Ոչ ֆորմալ միջավայրում ձևավորված վստահությունը երբեմն ավելի ազդեցիկ է, քան խիստ արձանագրային հանդիպումները։ Վենսի անմիջական աջակցությամբ ստորագրվեցին հայ-ամերիկյան համագործակցության մի շարք արձանագրություններ, և պատահական չէ, որ հենց նա է այսօր այցելում տարածաշրջան։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նոր փուլը, մասնավորապես՝ ԱՄՆ փոխնախագահի սպասվող այցը և տեխնոլոգիական ու էներգետիկ ոլորտներում ստորագրվելիք պայմանագրերը։ Անդրադարձ է կատարվում Միացյալ Նահանգներում ձևավորված նոր հայկական լոբբիստական խմբի բարձր արդյունավետությանը, որը նպաստում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Միջին միջանցքի անվտանգությանը և տնտեսական այն մեծ օգուտներին, որոնք Հայաստանը կարող է ստանալ արևմտյան ներդրումների շնորհիվ։
Հովսեփ Խուրշուդյանը՝ «անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի տարածաշրջանային այցին, նշեց, որ խոսքը ռազմավարական շարունակական գործընթացի մասին է, որը մեկնարկել է դեռ նախորդ տարի և այժմ մտնում է գործնական փուլ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը այլևս հռետորաբանություն չէ, այլ երկարաժամկետ՝ մինչև մեկ դար ընդգրկող ծրագրային օրակարգ։
Խուրշուդյանը պարզաբանեց, որ Ադրբեջան-ԱՄՆ ռազմական համագործակցության շրջանակում խոսքը չի վերաբերում խոշոր ռազմանավերին, այլ առավելապես մոտորանավակներին ու տեխնիկական միջոցներին, որոնք ուղղված են Կասպից ծովում անվտանգությանը։ Նա ընդգծեց, որ հայտարարված ձևաչափով այդ համագործակցությունը ուղղված չէ Հայաստանի դեմ, այլ հիմնականում վերաբերում է Ռուսաստանի և Իրանի կողմից հնարավոր ռիսկերին, ինչպես նաև «միջին միջանցքի» անվտանգությանը։
Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում ձևավորվել է նոր հայկական լոբբիստական խումբ, որը, ի տարբերություն նախկին կառույցների, ավելի արդյունավետ է գործում և զբաղվում է Հայաստանի պետական և ազգային շահերի պաշտպանությամբ։ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ հենց այդ խմբի ջանքերով կայացավ Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դեյվիդ Վենսի առաջին ոչ ֆորմալ շփումը, որը հետագայում վերածվեց կոնկրետ քաղաքական արդյունքների։
Խուրշուդյանը կարևորեց անձնական շփումների դերը միջազգային քաղաքականության մեջ՝ նշելով, որ ոչ ֆորմալ միջավայրում ձևավորված վստահությունը երբեմն ավելի ազդեցիկ է, քան խիստ արձանագրային հանդիպումները։ Նրա խոսքով՝ Վենսի անմիջական աջակցությամբ ստորագրվեցին հայ-ամերիկյան համագործակցության մի շարք արձանագրություններ, և պատահական չէ, որ հենց նա է այսօր այցելում տարածաշրջան։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գաղափարը ԱՄՆ քաղաքական օրակարգ է մտել հենց հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նա կարծում է, որ այդ գաղափարը հաջողությամբ ներկայացվել է նաև Դոնալդ Թրամփի համար՝ հաշվի առնելով վերջինիս արտաքին քաղաքական հավակնությունները։
Խուրշուդյանը շեշտեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունից Հայաստանը ստանալու է կոնկրետ տնտեսական և տեխնոլոգիական շահեր՝ կիսահաղորդիչների, բարձր տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտներում։ Նրա խոսքով՝ խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է, որոնք կիրականացվեն միջազգային կոնսորցիումների միջոցով, և Հայաստանը, առանցնխոշոր ֆինանսական ներդրումների, կունենա շահույթի զգալի մասնաբաժին։ Լոգիստիկ շղթաների զարգացումը միայն տնտեսական ծրագիր չէ, այլ անվտանգության մեխանիզմ։ Խուրշուդյանի կարծիքով՝ ԱՄՆ‑ի՝ որպես համաշխարհային գերտերության, ներգրավվածությունը զգալիորեն բարձրացնում է խաղաղության գինը և նվազեցնում նոր ռազմական էսկալացիայի հավանականությունը։
Անդրադառնալով Չինաստանի հնարավոր ներդրումներին՝ Հովսեփ Խուրշուդյանը զգուշացրեց, որ չինական մոդելը հաճախ կառուցվում է մենաշնորհի ստեղծման վրա․սկզբում ֆինանսավորվում են արտադրամասերը, իսկ հետագայում որոշվում է, թե որոնք պետք է շարունակեն աշխատել, և շահույթի մեծ մասը արտահանվում է Չինաստան։ Նա նշեց, որ ի տարբերություն դրա՝ արևմտյան ֆինանսական կառույցները նման կախվածություններ չեն ստեղծում։
Խուրշուդյանը դիտարկեց, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանի լոգիստիկ ուղիների վերահսկման հարցում շարունակական է՝ անկախ վարչակազմերի փոփոխությունից։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում հենց ամերիկյան միջնորդության շնորհիվ է կանխվել Ադրբեջանի հնարավոր հարձակումը Հայաստանի դեմ։
Նա հատուկ ուշադրություն դարձրեց Ռուսաստանի վարքագծին՝ նշելով, որ ռուս գաղափարախոսների և քարոզիչների վերջին հայտարարությունները բացահայտում են իրական վերաբերմունքը Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի սուվերենության նկատմամբ։ Խուրշուդյանը կարծում է, որ այդ բացահայտ անկեղծությունը, որքան էլվտանգավոր, միևնույն ժամանակ սթափեցնող է հայ հասարակության համար։
Խոսելով ներհայաստանյան իրավիճակից՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Ռուսաստանի կողմից խրախուսվող հիբրիդային ազդեցությունները շարունակում են մնալ լուրջ խնդիր։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պարտավոր է պատասխան քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու պետական շահերը։
Խուրշուդյանը նաև մատնանշեց ԵԱՏՄ կարգավորումների միջոցով Հայաստանի բարձր տեխնոլոգիական և ռազմաարդյունաբերական ոլորտների զարգացման արհեստական խոչընդոտները՝ նշելով, որ դրանք հակասում են Հայաստանի՝ Արևմուտքի հետ խորացող համագործակցությանը։
Ամփոփելով՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ հիբրիդային վտանգների պայմաններում անհրաժեշտ է ոչ միայն խնդրի ճիշտ ձևակերպում, այլև հստակ գործողություններ։ Նրա գնահատմամբ՝ խոսքի ազատության անվան տակ ստեղծված իրավական բացերը թույլ են տալիս ներմուծել հակապետական նարատիվներ, ինչը վտանգում է Հայաստանի ժողովրդավարական ու անվտանգային հիմքերը։
