Ընդդիմության հիմնական ուղերձը մեկն է՝ «թող Ամերիկան չգա, թող լինի Ռուսաստանը», առանց մտածելու, թե դրանից հետո ինչ կլինի Հայաստանի հետ։
Լիլիթ Դալաքյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը զրուցել է քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների և ԱՄՆ‑ի հետ հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Քննարկման առանցքում են Ռուսաստանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում և Կրեմլի փորձերը՝ պահպանելու վերահսկողությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Քաղաքագետն անդրադառնում է նաև ներքաղաքական ընդդիմության գործունեությանը, որը, ըստ նրա, հաճախ սպասարկում է ռուսական շահերը՝ խոչընդոտելով արևմտյան ինտեգրմանը։
Քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը նշեց, որ չի կարող պատասխանել, թե տարբեր շրջանակների համար որտեղ է ճշմարտությունը, սակայն կարող է ներկայացնել իր սեփական տեսակետը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները աշխարհի գերհզոր պետությունն է, և այսօր որևէ երկիր իրականում չի կարող հակադրվել ԱՄՆ շահերին։ Դալաքյանը դիտարկում է, որ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ դեպքերում լռում է, երբ ակնհայտորեն ոտնահարվում են Ռուսաստանի շահերը՝ լինի դա ստվերային նավատորմի, Իրանի, Վենեսուելայի կամ Հարավային Կովկասում ԱՄՆ վարչակազմի գործողությունների համատեքստում։Եթե նույնիսկ Ռուսաստանն այսօր չի հակադրվում այդ գործընթացներին, ապա տարօրինակ է Հայաստանում որոշ շրջանակների դիրքորոշումը, որոնք հայտարարում են, թե Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է այցելեն Հայաստան։ Դալաքյանի կարծիքով հարցը պարզ է․Հայաստանը կանգնած է ապաշրջափակման առաջ, և մինչ օրս իրականում գոյություն է ունեցել միայնմեկ ծրագիր՝ 2020 թվականի նոյեմբերի 9‑ի հայտարարության 9‑րդ կետը, որով Հայաստանը միջանցք էր տրամադրում։ Նա հիշեցրեց, որ այդփաստաթղթում հռչակվում էր Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, սակայն փաստացի այդ կետերը իրավական պարտավորություններ չէին ստեղծում։
Լիլիթ Դալաքյանը նշեց, որ անիմաստ հայտարարությունների փոխարեն պետք է բարձրացնել իրական, բովանդակային հարցեր։ Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե երբ է ստորագրվելու Հայաստանի և ԱՄՆ‑ի միջև միջազգային պայմանագիր, որը կստեղծի երկկողմ պարտավորություններ։ Նա հարցադրեց՝ երբ են իրականում կատարվելու խոստացված ներդրումները, արդյոք Ադրբեջանը վերջնականապես հրաժարվել է անխոչընդոտ ճանապարհի պահանջներից, և ինչ նպատակ էին հետապնդում Մեղրիի երկաթուղու վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները։
Քաղաքագետը նաև նշեց, որ ներկայումս քննարկվում է ճանապարհների կառավարման կոնցեսիոն տարբերակը, սակայն պայմանները դեռևս հստակ չեն․ խոսվում է 49 տարվա, 70/20 տոկոսային հարաբերակցության մասին, բայց ամեն ինչ դեռ բանակցելի է։ Նրա գնահատմամբ՝ խնդիրներն ու հարցերը շատ են, սակայն ընդդիմությունը դրանք չի բարձրացնում։ Ըստ Դալաքյանի՝ ընդդիմության հիմնական ուղերձը մեկն է՝ «թող Ամերիկան չգա, թող լինի Ռուսաստանը», առանց մտածելու, թե դրանից հետո ինչ կլինի Հայաստանի հետ։
Դալաքյանը կարծում է, որ այդ մոտեցմանհետևանքը կարող է լինել այն, որ Ալիևն ուպԷրդողանը, օգտվելով Ռուսաստանի թուլացումից Ուկրաինայի պատերազմի ֆոնին, կրկին ագրեսիա ցուցաբերեն Հայաստանի նկատմամբ, ինչպես եղավ Արցախում և Ջերմուկի դեպքերի ժամանակ։ Նա նշեց, որ այդ դեպքում Հայաստանը չի ունենա հստակ կողմնորոշում, իսկ Ռուսաստանը կարող է կրկին հղում անել սահմանազատման բացակայությանը՝ խուսափելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրներից։ Քաղաքագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի ղեկավարն արդեն բազմիցս հայտարարել է, որ եթե Հայաստանը չկատարի իր պահանջները, տարածաշրջանային ճանապարհները կանցնեն ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանով։
Լիլիթ Դալաքյանը ընդգծեց, որ Հայաստանին այսօր լուրջ աշխատանքի հնարավորություն է տրված ամերիկյան կողմի հետ, և այդ հնարավորությունը չողջունելն ու շարունակաբար միայն Ռուսաստանի վրա հույս դնելը վտանգավոր է։ Նրա խոսքով՝ խոսքը գնում է մի Ռուսաստանի մասին, որը չի կարողանում պաշտպանել իր շահերը ոչ Իրանում, ոչ Վենեսուելայում, ոչ Սիրիայում, և նույնիսկ Ուկրաինայում։
Քաղաքագետը նաև անդրադարձավ «հավելյալ երաշխավորի» գաղափարին՝ նշելով, որ որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել Ռուսաստանին որպես այդ երաշխավորը, մինչդեռ լոգիստիկ ճանապարհների, այդ թվում Միջին միջանցքի գաղափարն ի սկզբանե ձևավորվել է հենց Ռուսաստանին շրջանցելու նպատակով։ Դալաքյանի գնահատմամբ՝ այդ ճանապարհները բացվում են, քանի որ Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի տարածքով անցնող երթուղիները այլևս անվտանգ չեն։
