Կուսակցությունը, որքանով հասկացվում է «Շրջաբերականի» հետագա արձանագրումներից, մարմիններին իրազեկում է, որ ինքն այլեւս նախկին, բացառապես «հեղափոխական կուսակցությունը» չէ, այլ մաս է կազմում Հայաստանի քաղաքական եւ պետական համակարգին, ուստի «չի կարող մնալ նախընթաց շրջանի դիրքորոշման» վրա:
Վահրամ Աթանեսյան
Մաս 13
Գնահատելով Ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «փաթեթի» վերաբերյալ քաղաքական դիրքորոշումները, Դաշնակցությունը 2001թ. ապրիլի 16-ին եզրակացրել է. «Առկա են ուժեր, որոնք թեպետ բացեիբաց չեն հայտնում իրենց ընդվզումն ու բողոքն այս ամենի (նկատի է առնված, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների Ադրբեջանին հանձնումը, նրան Մեղրիի հատվածում Նախիջեւանի հետ անխոչընդոտ եւ մասնավոր ճանապարհի տրամադրումը, փոխադարձության սկզբունքի անորոշությունը, Թուրքիայի տարածքով Հայաստանը Սեւ ծովին կապելու հարցի անտեսումը եւ այլն) նկատմամբ, սակայն վաղը հայտնվելու են լուրջ անբարենպաստ պայմաններում»:
Պատմական այդ փուլում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆորմալ առումով անկուսակցական էր: Հայտնի է նախագահի պաշտոնի համար մրցապայքարի նրա կարգախոսը. «Իմ կուսակցությունը ժողովուրդն է»: Քիուեսթից շուրջ երկու տարի առաջ խորհրդարանական ընտրություններում հարաբերական հաղթանակ էր տարել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան «Միասնություն» դաշինքը, որ կազմել էին Հանրապետական եւ Ժողովրդական կուսակցությունները:
Հոկտեմբերի 27 –ից հետո երկու կուսակցություններն էլ գլխատված էին: Քիուեսթի բանակցություններից մոտ մեկ տարի առաջ «Միասնություն» դաշինքը ծանր հարված էր ստացել. Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ էր արել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը զրկվել էր ոչ միայն պաշտոնից, այլեւ՝ գեներալի զինվորական կոչումից: Վարչապետի պաշտոնում նշանակվել էր Անդրանիկ Մարգարյանը: Նա, ճիշտ է, հանդես էր գալիս որպես Վազգեն Սարգսյանի գաղափարական հետեւորդ, բայց խարիզմայով չէր կարող նրան փոխարինել:
Ու՞մ նկատի ուներ Դաշնակցությունը, երբ արձանագրում էր, որ քիուեսթյան «փաթեթի» դեմ բացահայտ ընդվզելու քաջություն չունեցող ուժեր կան, եւ նրանք վաղը հայտնվելու են լուրջ անբարենպաստ պայմաններում: Այդ փուլում խորհրդարանական բավական ազդեցիկ ուժ էր նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի շուրջ ձեւավորված խմբակցությունը: Տպավորություն է, որ մինչ «Շրջաբերականի» ընդունումը ՀՅԴ ղեկավար մարմինները փորձել են քաղաքական այլ ուժերի հետ ինչ-որ «պլատֆորմ մշակել», բայց հաջողություն չեն ունեցել:
Վերոմեջբերյալը, կարծես, այդ մասին է անուղղակի ակնարկում եւ ընդգծում, որ, ի տարբերություն այլ ուժերի, Դաշնակցությունը քիուեսթյան «փաթեթի» ենթադրյալ իրականացման համար «իր բաժին պատասխանատվությունը ստանձնում է»՝ չնայած որ «լրջագույն վերապահումներ ունի»: Այդ փաստաթուղթն, ըստ էության, ՀՅԴ քաղաքական պատմության մեջ կարելի է համարել «շրջադարձային»:
Կուսակցությունը, որքանով հասկացվում է «Շրջաբերականի» հետագա արձանագրումներից, մարմիններին իրազեկում է, որ ինքն այլեւս նախկին, բացառապես «հեղափոխական կուսակցությունը» չէ, այլ մաս է կազմում Հայաստանի քաղաքական եւ պետական համակարգին, ուստի «չի կարող մնալ նախընթաց շրջանի դիրքորոշման» վրա: Որքանո՞վ է անկեղծ եւ, մանավանդ, հիմնավոր, մարմինների եւ շարքերի համար համոզիչ այդ մեկնաբանությունը, չափազանց բարդ է ասել:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
