Մնում է միայն ենթադրություն անել, թե Դաշնակցության Բյուրոն ինչու՞ է ընտրել լեզվա-ոճական «աճպարարության» տարբերակը՝ փոխանակ անկեղծորեն ներկայացներ, որ Արցախի եւ Լաչինի միջանցքի Հայաստանին հանձնելու դիմաց Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Նախիջեւանի հետ նրա ազատ հաղորդակցության ճանապարհը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 5
Դաշնակցության խնդրո առարկա «Շրջաբերականի» ամենաուշագրավ դիտարկումը վերաբերում է Ադրբեջան-Նախիջեւան ցամաքային հաղորդակցության խնդրին: ՀՅԴ Բյուրոն այդ մասով պարզապես լեզվա-ոճական «քողարկում է իրականացրել», երբ ձեւակերպել է, որ «Ադրբեջանին ընձեռելու է հնարավորություն՝ Հայաստանի տարածքով ազատ եւ մասնավոր ճանապարհ՝ դեպի Նախիջեւան»:
Եթե այդ ճանապարհն անցնելու է «Հայաստանի տարածքով», ապա առաջին ընկալումն այն է, որ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը «չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը»: Բայց նույն տեղում «Շրջաբերականն» արձանագրում է, որ «այդ ճանապարհի հսկողության հարցը դեռեւս որոշված չէ»: Նման տեղեկացվածության աղբյուրն, ըստ երեւույթին, հանդիսացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Բաց է մնում հարցը, թե Դաշնակցության «Շրջաբերական»-ը ինչու՞ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհն անվանել է ոչ միայն «ազատ», այլեւ՝ «մասնավոր»: Եթե նախատեսված էր, որ ճանապարհը պիտի լինի «ազատ», որ նույնն է, ինչ «անխոչընդոտը», ապա ի՞նչ կարիք կա անդրադառնալ դրա հսկողության խնդրին: Չէ՞ որ «ազատ լինելը» եւ «հսկողության ենթարկվելը» գործնականում անհամատեղելի են:
Ավելի խնդրահարույց է այդ ճանապարհի «մասնավոր» բնութագրումը, որ տվել է ՀՅԴ Բյուրոն: Այդ բառի բառարանային իմաստը, մանավանդ արեւմտահայերենում, «սեփականի» հոմանիշն է: Այդ իմաստը գործածական է նաեւ արեւելահայերենում. Խորհրդային շրջանում, օրինակ, գործածական էր «մասնավոր ավտոմեքենա» հասկացությունը: Անկախության եւ շուկայական տնտեսության դարաշրջանում հայերենը հարստացել է «մասնավոր ձեռնարկատիրություն» արտահայտությամբ, որ նշանակում է մարդու, իրավաբանական անձի անհատական, սեփական ձեռնարկության գործունեություն: Այս իմաստով եթե ընկալենք, ապա կստացվի, որ ՀՅԴ Բյուրոն Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհը որակում է «ադրբեջանապատկան», որով երթեւեկությունը պետք է լինի «ազատ-անխոչընդոտ»: Այդ իմաստը, սակայն, Դաշնակցության մարմինների համար կարող էր մնալ մութ: Մանավանդ որ նույն տեղում հավաստիացում է արվում, որ ճանապարհի հսկողության հարցը «դեռեւս որոշված չէ»:
Մնում է միայն ենթադրություն անել, թե Դաշնակցության Բյուրոն ինչու՞ է ընտրել լեզվա-ոճական «աճպարարության» տարբերակը՝ փոխանակ անկեղծորեն ներկայացներ, որ Արցախի եւ Լաչինի միջանցքի Հայաստանին հանձնելու դիմաց Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Նախիջեւանի հետ նրա ազատ հաղորդակցության ճանապարհը:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
