Դա վկայում է, որ ՀՅԴ‑ն այդ հարցում խորհրդապահական կարգի տեղեկություն չի ունեցել ոչ միայն գործընթացի ուղղակի «կառավարիչ» Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից, այլեւ՝ Ռուսաստանից եւ Իրանից, որ ղարաբաղյան կարգավորման այդ տարբերակին դեմ էին ի սկզբանե:
Վահրամ Աթանեսյան
Մաս 11
Նոր (ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան) տարբերակը իր մեջ պարունակում է ազգային շահերի տեսանկյունից անընդունելի տարրեր»,- կարդում ենք ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականի հավելվածում», ինչին հետեւում է հարցադրում. «Արդյոք պե՞տք է հաշտվենք այդ ամենի հետ: Համաձայնելու դեպքում, արդյոք կարո՞ղ ենք երբեւէ կորցրածը վերականգնել: Միջազգային ուժերի անմիջական հովանավորությամբ եւ օրհնությամբ կայացած այսպիսի համաձայնությամբ ինչքանո՞վ են բացառվում Ղարաբաղի ու ՀՀ‑ի ամբողջականության ու լինելիության ուղղված հետագա վտանգները»:
«Ազգային շահերի տեսանկյունից անընդունելի տարրեր» ասելով, ամենայն հավանականությամբ, Դաշնակցության Բյուրոն նկատի է ունեցել, որ ղարաբաղյան կարգավորման նաեւ քիուեսթյան «փաթեթն» է ենթադրում Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձն Ադրբեջանին: Ավելին, Դաշնակցության կողմից եռանդուն մերժված՝ կարգավորման «փուլային» տարբերակի համեմատ տարածքային հարցում նոր առաջարկությունը նույնիսկ ավելի զիջողական էր, որովհետեւ նախկինում Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի ամբողջական շրջանը թողնվում էին հայկական վերահսկողության ներքո: Քիուեսթի «փաթեթով», մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս տարածքը Լաչինի միջանցքով «հանձնվում էր» Հայաստանին:
Ակնհայտ է, որ Դաշնակցության Բյուրոյի համար, մեղմ ասած, խիստ խնդրահարույց պիտի լիներ կուսակցության մարմիններին եւ, մանավանդ, շարքերին հիմնավոր բացատրություն տալ, թե իրականում ո՞րն է ի համեմատ նախորդների՝ նոր տարբերակի «աչքառու առավելությունը»:
Այս հանրային-քաղաքական, կարելի է ասել՝ Դաշնակցության համար չափազանց վտանգավոր, մարտահրավերի դիմաց ՀՅԴ Բյուրոն, ինչպես տեսնում ենք, որդեգրել է «ճարտասանական կեցվածք» եւ հնչեցրել հարցադրումներ, որոնք իրական բանակցային գործընթացում չէին կարող ունենալ առարկայական, անգամ հիպոթետիկ որեւէ պատասխան:
Արտառոց եւ քաղաքական առումով բացարձակապես անտրամաբանական է, երբ Բյուրոն հարցում է անում, թե արդյոք հնարավո՞ր է քիուեսթյան «փաթեթով» Ադրբեջանին վերադարձվող տարածքների նկատմամբ վերստին հայկական վերահսկողություն հաստատել: Բայց եթե սա գնահատենք Դաշնակցության «խոր ազգային բնույթի» կանխավարկածով եւ փորձենք հասկանալ Բյուրոյի ներկայացուցչի եւ անդամների «զգացմունքայնությունը», ապա հաջորդ պնդումը, թե համաձայնությունը կայանում է միջազգային ուժերի «հովանավորությամբ ու օրհնությամբ», արդեն ոչ մի քննություն չի բռնում:
Դաշնակցությունը, կարելի է վստահաբար ասել, կամ «ինքնասփոփվել է», երբ քիուեսթյան «փաթեթը» գնահատել է որպես միջազգային ուժերի «հովանավորությամբ ու օրհնությամբ մշակված հայեցակարգային լուծում», կամ պարզապես նույնիսկ Հայաստան-Ադրբեջան այդ փուլի քաղաքական օրակարգին չի տիրապետել:
Ընդ որում, դա վկայում է, որ ՀՅԴ‑ն այդ հարցում խորհրդապահական կարգի տեղեկություն չի ունեցել ոչ միայն գործընթացի ուղղակի «կառավարիչ» Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից, այլեւ՝ Ռուսաստանից եւ Իրանից, որ ղարաբաղյան կարգավորման այդ տարբերակին դեմ էին ի սկզբանե:
Բացառված չէ, իհարկե, երրորդ տարբերակը, որ Դաշնակցությունը «քաջ իրազեկված էր քիուեսթյան բանակցությունների ձախողումից, բայց այդ մասին անգամ իր մարմիններին ծանուցում չի արել»: Սա միայն ենթադրություն է, որի հավանականությունն անցանկալի է անգամ քառորդ դար հետո:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
