջազգային ֆինանսական աջակցություն լինելու» մասին:
Նման դրույթ ներկայացված փաստաթղթում ընդգրկվա՞ծ էր, թե Բյուրոն այդ մասին տեղեկացվել էր «մասնավոր կարգով», հնարավոր չէ ճշտել, քանի որ, ի տարբերություն մյուս առաջարկությունների, Քիուեսթի «աշխատանքային փաստաթուղթը» հրապարակված չէ: Ավելին, անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը բացահայտել է, որ ԱԳՆ արխիվներում այն բացակայում է: Պետք է հուսալ, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կամ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհրապարակի այն:
Քիեուեսթյան «աշխատանքային փաստաթղթի» շուրջ ժամանակին ծավալված ներքին քննարկումներին տեղյակ շրջանակները, սակայն, անցած տարիներին մի քանի անգամ ակնարկել են, որ Հայաստանին առաջարկվել է «չորս միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն, որպեսզի վերականգնի եւ արդիականացնի տրանսպորտային, ինչպես նաեւ էներգետիկ ենթակառուցվածքները, Արցախում եւ սահմանամերձ մարզերում խթանի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը»:
Իրադարձությունների ժամանակագրությանը ծանոթ գործիչները եւ նախկին պաշտոնյաները պետք է հիշեն, որ այդ փուլում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը լծված էր «Հայաստան-Սփյուռք գործարար համաժողով» կազմակերպելու գործին: 1998թ. իշխանափոխությունը տեղի է ունեցել նաեւ այն հույսով, որ Սփյուռքի հետ «լավ աշխատելու դեպքում հնարավոր է տարեկան մոտ 300 միլիոն դոլարի ներդրումներ գրավել»:
Գաղափարի հեղինակները, հավանաբար, չէին հաշվարկել, որ Սփյուռքի հայ գործարարները, գուցե, հայրենիքին օգտակար լինելու ցանկություն ունեն, բայց խոշորածավալ ներդրումները պահանջում են նրանց քաղաքացիության երկրի համաձայնությունը. ձեռնարկատերը հայ է էթնիկ ծագումով, բայց նա կոնկրետ երկրի քաղաքացի է, որին էլ մեծ հաշվով պատկանում է այն կապիտալը, որ Հայաստանում ակնկալում էին տեսնել որպես սնուցող ներդրում:
«Հայաստան-Սփուռք գործարար համաժողովն», ըստ երեւույթին, կազմակերպվել է հեռանկարով, որ Հայաստանին «միջազգային ֆինանսական աջակցության» դեպքում արտերկրի հայ գործարարները հայրենիքում գործելու կայուն երաշխիքներ կունենան: Այդ թեման հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն առումով, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո տարածվել է նարատիվ, թե «Արցախի հանձնումն արժեցել է հինգ միլիարդ դոլար»:
Փաստացի Ադրբեջան-Նախիջեւան« ազատ եւ մասնավոր ճանապարհի» դիմաց Հայաստանին դեռեւս 2001թ.-ին է առաջարկվել «չորս միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական աջակցություն»: Եւ, երեւի, այդ ոչ այնքան ստույգ տեղեկությունը փոխակերպվել է «Արցախը հինգ միլիարդ դոլարով ծախել են» խոսույթի:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
