ՀՅԴ Բյուրոն Ռոբերտ Քոչարյանին բացահայտ հակադրվելու քաջություն, ակնհայտորեն, չի ունեցել, բայց միաժամանակ փորձել է իր մարմինների եւ շարքերի միջոցով հարուցել իրավիճակ, երբ ապագայի «անորոշություն եւ ռիսկայնության» համար պատասխանատվությունից ինքը զերծ կմնա:
Վահրամ Աթանեսյան
Մաս 10
ՀՅԴ Բյուրոյի 2001թ. ապրիլի 16-ին ընդունած «Շրջաբերականը» նաեւ «Հավելված» ունի, որ ոչ պակաս հետաքրքրություն է ներկայացնում նույնիսկ քառորդ դար հետո: ԼՂ կարգավորման քիուեսթյան «փաթեթով» պայմանավորված պահը Դաշնակցությունը գնահատել է «ճակատագրական եւ խիստ կարեւոր» եւ ենթադրել, որ այդ նախագծին «դրական դիրքորոշում ցուցաբերելու պարագային», հավանաբար, վկայակոչվելու են «միջազգային նոր իրողությունը, ՀՀ‑ի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ապագայի անորոշ եւ ռիսկային բախտախնդրությունը, ամեն ինչի ձգտելու եւ ոչնչի չհասնի աչքածակության վտանգը»:
Ի՞նչ է նշանակում այս «քնարական միջարկումը»: ՀՅԴ Բյուրոն ի սկզբանե քիուեսթյան «փաթեթը» Ղարաբաղյան կարգավորման նախորդ երեք՝ «փաթեթային», «փուլային» եւ «Ընդհանուր պետություն», առաջարկությունների համեմատ «աչքառու առավելություն» ունեցող է գնահատել, բայց «Հավելվածում» իր իսկ մարմիններին հասկացնում է, որ կարող են լինել թե «դրական, թե բացասական դիրքորոշումներ»:
Ընդ որում, Բյուրոն, կարծես, շարունակում է բանավեճը, որ ծավալվել էր 1997‑ի տարեվերջին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայեցակարգային հոդվածով: Այդ փուլի համար բնորոշը «Սերգո ջան, քանի Ղարաբաղի խնդիրը կա, լավ չես ապրելու» խոսույթն էր, որ տարածում էր հատկապես դաշնակցական մամուլը:
Չորս տարի անց ՀՅԴ Բյուրոն, ըստ էության, խոստովանել է, որ սկզբունքորեն իրավիճակ չի փոխվել, եւ քիուեսթյան «փաթեթին» դրական դիրքորոշումը վերստին կարող է պայմանավորվել Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակով, ապագայի անորոշությամբ, բայց, որ չափազանց կարեւոր է, նաեւ կամ, գուցե, առաջին հերթին՝ «ամեն ինչի ձգտելու եւ ոչնչին չհասնելու աչքածակության վտանգով»:
Տպավորություն է, թե այս ձեւակերպումներով ՀՅԴ Բյուրոն «ինքն իր հետ է բանավիճում» եւ անդրադառնում է անցյալի վրիպումներին:
Դաշնակցության գրեթե բոլոր հայտնի գործիչները Հայաստանի առաջին հանրապետության անկման, տարածքային հսկայական կորուստների համար իրենց պատասխանատու են ճանաչում այն առումով, որ կարող էին ավելի առարկայական լուծման հասնել, եթե Մեծ Հայաստանի հույսեր չփայփայեին: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը 2001 թվականին, ինչպես ասում են, գտնվել է «կամուկացի մեջ»:
ՀՅԴ Բյուրոն Ռոբերտ Քոչարյանին բացահայտ հակադրվելու քաջություն, ակնհայտորեն, չի ունեցել, բայց միաժամանակ փորձել է իր մարմինների եւ շարքերի միջոցով հարուցել իրավիճակ, երբ ապագայի «անորոշություն եւ ռիսկայնության» համար պատասխանատվությունից ինքը զերծ կմնա: Այս կեցվածքը պատմական հեռվից կարող է թվալ լիովին արդարացված, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փուլում ՀՀՇ‑ն քաղաքական գործոն չէր այլեւս կամ, ավելի ճիշտ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցում Հայաստանի ներքաղաքական կյանքին, իսկ Վազգեն Սարգսյանից հետո ՀՀԿ‑ն կորցրել էր ազդեցության գրեթե բոլոր լծակները, եւ միակ ուժը, որ քիուեսթյան «փաթեթի» էքզիստենցիալ վտանգավորությանը կարող էր հակակշիռ ստեղծել, Դաշնակցությունն էր: ՀՅԴ‑ն, դժբախտաբար, այդ առաքելությունից խուսափել կամ, առնվազն, հաջողությամբ խուսանավել է օրվա նպատակահարմարության եւ պատմա-քաղաքական վճռականության միջակայքում:
Վահրամ Աթանեսյան
Շարունակելի
