Ռուսական ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը Հայաստանը
պատկերացնում են որպես ենթակա պետություն, որը չի կարող ինքնուրույն
որոշումներ կայացնել արտաքին քաղաքական, ռազմական և տնտեսական
հարցերում։
Աղասի Թադևոսյան
1inTV‑ն զրուցել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ,ով վերլուծում է Հայաստանի ներքաղաքական դաշտի խորքային
բաժանումները նախընտրական շրջանում։ Հեղինակը հակադրում է ինքնիշխանության ամրապնդման կողմնակիցներին և ռուսամետ
ուժերին, որոնց համարում է երկրի ինքնուրույնությունը զիջողգործոններ։ Թադևոսյանը նաև համարում է, որ Հայաստանը հաջողությամբ դիվերսիֆիկացնում է իր արտաքին կապերը՝
հաստատելով ռազմավարական գործընկերություն Արևմուտքի և տեխնոլոգիական հսկաների հետ։
Աղասի Թադևոսյանն ասաց, որ ինքը գուշակություններ անել չի կարող, սակայն նշեց, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում
հիմնական բևեռացումը պայմանավորված է պետության
սուբյեկտայնության հարցով։ Նա դիտարկում է, որ մի հատված ուժերի հանդես է գալիս Ռուսաստանի ազդեցության ներքո, իսկ մյուս
հատվածը՝ Հայաստանի սուբյեկտայնության ամրապնդման և բազմավեկտոր արտաքին քաղաքականության կողմնակից է։
Թադևոսյանը կարծում է, որ 2020 թվականի պատերազմից հետո
Հայաստանը փաստացի սուբյեկտայնության կորուստ էր ապրել, և միջազգային հարթակներում շատերի համար անհավանական էր
թվում, որ երկիրը կարող է ինքնուրույն արտաքին
հարաբերություններ կառուցել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ի և Եվրամիության
աջակցությունը, մասնավորապես Ջերմուկի դեպքերից հետո, վճռորոշ դեր է ունեցել Հայաստանի պետականության պահպանման գործում։
Աղասի Թադևոսյանը նշեց, որ «ռուսամետ» եզրույթը հաճախ սխալ է
ընկալվում, քանի որ խոսքը ոչ թե հակառուսականության, այլ
բալանսավորված քաղաքականության մասին է, որտեղ Ռուսաստանը
դիտարկվում է որպես գործընկեր, սակայն ոչ միակ որոշող ուժ։ Նա
ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության և զարգացման
տեսանկյունից կարևոր է համագործակցությունը նաև ԱՄՆ‑ի,
Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի և գլոբալ տեխնոլոգիական
կենտրոնների հետ։
Մարդաբանը դիտարկում է, որ ռուսական ազդեցության տակ գտնվող
քաղաքական ուժերը Հայաստանը պատկերացնում են որպես ենթակա
պետություն, որը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել
արտաքին քաղաքական, ռազմական և տնտեսական հարցերում։ Նրա
խոսքով՝ նման մոտեցումը ենթադրում է, որ երկրի ռազմավարական
ընտրությունները պետք է պայմանավորված լինեն ոչ թե ազգային
շահերով, այլ Ռուսաստանի առաջնահերթություններով։ Այդ
մտածողության կրողները հիմնականում ձևավորվել են ռուսական
քաղաքական և տնտեսական համակարգում և չեն կարող դուրս գալ
այդ տրամաբանությունից, քանի որ իրենց ամբողջ սոցիալական ու
նյութական դիրքը կախված է այդ համակարգից։ Նա նշեց, որ
Ռուսաստանում քաղաքական կամ տնտեսական վերնախավին
հակառակ քայլ անողները կարող են մի ակնթարթում զրկվել իրենց
դիրքերից և ունեցվածքից։
Ազգագրագետը ընդգծեց, որ հասարակության մեջ հատկապես 2020
թվականի պատերազմից և 2022 թվականին Հայաստանի վրա
Ադրբեջանի հարձակումներից հետո նկատելի է Ռուսաստանի
նկատմամբ վստահության անկում։ Նրա կարծիքով՝ մարդիկ
հասկացել են, որ քաղաքականության մեջ «բարեկամություն»
հասկացություն գոյություն չունի, և գործում են միայն շահերը, իսկ Ռուսաստանի շահերը ներկայում չեն համընկնում Հայաստանի
շահերի հետ։
Հասարակության լայն շերտեր, այդ թվում գյուղերում և մարզերում
ապրող մարդիկ, սթափ են գնահատում իրավիճակը և հասկանում են,
որ անվտանգությունն ու զարգացումը հնարավոր չեն մեկ կենտրոնից
ամբողջությամբ կախված լինելու պայմաններում։ Նա դա
համեմատեց տնտեսական տրամաբանության հետ՝ նշելով, որ ողջ
ռեսուրսը մեկտեղում պահելը վտանգավոր է։
Թադևոսյանը դիտարկում է, որ Հայաստանի և ԱՄՆ‑ի
համագործակցության նոր ձևաչափերը աննախադեպ են և կարևոր
քայլ են երկրի սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ։ Նրա
խոսքով՝ այդ գործընթացները փորձում են արժեզրկել ընդդիմադիր
ուժերը քարոզչական նպատակներով, սակայն իրականում դրանք
լուրջ ռազմավարական ձեռքբերումներ են։
Մշակութային մարդաբանը նշեց, որ ռուսական գաղափարախոսական
դաշտից եկող հիբրիդային և տեղեկատվական գրոհների նպատակը
վախի մթնոլորտ ստեղծելն է և հասարակությանը համոզելը, թե
առանց Ռուսաստանի Հայաստանը գոյություն ունենալ չի կարող։ Նա
կարծում է, որ այդ քարոզչությանը դիմակայելու համար կարևոր է
Եվրամիության և արևմտյան կառույցների աջակցությունը
տեղեկատվական անվտանգության ոլորտում։
Աղասի Թադևոսյանը եզրափակեց, որ Հայաստանը կանգնած է
ճակատագրական ընտրության առաջ՝ մնալ որպես կախյալ,
ռեսուրսները կորցնող և վերահսկվող պետություն, թե դառնալ
ինքնուրույն սուբյեկտ, որը ինտեգրված է համաշխարհային քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներին։ Նրա
գնահատմամբ՝ հասարակությունը հասունանում է այդ ընտրությունը սթափ և գիտակցված կատարելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
https://www.youtube.com/watch?v=bFZwY0i0XBA