Նա նշեց, որ որոշ ներքաղաքական ուժերի նկատմամբ իշխանությունների վարքագիծը ևս տարօրինակ է թվում։ Դալաքյանը հիշեցրեց իր նախկին կասկածները՝ կապված Սամվել Կարապետյանի և նրա շրջապատի նկատմամբ վերաբերմունքի հետ՝ նշելով, որ այդ գործերը հաճախ ոչ թե սահմանափակում, այլ լրացուցիչ հանրային ուշադրություն են ստեղծում այդ ուժերի համար։ Նրա խոսքով՝ եթե իշխանության պայքարն իսկապես նրանց դեմ է, ապա տրամաբանական չէ նրանց այսպիսի լրացուցիչ կշիռ տալը։
Լիլիթ Դալաքյանը ընդգծեց, որ Հայաստանում իշխանությունը չի փոխանցվում ժառանգաբար, ինչպես Ռուսաստանում կամ Ադրբեջանում, և իշխանության փոփոխությունը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով։ Նա նշեց, որ իրեն իրավունք է վերապահում բարձրաձայնելու իր տեսակետը, նույնիսկ եթե հասարակության լայն շերտերը դեռ չեն կիսում այն։
Անդրադառնալով Մոլդովայի թեմային՝ քաղաքագետը նշեց, որ Մայա Սանդուն լեգիտիմ նախագահ է, քանի որ երկրում զանգվածային բողոքներ չեն եղել, իսկ Մոլդովան ժողովրդավարական երկիր է՝ ի տարբերություն Ռուսաստանի։ Նրա խոսքով՝ եթե ընտրակեղծիքներ լինեին, հազարավոր մարդիկ դուրս կգային փողոցներ։ Դալաքյանը հավելեց, որ Ռուսաստանը մեծ գումարներ է ծախսել Մոլդովայում, սակայն չի կարողացել իրականացնել իր նպատակները։
Դալաքյանը դիտարկում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խաղալ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ‑ի հետ, ինչը նյարդայնացնում է ռուսամետ ուժերին Հայաստանում։ Փաշինյանը դեռ չի հեռացրել ռուսական ռազմաբազան և չի խոսել նոյեմբերի 9‑ի փաստաթղթից դուրս գալու մասին, սակայն զգուշորեն փորձում է հասկանալ ԱՄՆ‑ի և Եվրամիության դիրքորոշումները։ Այդ պատճառով, ըստ Դալաքյանի, Ռուսաստանը փորձում է նրան պահել վերահսկողության տակ։
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում ակնհայտ է լուրջ, բովանդակային քննադատության բացակայությունը։ Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ կրկին բերվում է պարզունակ սև-սպիտակ հակադրությունների՝ «թուրքը», «ռուսը», «ամերիկացին», առանցխորքային հարցադրումների, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս։
Լիլիթ Դալաքյանը կարծում է, որ Ռուսաստանը նպատակ չունի անմիջապես փոխել Նիկոլ Փաշինյանին, այլ ձգտում է խորհրդարանում ունենալ այնպիսի ներկայություն, որը թույլ կտա ազդել նրա վրա։ Նա ընդգծեց, որ Հայաստանը տնտեսապես մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, և դրա համար էլ Մոսկվային պարտադիր չէ գտնել առանձին գործիչներ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Դալաքյանը նշեց, որ Իրանի շուրջ գործընթացները դեռ երկար կշարունակվեն։ Դոնալդ Թրամփը մի կողմից ցույց է տալիս ուժ կիրառելու պատրաստակամություն, մյուս կողմից փորձում է ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա՝ բանակցությունների գնալու համար։ Սակայն Իրանի հոգևոր առաջնորդը, ըստ նրա, հասկանում է, որ լայնամասշտաբ հարվածը կարող է լուրջ ապակայունացման բերել ամբողջ տարածաշրջանում։
Լիլիթ Դալաքյանը կարևորեց այն, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը տեղափոխվի իրավապայմանագրային և ինստիտուցիոնալ հարթություն, այլ ոչ թե հիմնվի միայն անձնական հարաբերությունների վրա։ Նա օրինակ բերեց Ուկրաինայի փորձը՝ ընդգծելով, որ ցանկացած երաշխիք պետք է հաստատվի նաև ԱՄՆ Սենատում, քանի որ նախագահները հավերժ չեն։
Քաղաքագետը նաև անդրադարձավ էներգետիկ ոլորտին՝ նշելով, որ Հայաստանի համար կարևոր է թուլացնել կախվածությունը Ռուսաստանից և հնարավորինս տարբեր աղբյուրներից ստանալ էներգակիրներ։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացներում պետք է լինի հստակ կենտրոն, որը մշտապես կվերահսկի իրավիճակը, որպեսզի Ադրբեջանը միակողմանի որոշումներով չփակի սահմանները կամ չդադարեցնի մատակարարումները։ Դալաքյանի համոզմամբ՝ այսօր այդպիսի կենտրոն կարող է լինել միայն Միացյալ Նահանգները։
Վերջում Լիլիթ Դալաքյանը նշեց, որ աշխարհը գտնվում է չափազանց արագ փոփոխվող իրավիճակում, որտեղ նույնիսկ մեկ ժամում կարող են տեղի ունենալ կտրուկ փոփոխություններ։ Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը հնարավորինս շատ դերակատարներով իր անվտանգությունն ու ապագան երաշխավորելն է՝ հասկանալով, որ որևէ տարբերակ 100 տոկոսանոց ապահովություն չի տալիս, բայց քայլերը պետք է արվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
