Ոչ ոք պատասխանատու չէ նաեւ նրա համար, որ «տղերքը» Արայիկ Հարությունյանի «կաբինետում» պաշտոն չեն ստացել: Իրենք էլ քաջ գիտեն, որ այդ «կաբինետն» ամենեւին էլ Արայիկ Հարությունյանը չի ձեւավորել: Սկզբունքային պաշտոններում նշանակվել են նրա նախորդների մարդիկ:
Վահրամ Աթանեսյան
Ոչ ոք պատասխանատու չէ, որ ստեփանակերտցի «ալքիմիկոս քաղաքագետները» 2018թ. մայիս-հունիս ամիսներին Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ կուսակցության կողմից, շատ մեղմ ասած, չեն նկատվել: Իրենց սիրելի ռուսները նման դեպքում ասում են. «Քո անկման համար ես մեղավոր չեմ»: Ոչ ոք պատասխանատու չէ նաեւ նրա համար, որ «տղերքը» Արայիկ Հարությունյանի «կաբինետում» պաշտոն չեն ստացել: Իրենք էլ քաջ գիտեն, որ այդ «կաբինետն» ամենեւին էլ Արայիկ Հարությունյանը չի ձեւավորել: Սկզբունքային պաշտոններում նշանակվել են նրա նախորդների մարդիկ:
Ոչ ոք պատասխանատու չէ, որ նրանք քառասունչորսօրյա պատերազմից հետո կամ տեղափոխվել են Երեւան, կամ պաշտոն են ստացել, բայց «չեն ձգել»: Ինչ վերաբերում է ԼՂ-ին տրամադրվող «միջպետական վարկին», ապա «տղերքի քաղաքական դեմք դառնալուց» տասնամյակ առաջ ԼՂՀ ԱԺ «կոնյունկտուրային»(իրադրություն, իրավիճակ) գործիչները կառավարությանը եւ Հայաստանի խորհրդարանին առաջարկել են հետեւյալ տարբերակը. սահմանել առավելագույն գումարի չափ, նշվել է հարյուր միլիարդ դրամը, մշակել տնտեսական «զարթոնքի ծրագիր», ապա տարեց-տարի կրճատել վարկի չափը՝ ԼՂ ներքին եկամուտների ծավալի աճին համեմատ:
Դրվել է Լեռնային Ղարաբաղում տնտեսական ինքնաբավության հասնելու եւ Հայաստանից կախվածությունը հաղթահարելու գերխնդիր: Ոչ ոք, այդ թվում նշված ծրագիրն առաջարկած տնտեսագետները եւ այն Հայաստանի ԱԺ-ին ներկայացրած քաղաքական գործիչները մեղավոր չեն, որ պաշտոնական Երեւանից մերժում են ստացել: «Կոնյունկտուրային գործիչների» եւ «ալքիմիկոս քաղաքագետների» տարբերությունն այն է, որ առաջինները գերկարեւոր էին համարում բուն ԼՂ-ում տնտեսական ինքնաբավության խնդրի լուծումը, իսկ «տղերքը» պայքարում էին միջազգայնորեն միանշանակ ադրբեջանական եւ վերադարձման ենթակա ճանաչված տարածքներում «լայնածավալ վերաբնակեցում իրականացնել»: Թեեւ բոլորի համար պարզ էր, որ նախկին ԼՂԻՄ‑ի եւ ենթադրյալ Լաչինի միջանցքի տարածքից դուրս բոլոր տեսակի ներդրումները կորած են, քանի որ արվում են Ադրբեջանի համար:
Գուցե դրա համա՞ր էին Հայաստանից տրվող «միջպետական վարկի» ծավալները հետեւողականորեն աճում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բյուջետային միջոցներն առավելագույն չափով մսխվել են «ազատագրված շրջաններում վերաբնակեցման ծրագրերի» անվան տակ:
Վահրամ Աթանեսյան
