2001թ. ապրիլի դրությամբ ՀՅԴ‑ն իրոք Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ իշխանական համակարգում ներկա էր որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան:
Վահրամ Աթանեսյան
Մաս 9
«Հ. Յ. Դաշնակցությունը այլևս միայն սփյուռքյան կուսակցություն չէ»,- ասված է Դաշնակցության Բյուրոյի «Շրջաբերականում»: Ասվածն, անշուշտ, փաստի արձանագրում է, բայց ինչու՞ այդ կարգավիճակը պայմանավորվել է «այլեւս» բնորոշմամբ:
Դաշնակցությունը Հայրենիքում գործունեություն է սկսել 1989–90 թվականներից ի վեր: Համենայնդեպս, առաջին գումարման Գերագույն Խորհրդում դաշնակցական պատգամավորներ կային, իսկ հետագա երկու-երեք տարիներին ՀՅԴ‑ն Հայաստանում ուներ ինստիտուցիոնալ կազմակերպվածություն՝ իր գրասենյակներով եւ լրատվամիջոցներով հանդերձ եւ քաղաքական լուրջ դերակատար էր:
«Դաշնակցությունն այլեւս միայն սփյուռքյան կուսակցություն չէ» ասելով, սակայն, Բյուրոն, կարծես, բոլորովին այլ հանգամանք նկատի ունի, որովհետեւ նույն տեղում պարզաբանում է, որ ՀՅԴ‑ն «ոչ էլ Հայրենիքում լուսանցքային կուսակցություն է»:
Փաստաթուղթն, ըստ ակնհայտի, նկատի է ունենում, որ 1998թ. իշխանափոխությունից հետո Դաշնակցության ոչ միայն իրավական կարգավիճակն է հստակեցվել, այլեւ նա ձեռք է բերել քաղաքական բարձր հեղինակություն եւ արդեն ծանրակշիռ դերակատար է: «Մենք Հայրենիքում աշխատող, իր երկրի եւ ժողովրդի այսօրվա եւ վաղվա օրվա համար պատասխանատու կուսակցություն ենք»,- մարմինների համար ուղենշային հավաստում է անում Բյուրոն:
2001թ. ապրիլի դրությամբ ՀՅԴ‑ն իրոք Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ իշխանական համակարգում ներկա էր որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան: Հոկտեմբերի 27-ին հաջորդած ներիշխանական ստատուս-քվոն, որ ստեղծվել էր Արամ Զավենի Սարգսյանի վարչապետությամբ, մոտ մեկ տարի առաջ անդառնալիորեն փոխվել էր: Այդ պահից ՀՅԴ‑ն, անկախ կոնկրետ ներկայացվածության ձեւաչափից եւ մակարդակից, գործադիր իշխանության մաս էր եւ «Շրջաբերականի» միջոցով քաղաքական իրողությունը ներկայացնում էր նաեւ մարմիններին, ըստ էության՝ շարքերին:
Բյուրոն արձանագրում է, որ, լինելով Հայրենիքում աշխատող կուսակցություն, որ այլեւս լուսանցքային չէ, Դաշնակցությունը ԼՂ կարգավորման հարցում չի կարող բավարարվել պարզ դիրքորոշում արտահայտելով: Նախորդ ձեւակերպումներն, ըստ էության, ամփոփված են այս վերջին քաղաքական ուղերձով. Դաշնակցությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել քիուեսթյան «փաթեթի» համաձայնեցմանը եւ ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու գործընթացում հանձնառություն ստանձնել: «Խնդիրը այս պահին դիրքորոշում ցուցաբերել, հայտարարելը չէ միայն, մենք ունենալու ենք մեր պահանջները գործադրելու հարց»,- մանրամասնում է «Շրջաբերականը»: Այս խիստ կարեւոր սահմանումը կփորձենք «բացել» հաջորդիվ:
Վահրամ Աթանեսյան
Շարունակելի
